HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Նախընտրական շոուները սկսված են

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք այնքան անբովանդակ ելույթ չէր ունեցել, ինչպես սեպտեմբերի 9-ին կայացած Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ: Միակ որոշակի միտքը, որ հնչեց նրա կողմից, այն էր, որ Կոնգրեսը սկսում է հանրահավաքների շարք եւ որ հաջորդ անգամ Ազատության հրապարակում հավաքվելու են սեպտեմբերի 23-ին: Այսինքն՝ միակ բանը, որ կոնկրետ անում է այսօր Կոնգրեսը, հանրահավաքների անցկացումն ավելի հաճախակի դարձնելն է: 

Փաստացի ոչ ՀԱԿ-ը եւ ոչ էլ Տեր-Պետրոսյանն այսօր արտահերթ ընտրությունների համատեքստում հանրությանն ասելու բան այլեւս չունեն, ասելիքը սպառվել է գրեթե ամբողջությամբ: Եվ, ըստ էության, Կոնգրեսը թեւակոխել է մի շրջափուլ, երբ էականը ոչ այնքան արդյունքներն են դարձել, որքան իրենց հնարավորությունների, ներուժի եւ հանրային վստահության մակարդակի չափումը:

Վերջին շրջանի անհետեւողական եւ հակասական քայլերի ու հայտարարությունների արդյունքում այսօր Կոնգրեսը հայտնվել է բանկրոտի նախաշեմին եւ փաստացի այլընտրանք չունի, քան գրեթե բացահայտորեն խոստովանելը, որ իրենց հիմնական նպատակակետը ոչ թե արտահերթ ընտրություններն են, այլ 2012 թ. գարնանը կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունները: Այս հարցում ՀԱԿ-ը չի կարող հույսը կապել նաեւ միջազգային հանրության աջակցության հետ: Վերջինս արդեն շաբաթներ շարունակ հասկացնում է, որ հերթական ընտրություններն այլընտրանք չունեն, եւ Կոնգրեսը եւս պետք է համակերպվի այդ հեռանկարի հետ:

Դրա ակնհայտ դրսեւորումներն էին նախ Վիքիլիկսի վերջին բացահայտումները Կոնգրեսի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գաղտնի շփումների, տերպետրոսյանական իրական նկրտումների վերաբերյալ, ինչպես նաեւ ԵԽԽՎ` Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնաժողովի կազմած բանաձեւի նախագիծը, որով ոչ միայն փակված է հայտարարվում մարտի 1-ի էջը, այլեւ ողջունվում է բանաձեւ մշակելու պահին արդեն գոյություն չունեցող քաղաքական երկխոսությունը Կոնգրեսի եւ իշխանության միջեւ: Հավելյալ ազդակներ էին նաեւ օգոստոսի 9-ի միջադեպի հետ կապված՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորումը եւ խափանման միջոցը չփոխելու հարցում իշխանության դրսեւորած համառությունն ու այդ հանգամանքը չնկատելու տալու՝ միջազգային կառույցների անթաքույց պահվածքը: Ըստ էության, ՀԱԿ-ն այսօր իր ամբիցիաների հետ միասին մնացել է մեն-մենակ:

Դրանով էր պայմանավորված Տեր-Պետրոսյանի այն նեղսրտած հայտարարությունը, թե` «եթե մնացյալ մտահոգ քաղաքական ուժերը եւս, երկրորդական խնդիրները մի կողմ թողած, առաջնորդվեին այս գիտակցությամբ, մենք վաղուց կունենայինք բոլորովին այլ երկիր»:    

Որքան մոտենան գալիք հերթական ընտրությունները, ՀԱԿ-ն ստիպված է լինելու այնքան ավելի  բացել խաղաքարտերը եւ հրաժարվել արտահերթ ընտրությունները որպես լեյտմոտիվ օգտագործելու մարտավարությունից: Հակառակ պարագայում քաղաքական սնանկությունը կդառնա անխուսափելի, ինչը Կոնգրեսի պարտությունը կկանխորոշի դեռ ընտրությունները չսկսած:

Այս անցումային շրջանը, սակայն, ոչ այքան կարեւոր է ՀԱԿ-հասարակություն, որքան ներկոնգրեսական հարաբերությունների տեսանկյունից: Այս կառույցում բավարար թվով էնտուզիաստներ, ռոմանտիկներ ու պարզապես ֆանատիկոսներ կան, որոնք անկեղծորեն հավատում են, որ ՀԱԿ-ը ոչ միայն կարողանալու է իշխանությանն արտահերթ ընտրություններ պարտադրել, այլեւ որ հաղթանակն արդեն ապահովված ու գրպաններում դրված է: Այս շրջանակները լուրջ որակ են կազմում եւ, ըստ էության, հանդիսանում են Կոնգրեսի շարժիչ ուժը, էներգիայի աղբյուրը:

Ավելի իրատեսների եւ հատկապես Տեր-Պետրոսյանի համար առաջնային խնդիր է ոչ այնքան իր ընտրազանգվածին նախապատրաստել հերթական ընտրություններին, ինչը նա կարող է անել հռետորաբանության մանիպուլյատիվ մեթոդների կիրառմամբ, որքան հենց այս շրջանակներին: Հանրահավաքների ինտենսիվացման գործընթացի մեկնարկը հենց նրանց պահանջմունքների ու ակնկալիքների բավարարմանն է ուղղված: Հետագա ողջ ժամանակահատվածը եւ այդ հանրահավաքները Տեր-Պետրոսյանը, թերեւս, կօգտագործի՝ ցույց տալու, որ հանրությունը վճռական գործողությունների անցնելու մոտիվացիա չունի, այսինքն, չնայած գործադրած ջանքերին` հնարավոր չի լինում իշխանափոխության համար կրիտիկական զանգված դուրս բերել փողոց:

Բայց մյուս կողմից՝ այդ հանրահավաքները հանրային տրամադրությունները «տաք» պահելու եւ այդ վիճակը մինչեւ հերթական ընտրություններ պահպանելու խնդիր կարող են լուծել, ինչն անհրաժեշտ է ԱԺ-ում գոնե որակական փոքրամասնություն կազմելու համար: Այլ կերպ ասած` հանրահավաքների շարք սկսելը եւ ոչ թե արտահերթ ընտրությունները, այլ նախագահի հրաժարականի պահանջը դառնում են Կոնգրեսի` հերթական ընտրություններին նախապատրաստվելու հիմնական մարտավարական զենքերը:

Այսպիսի մարտավարությունը  իշխանությանը պահելու է չափազանց զգուշավոր վիճակում եւ մշտապես հուշելու է, որ ռեպրեսիվ մեթոդների վրա հույս դնելը ոչ միայն այլեւս անհեռանկարային է, այլեւ իշխանությունը կորցնելու տեսանկյունից նույնիսկ վտանգավոր: Երեք տարիների ընթացքում լեգիտիմության ճգնաժամը հազիվ հաղթահարող, շախմատային խաղի կողմնակից Սերժ Սարգսյանի՝ ընտրությունների համար հին ու բարի «ավանդույթներին» ապավինելը հավասարազոր կարող է լինել քաղաքական ինքնասպանության: Եվ դա գործող նախագահին լուրջ խնդիր է առաջադրում` գտնելու այլընտրանքային, ավելի քաղաքակիրթ լուծումներ, ճանապարհներ, որը հնարավոր է միայն բազմաքայլ կոմբինացիաների ու չափազանց նուրբ մարտավարության շնորհիվ:

Մի կողմից նա պետք է Կոնգրեսին եւ հանրությանը համոզի, որ իշխանությունը բավարար չափով ուժեղ է ու ինքնավստահ` ընտրություններում հաղթելու համար, մյուս կողմից՝ զսպելու իր թիկունքն ապահովող այն ուժերի ախորժակը, որոնք նախկինում փաստացի ապահովում էին իշխանության անփոփոխելիությունը: Այսինքն՝ նա ստիպված է լինելու կամա թե ակամա դուրս գալ քրեաօլիգարխիկ շրջանակների հավակնությունների դեմ` մի կողմից նրանց վերահսկողության տակ պահելու, մյուս կողմից՝ քաղաքական գործընթացների եւ, մասնավորապես, ընտրությունների վրա բանեցվող ազդեցությունը նվազեցնելու ոչ դյուրին խնդիրը լուծելու համար: Գործոններ, որոնք ցանկացած իշխանության պահում են կախվածության մեջ:

Գագիկ Ծառուկյանի եւ Գագիկ Բեգլարյանի դեմ 2010-ի վերջին սկսված քարոզչական-քաղաքական արշավը, ապա նաեւ իր աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին փաստացի պաշտոնանկ անելը պետք է հենց այս ծիրի մեջ դիտարկել: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը ցանկանում է սեփական քաղաքական թիմը ստեղծել եւ վերջապես ձերբազատվել կառավարման մեթոդների ու կադրային այն «ժառանգությունից», որոնք ստացել է Ռոբերտ Քոչարյանից եւ որոնք կերպարանավորում են ներկայիս իշխանությանը: Նա հույսը դրել է ավելի հեռանկարային, «ուսյալ» երիտասարդների վրա եւ կամաց-կամաց փորձում է նրանց համար քաղաքական դաշտում ինքնադրսեւորվելու ավելի լայն հնարավորություններ ստեղծել:

Այսինքն՝ երկարաժամկետ կտրվածքով Սերժ Սարգսյանը փորձելու է այս շրջանակներին խորհրդարան բերելու միջոցով զգալիորեն թարմացնել իր քաղաքական թիմը, նրանց միջոցով կառավարման նոր մշակույթ ձեւավորել, որոնք արդեն 2013 թ. գուցե կկարողանան լրջագույն ազդեցություն թողնել նախագահական ընտրությունների ժամանակ եւ փոխել այն խեղաթյուրված ընտրական համակարգը, որ ձեւավորվել է քրեականների ու օլիգարխիայի անմիջական ներգործությամբ: Իսկ կարճաժամկետ կտրվածքով այս քաղաքականությունը հնարավորություն կտա նոր դեմքերով ներկայացնել իշխանությունը հանրությանը եւ դրա միջոցով համոզել, որ հնարավոր է իշխանության որակական փոփոխություն ապահովել:

Դրան են միտված նաեւ վերջին շրջանում արձանագրվող աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումները, որոնք ոչ այնքան արագ են տեղի ունենում, որ ներիշխանական տագնապ ու խուճապային տրամադրություններ առաջացնեն, ոչ էլ այնքան դանդաղ, որ հանրությունը չտեսնի դրանց միջեւ ներքին տրամաբանական կապը եւ գործընթացի շարունակականությունը: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարը, կադրային փոփոխությունները լինելու են իշխանության հիմնական զենքերը ոչ միայն ՀԱԿ-ի «այլ լեզվով խոսելու» մարտավարության դեմ, այլեւ հաղթանակի գրավականը ընտրական շրջանում: Դրանք միտված են լինելու ազդելու ընտրազանգածի ենթագիտակցության վրա, նախագահի եւ նրա թիմի հետեւողականության, ձեռնարկումների, ինչ-որ բան փոխելու նկատմամբ հավատ ներշնչելու:

Չի կարելի բացառել նաեւ, որ ընտրություններին ընդառաջ իշխանությունը հանկարծ որոշի գործընթացներ ծավալել այն բոլոր ոլորտներում, որոնք գտնվում են հասարակության ուշադրության ու քննադատության ներքո: Խոսքը մասնավորապես վերաբերում է բանակում տիրող իրավիճակին, առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների գների իջեցմանը, հասարակության առանձին շերտերի, մասնավորապես պետական եւ հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը եւ այլն: Գուցե հենց այս տրամաբանությամբ զինդատախազությունը սկսեց ավելի նախաձեռնող ու հրապարակային գործել բանակում տեղի ունեցող վերջին երկու հանցագործությունների բացահայտման հարցում:

Իշխանության այս նոր մարտավարությունը, սակայն, ավելի շատ իմիտացիոն բնույթ ունի: Այն ուղղված է հանրային գիտակցության և վարքագծի փոփոխությանը և բացառապես նախընտրական, քարոզչական տրամաբանություն ունի: Քաղաքականության «երիտասարդացման», նոր դեմքերով հանդես գալու ձգտումը պարզապես արտաքին, դիմագծի փոփոխության նշանակություն ունի, որը ոչ մի կերպ չի արտահայտվում ներքին-բովանդակային, մշակութային կողմի վրա:

Խնդիրն այն է, որ քաղաքական մեծամասնությունը հենվում է «բազեական» ու նմանատիպ այլ ինկուբատորային «արտադրանքի» վրա, որն ամբողջությամբ իր վրա է կրում քաղաքական ներկայիս անտիմշակույթի բոլոր բնութագրիչները: Սա նորօրյա կոմսոմոլների այն շերտն է, որի համար գաղափարականացվածությունից ու սկզբունքայնությունից ավելի էական են կարիերիզմը, կուսակցական լիդերների նկատմամբ հավատարմությունը և այն ցուցադրելու անհագ ցանկությունը: Եվ հասկանալի է, որ նման կոնտիգենտը ոչ թե չորացնելու է առկա ճահիճը, այլ ընդամենը փոխելու է գարշահոտը:

Օլիգարխներից ձերբազատվելն էլ հարաբերական բնույթ ունի: Որովհետև խնդիր է դրված ոչ թե գործարարության համար խաղի հավասար կանոններ հաստատել և հավասար մատչելիություն ապահովել, այլ պարզապես մեծացնել նրանց կախվածությունը իշխանությունից' առանց քաղաքական լուրջ դերակատարման:

Նրանք կշարունակեն լինել իշխանության ֆինանսական հենարանը, նրանիցից շատերը գուցե կկորցնեն իրավական անձեռնմխելիության երաշխիքները, բայց կհայտնվեն իշխանության' ավելի պարտավորեցնող երաշխավորությունների դաշտում, որն իհարկե, ավելի խոցելի ու անկանխատեսելի կդարձնի խոշոր բիզնեսը: Որ այս շրջանակները շարունակելու են կուլիսային մակարդակով հզոր ազդեցություն ունենալ քաղաքական կյանքի վրա, ապացուցվում է նաև այն իրողւթյամբ, որ իշխանությունը չգնաց գործարար պատգամավորների համար ԱԺ մուտք գործելու հնարավորությունները վերջնականապես չեզոքացնելու ճանապարհով: Եվ նրանք այսօր էլ կարող են պատգամավորական մանդատ ձեռք բերել այնպես, ինչպես նախկինում:

Կոռուպցիոն բաահայտումների և «խոշոր շնաձկների» մի քանի որսերն, իհարկե, տպավորիչ են: Սակայն դրանք ավելի շատ ներքին զտումների, ռեսուրսների ինվենտարիզացիա են հիշեցնում, որովհետև տարօրինակ կերպով զոհերի կարգավիճակում հայտնվում են խաղի ընդունված կանոններից ինքնակամ դուրս գործելու համարձակություն ունեցած անհատները:

Իշխանությունը պարզապես մեկ կրակոցով երկու նապաստակ է որսում. մի կողմից ուժերի ու ռեսուրսների, վստահելի շրջանակների հստակեցման ներքին խնդիր է լուծում, մյուս կողմից այդ ամենը մատուցում հանրային սպասելիքներին համապատասխան:

Սակայն որ ընտրված մեթոդն իսկապես աշխատող է, գոնե կարճաժամկետ, առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների կտրվածքով, և շատ ավելի պրոֆեսիանալ կերպով է արվում, քան քաղաքական մյուս շրջանակները, ակնհայտ է:

Ամեն դեպքում այս միտումները թույլ են տալիս ենթադրել, որ առաջիկայում շատ հետաքրքրական զարգացումներ են սպասվում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter