HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9 մլն դոլար` հանրային ոլորտի գործունեության բարելավման համար

Երեկ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել 9 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը Հայաստանի հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրին (ՀՀԱԾ): Ծրագիրը կօժանդակի Հայաստանի կառավարությանը` բարելավելու հանրային ծառայությունները` կատարողականի վրա հիմնված վճարման համակարգի, քաղաքացիական ծառայողների վարքի կոդեքսի ներդրման, ինչպես նաև կառավարության ամբողջ տեղեկատվությունը հանրությանն ավելի մատչելի դարձնելու միջոցով: «Քաղաքացիական ծառայությունը բարելավելու միջոցով կառավարման ամրապնդումը Համաշխարհային բանկի աջակցության գերակայությունների շարքում է, - նշում է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը: - Թեև կառավարման ու հակակոռուպցիոն պայքարի ոլորտում որոշակի բարելավում է արձանագրվել` դեռևս կան լուրջ մարտահրավերներ, այդ թվում` պետական պաշտոնյաներին վերաբերող` շահերի բախումը կանոնակարգող օրենսդրության ոլորտում»: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ստեղծված նոր տնտեսական իրողության պայմաններում է’լ ավելի է աճել հանրային վարչարարության բարեփոխումների կարևորությունը, քանի որ հանրային ծախսերի արդյունավետության բարձրացումն ու հանրային ծառայությունների բարելավումը դարձել են անհրաժեշտություն: Որպեսզի հանրային ծառայությունների ապահովումը չտուժի ֆինանսական սուղ պայմաններում, անհրաժեշտ են արդյունավետության բարձրացմանն ուղղված կենտրոնացված ջանքեր: «Հանրային ծառայությունը բարելավելու համար միայն տեխնոլոգիաների հզորացումը բավական չէ: Ամենակարևորն ու դժվարը վարքը և ծառայողական մշակույթը փոխելն է, - հավելում է Համաշխարհային բանկի` ծրագիրը հեղինակած խմբի ղեկավար Քեթի Լալազարյանը: - Կարևոր է ապահովել արդյունավետ հանրային ծառայություններ հետճգնաժամային վերականգնման ողջ ընթացքում, քանի որ մարդիկ, ավելի քան երբևէ, ապավինում են կառավարության մատուցած ծառայություններին»: Այս հավակնոտ օրակարգի իրականացմանն է ուղղված ՀՀԱԾ II ծրագիրը, քանի որ, չնայած քաղաքացիական ծառայության ոլորտում ներկայումս իրականացվող ՀՀԱԾ I ծրագրի շրջանակներում արձանագրված առաջընթացին` քաղաքականության ձևակերպման և իրականացման ֆունկցիաներն ամրապնդման կարիք ունեն: Ծրագիրը նաև կնպաստի կարողությունների հզորացմանը կատարողականի վրա հիմնված կառավարման ոլորտում, ինչպես նաև կաջակցի քաղաքացիական ծառայության ոլորտում շահերի բախման կանոնակարգմանն ու կիրարկման բարելավմանն ուղղված Կառավարության ջանքերին: ՀՀԱԾ II ծրագիրն  ունի երեք հիմնական բաղադրիչ. այն աջակցում է (I) համապատասխան կառույցների ձևավորմանը` պիլոտային հաստատություններում, և գործարարության կառավարման բարելավմանը` ֆունկցիաների համակարգման միջոցով, (II) մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության,  հանրային ծառայության ոլորտում էթիկայի նորմերի և աշխատակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացման համակարգերի ներդրմանը, (III) էլեկտրոնային կառավարման և ավտոմատացման համակարգերի հետագա զարգացմանը` հանրության լայն խավերին դրանք մատչելի դարձնելու նպատակով, ծառայությունների մատուցման բարելավմանը, աշխատանքի ավելի թափանցիկ ու արդյունավետ կազմակերպմանը: Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի ճկուն վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 10 տարին` արտոնյալ պայմաններով: Համաշխարհային բանկին 1992թ. և Զարգացման միջազգային գործակալությանը 1993թ. անդամակցելուց հետո Հայաստանին տրամադրված միջոցները կազմում է մոտ 1.318,7 միլիոն ԱՄՆ դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter