HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Կոտայքի մանկատանն ու խնամքի կենտրոնում սեռական բռնությունների դեպքեր չկան»

Կոտայքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արտյուշա Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ Կոտայքի մարզը ցերեկային խնամքի կենտրոնի կարիք ունի. «Մենք աշխատում ենք մեր մարզի երեխաների խնդիրները լուծել մարզի ներսում, սակայն շատ հաճախ ծնողները երեխաներին հասցնում են Երեւան` ցերեկային խնամքի կենտրոններ»: Կոտայքի մարզում 645 հաշմանդամ երեխաներ կան, որոնց մոտ 30 տոկոսը, ըստ պարոն Պետրոսյանի, ընդգրկված են կրթական համակարգում, նրանք հատուկ կրթական պայմանների կարիք ունեցող երեխաներ են: «Իսկ այն երեխաները, որոնք դպրոցահասակ չեն, նրանց անհրաժեշտ է ցերեկային խնամքի կենտրոն: Մենք դրանով մայրերին էլ կօգնեինք, հաշմանդամ երեխաների մայրերը չեն կարող աշխատել, որովհետեւ ամբողջ օրը ստիպված են երեխային խնամել»,- ասում է երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը: Արտյուշա Պետրոսյանի խոսքով` վերջերս Կոտայքի մարզում կանանց նկատմամբ բռնությունը շատ մեծ թափ էր ստացել. «Բայց դա բարձրաձայնվում էր, աշխատում էին ոստիկանությունը, հասարակական կազմակերպությունները: Խնդիրը շատ յուրահատուկ է. հայ կանայք մինչեւ վերջ չեն գնում, երբ գործը հասնում է իրավապահ մարմիններին»: Պարոն Պետրոսյանը պատմեց, թե ինչպես է հոգեկան հիվանդ մայրը դաժանաբար ծեծել երեխային, վերջինս էլ, հարեւանների օգնությամբ, փախել էր տնից եւ գնացել էր ոստիկանություն, այնուհետեւ տեղավորվել էր մանկատանը: «Մայրը ուզում էր երեխային վերարդարձնել, որպեսզի նպաստ ստանար: Սակայն նա համոզվեց, որ երեխայի համար ավելի լավ կլինի մնալ մանկատանը»,- ասաց Արտյուշա Պետրոսյանը: Նա մեկ այլ դեպք էլ պատմեց. ամուսնալուծությունից հետո ամուսինը վերցրել էր երեխաներին եւ չէր ցանկանում վերադարձնել կնոջը, բացի այդ ֆիզիկական բռնության էր ենթարկում կնոջը: «Սակայն բացատրական աշխատանքներ տանելուց հետո նա հասկացավ եւ վերադարձրեց երեխաներին մորը»: «Ձեզ հայտնի՞ են մանկատանը կամ խնամքի կենտրոնում աղջիկների նկատմամբ սեռական բռնությունների դեպքեր»,- «Հետքի» հարցին Արտյուշա Պետրոսյանը պատասխանեց. «Մեզ մոտ նման դեպքեր չկան, լինում են երեխաների միջեւ միջանձնային հարաբերությունների խնդիրներ, որոնք կոլեկտիվն ի զորու է լուծելու»: Կոտայքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը նաեւ նշեց, որ իրենց մարզը հաճախ դուրս է մնում միջազգային կազմակերպությունների ծրագրերից, քանի որ իրենք շատ մոտ են մայրաքաղաքին, իսկ ֆինանսավորողները նախընտրում են աշխատանքներ տանել հեռավոր սահմանամերձ մարզերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter