HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռումինիայում լրագրողներին չեն ծեծում, ոչ էլ` թերթեր փակում

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռումինիայում լրագրողների ուշադրության կենտրոնում են դատարանների, ոստիկանության աշխատանքները, կոռուպցիային վերաբերող գործերը, ինչպես նաեւ` պետական մարմինների գործունեությունը: Ի տարբերություն հայաստանյան լրատվամիջոցների` ռումինացի լրագրողները պաշտոնյանների ունեցվածքին վերաբերող հրապարակումներին մեծ կարևորություն են տալիս: Դա կապված է այն բանի հետ, որ Ռումինիայում պաշտոնյաների ունեցվածքի եւ եկամուտների հարցերով զբաղվում է հատուկ մարմին` Ազգային օրինավորության գործակալությունը, որի նիստերը դռնբաց են, եւ լրագրողները կարողանում են ազատ տեղեկանալ, թե պաշտոնյաներն ինչ են թաքցրել պետությունից կամ ինչ գույք են ձեռք բերել: Պաշտոնյաների ունեցվածքով մշտապես հետաքրքրված Ռումինիայի «Մեդիամաքս» լրատվական գործակալության լրագրող Օվիդու Վանգելեն «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր մի քանի հրապարակումներից հետո նույնիսկ նախարար են հեռացրել, մի սենատորի գործ էլ գտնվում է դատաքննության փուլում: Նա 4 միլիոն եվրո կաշառք է վերցրել ու կաշառք տվող ընկերությունն էլ կաշառքը փոխանցել է հաշվեհամարին եւ հատուկ նշել է նպատակը` «միջնորդության համար»: Այդ գումարից սենատորը 10 հազար դոլարով կնոջ համար կոշիկ է գնել: Դատարանն արդարացրել է կաշառք վերցնող սենատորին` պատճառաբանելով, որ գործը «սարքված» է եղել: «Նման դեպքերում ավելի լավ է նախարարին չդատեն, քան գործը մտցնեն դատարան ու ասեն, որ մեղավոր չէ: Ես նույնիսկ ինձ վիրավորված եմ զգում այդ գործից հետո, որովհետեւ մտածում եմ, որ մեր երկրում հրապարակումների վրա թքած ունեն»,-ասում է ռումինացի լրագրողը: Մեր այն հարցին, թե իր հրապարակումներից հետո պաշտոնյաներն արդյոք չե՞ն սպառնացել լրագրողին, Օվիդու Վանգելեն ասաց, որ երբեք որեւէ լրագրողի չեն ճնշել կամ սպառնացել, սակայն փորձել են կաշառել: «Պաշտոնյաներն ուղիղ չեն ասում` քեզ փող եմ տալիս: Ասում են` եթե ինչ որ բանի կարիք ունես, կարող եմ օգնել»,- նշում է լրագրողը: Նրա գործընկեր Ադինա Անգելեսկու-Ստանկուն էլ ասաց, որ պետական պաշտոնյաների հետ ինքը պատերազմական իրավիճակում չէ, սակայն երբեմն հարաբերությունները սրվում են: Ուշագրավն այն է, որ լրագրողն իր պրակտիկայում ունեցել է 62 դատական գործ եւ բոլորն էլ հաղթել է: «Ինձ դատի տվողները բոլորն էլ պաշտոնյաներ են եղել, սակայն դատարանում ներկայացել են որպես հասարակ քաղաքացի»,- ասաց Ադինա Անգելեսկու-Ստանկուն: Վերջում Օ. Վանգելեից հետաքրքրվեցինք, թե վերջին տարիներին արդյոք Ռումինիայում թերթեր կամ լրատվամիջոցներ փակվե՞լ են` կապված լրատվամիջոց-պաշտոնյա փոխհարաբերությունների հետ: Լրագրողն ասաց, որ իրենց երկրում ամենաքիչ տպաքանակ ունեցող թերթը տպագրվում է 10 000 օրինակով: Ըստ նրա` ոչ մի լրատվամիջոց չի փակվել` բացառությամբ 1-2-ի, ինչի պատճառը, սակայն, ֆինանսական դժվարություններն են եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter