Գյուղնախարարը` ֆիլոքսերայի, խոզերի ժանտախտի և օդերևութաբանների կանխատեսումների մասին
«Եվ ձեզ հավաստիացնում եմ, որ ֆիլոքսերա Խաթունարխի, Գայի շրջակայքերում գոյություն չունի: Համենայն դեպս, մեր մասնագետները եվրոպական մասնագետների հետ միասին անցկացրել են մոնիտորինգ, որում ֆիլոսքերա հայտնաբերված չէ»,- այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:
Լրագրողներից մեկը նշեց, որ ֆիլոքսերա միջատն արդեն տարածվել է Էջմիածնի Գայ գյուղի շրջակա գյուղերում, և Երևանի կոնյակի գործարանի տնօրենն ու ֆրանսիացի մասնագետներն են ասել, որ Գայ գյուղի մետ 3 հա այգիներում հիվանդությունը վնասել է խաղողի այգիներին:
Գյուղատնտեսության նախարարը արձագանքեց, որ ինքը պաշտոնական տվյալներ է ներկայացնում: «Եթե կլինի զարգացում, բնականաբար դրա մասին մենք կխոսենք, բնականաբար դրա մասին կառավարությունում կզեկուցվի, և համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք, ինչպես ձեռնարկեցինք այդ 3 հա-ի դեպքում»,- ասաց նախարարը: Նա համաձայնեց, որ «Տավուշում շատ վաղուց կա ֆիլոքսերա»:
Անդրադառնալով վերջերս Տավուշի մարզում բռնկված խոզերի ժանտախտին` Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ մարզի 5 համայնքում մոտ 174 գլուխ խոզի անկում է եղել, որից մի մասը հարկադիր սպանդի է ենթարկվել ու թաղվել:
«Դա, մասնագետների պնդմամբ, 2007 թ. հանրապետության այդ նույն մարզերում բռնկված ժանտախտի հետևանքներն է. խոր անտառներում այդ թաղումը լավ չկատարվեց, և դրանից մնացած վիրուսային հետևանքներն են: Այդ շրջաններում խոզերի հիմնական մասը արածեցնում են անտառներում, և այդ խնդիրը առաջացավ: Այժմ կառավարությունում վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է խումբ` իմ գլխավորությամբ, բոլոր շահագրգիռ կողմերի` և Բնապահպանության, և Առողջապահության նախարարության մասնակիցներով: Այդ հանձնախումբը աշխատում է: Այսօր մենք մտահոգվելու խիստ կարիք չունենք: Բոլոր հնարավոր միջոցառումները ձեռնարկվում են Գյուղնախարարության կողմից, որպեսզի համաճարակը չտարածվի, և մասսայական բռնկումներ չունենանք»,- ասաց Գերասիմ Ալավերդյանը:
Նա նաև անդրադարձավ օդերևութաբանների այն կանխատեսումներին, որ առաջիկա օրերին սպասվում են ջերմաստիճանի 8-14 աստիճան նվազում և տեղումներ` որոշ շրջաններում նաև ձյան տեսքով:
«Ես ուզում եմ, որ մեր ֆերմերային տնտեսությունները, մեր գյուղացիները նաև ջերմոցների, այգիների որոշակի կազմակերպչական աշխատանքներ կատարեն, որ եթե լինեն խիստ ցրտահարումներ, գոնե վնասը հասցնենք նվազագույնի»,- ասաց Գերասիմ Ալավերդյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել