HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Փոքրիկ Անգելինան հովանավորների կարիք ունի

28-ամյա Լիլիթ Սաֆարյանը, չնայած այդքան երիտասարդ տարիքին, փորձում է ոչ միայն երկու երեխաների սննդի ու հագնվելու կարիքները հոգալ, այլեւ ստիպված է մեծ գումարներ գտնել դստեր` Անգելինայի, բուժման համար: 7-ամյա Անգելինան իր ավագ եղբոր` 9-ամյա Անդրանիկի նման դպրոց է հաճախում, սակայն, ինչպես պատմում է երեխայի մայրը, Անգելինայի առողջական վիճակը հաճախակի վատանում է:

«Դպրոցից հաճախակի են զանգում ու հայտնում, որ երեխան վատացել է: Լինում է, որ նա իրեն վատ է զգում` չեմ տանում դպրոց, լինում է, երբ ինքը չի ուզում եւ չեմ կարողանում ոչ համոզել, ոչ էլ ստիպել»,- ասում է մայրը:

Լիլիթին այս պահին  ամենից շատ հուզում է Անգելինայի առողջական վիճակը, չնայած որ որդին էլ ինչ-որ առողջական խնդիրներ ունի: Նրա խոսքերով` բժիշկները հայտնել են, որ աղջիկն ի ծնե անբուժելի հիվանդությամբ է տառապում, եւ նրա կյանքին վտանգ է սպառնում:

«Տարեկան 4-5 անգամ Անգելինային ստուգման եմ տանում Երեւանի «Արաբկիր» բժշկական համալիրում: Բժիշկները հույս չեն տալիս, որ նա երկար կապրի»,- ասում է Լիլիթը: Փոքրիկ Անգելինան լուրջ խնդիրներ ունի միզապարկի հետ կապված: «Բժիշկներն ասում են, որ եթե միզապարկում մեզը կուտակվի, ինչը վերջին շրջանում նկատվում է նրա մոտ, որոշակի քանակության դեպքում արդեն նրա կյանքի համար վտանգ կներկայացնի: Անգելինայի միզապարկում մեզը համարյա չի մնում, պամպերսների համար այնքան փող եմ ծախսել, որ ասելու չի: Դեղերն էլ են շատ թանկ: Վերջերս արդեն Լիլիթին դեղ չեմ տալիս, քանի որ փող չունեմ, չի հերիքում, չնայած մայրս ու հայրս մեկ-մեկ Ռուսաստանից օգնում են փողով, բայց դրանք պամպերսներին հազիվ են հերիքում»,- պատմում է մայրը:

Երկու երեխային միայնակ մեծացնող Լիլիթն այսօր էլ ձեռքերը ծալած չի նստում, հույս ունի, որ կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կօգնեն երեխային Գերմանիայում ստուգման տանելու համար: Իսկ գերմանական այդ կլինիկայի մասին նա տեղեկացել է ինտերնետի միջոցով: «Սկզբից փորձում էին ինչ-որ ելք փնտրել Ռուսաստանում: Ծանոթացա մի բժշկի հետ` Իրինա անունով, ով նույնպես հայտնել է, որ աղջկաս հիվանդությունն անբուժելի է եւ ինչքան ապրի` հաշմանդամ կլինի: Նա նույնիսկ մի անգամ 3 հազար ռուբլի օգնություն է ուղարկել մեզ: Շատ բարի կին է»,-ասում է Լիլիթը, ով բժշկի կողմից թղթերի մի ողջ փաթեթ է ստացել` աղջկա հիվանդության մասին պատմող: Որոշ ժամանակ հետո ինտերնետում նորից է սկսել ինչ-որ որոնումներ անել եւ արդյունքում հանդիպել է գերմանական Օսնաբրուկ քաղաքի բժշկական կենտրոններից մեկին, որի տնօրենի հետ նամակագրական կապի միջոցով հայտնել է աղջկա հիվանդության մասին:

«Կենտրոնի տնօրենը, որոշ ժամանակ անց, երբ արդեն հույսս կտրել էի, նամակ է ուղարկել, որտեղ նշվում է, որ Անգելինային կարող ենք տանել իրենց մոտ հետազոտման, ինչը կտեւի 3 օր: Այդ ամենի համար անհրաժեշտ է 3 հազար եվրո: Հետազոտությունից հետո կորոշվի, թե ինչ բուժում պետք է արվի հետագայում: Դա երեխայիս բուժելու միակ հույսս է»,- ասում է 28-ամյա մայրը: Նա երկու երեխաների  հետ հիմա ապրում է Ստեփանակերտում` բարեկամներից մեկի տան մեկ սենյակում: 2000-ին է ամուսնացել Արմենի հետ, սակայն մի քանի տարի անց նրանք բաժանվել են: «Անգելինան դեռ ծնված չէր, հղի էի, երբ բաժանվեցինք: Ալիմենտ է հիմա վճարում երեխաների հայրը, մեկ-մեկ էլ ինչ-որ չափով օգնում, որ երեխային ստուգման տանեմ»,- ասում է նա:

Լիլիթը նույնպես առողջական խնդիրներ ունի: 4 տարի է` 2-րդ խմբի հաշմանդամություն ունի, սակայն վերջերս բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում նրա հաշմանդամության կարգը փոխվել է: Այժմ 3-րդ խմբի հաշմանդամ է եւ ստանում է ընդամենը 8 հազար դրամ թոշակ: Անգելինան որպես հաշմանդամ ամեն ամիս 29 հազար դրամ է ստանում: Ընտանիքի ընդհանուր եկամուտը 46 հազար դրամ է, որով, ըստ Լիլիթի, երեխաներին պահելը, այն էլ Անգելինայի նման հիվանդ երեխային, շատ դժվար է:

«Այդ դժվարութուններին էլի կդիմանամ, միայն թե երեխաս բուժվի»,- ասում է Լիլիթը, ով մտահոգված է, քանի որ փոքրիկ Անգելինան հաճախակի է վատանում. թուլանում է, ճնշումն իջնում է 70/40, գլխացավեր ու որովայնի ցավեր է ունենում, հաց չի ուտում, նյարդային է դարձել, տարօրինակ քայլեր է անում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter