HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Պողոս-Պետրոս եկեղեցի, թե՞ ամառային դահլիճ

Մեծ աղմուկ բարձրացրած կառավարության որոշման մասին ( «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Երեւան քաղաքի մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանել եւ դրա տեղը կառուցել Պողոս-Պետրոս եկեղեցի) այսօր «Հայելի» ակումբում բանավիճում էին Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը եւ Արտաշատի հոգեւոր հովիվ տեր Մխիթար Ալոյանը: Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ «Մոսկվա» կինոթատրոնի մշակութային-ճարտարապետական արժեքը չպետք է անտեսել: Եվ նրա կարծիքով` այդ դահլիճը անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանվել է ոչ օրինական ճանապարհով: «Երբ վերոնշյալ ցուցակ է մտցվում որեւէ կառույց, կազմվում է փորձագիտական խումբ, որի մեջ ներառվում են ճարտարապետներ, հնագետներ, պատմաբաններ եւ նրանց ուսումնասիրության միջոցով արժեքավորում են տվյալ կառույցը: Նույն գործընթացը պետք է տեղի ունենա ցուցակից հանելու ժամանակ: Սակայն Մշակույթի նախարարության կողմից չեն կատարվել այդ համապատասխան գործողությունները, եւ անհասկանալի է կառավարության կողմից նման հապշտապ կայացրած որոշումը»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: Միության նախագահը պնդում է, որ Պողոս-Պետրոս եկեղեցու ճարտարապետական արժեքը զրոյական է, քանի որ ժամանակին կառուցվել է շատ սուղ միջոցներով: Ճարտարապետների միության նախագահին հավելեց նաեւ երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը. «Սա մեր քաղաքի խնդիրն է: Թող ամեն խաչմերուկում եկեղեցիներ լինեն, բայց ոչ քանդելու ճանապարհով: Մենք դեմ չենք եկեղեցի կառուցելուն, բայց մշակութային արժեքը չպետք է քանդել եկեղեցի կառուցելու համար»: Երկու ճարտարապետների հետ բուռն բանավեճի մեջ մտավ Արտաշատի հոգեւոր հովիվ տեր Մխիթար Ալոյանը. «Ավելի մեծ ճարտարապետական արժեք չէ՞ր երիտասարդական  պալատը, որը ոչնչացվեց, բանվորի, Ստալինի եւ Լենինի արձանները երբ քանդեցին, ինչու՞ նույն ոգեւորությամբ ձայն չհանեցիք: Իսկ մենք ուզում ենք հետ վերադարձնել այն, ինչ մեր սեփականն է եղել ժամանակին: Այսինքն բոլշեւիզմը մեզնից դա խլել էր: Դուք ասում եք, որ Պողոս-Պետրոս եկեղեցին մշակութային-ճարտարապետական զրոյական արժեք ուներ, փորձենք ընդունել  դա: Բայց մեր գյուղական բոլոր դպրոցների շենքներն էլ ճարտարապետական զրոյական արժեք ունեն, բայց այնտեղ կրթվում են հայ երեխաները: Ինձ համար դա ավելի մեծ արժեք է: Իսկ եկեղեցին ճիշտ հոգի ու հավատք է կերտում: Գուցե անհավատի, աղանդավորի համար այն արժեք չունի, բայց ինձ համար այն ամենաարժեքավորն է»: Մկրտիչ Մինասյանը նկատեց,որ եթե 1934 թվականին բոլշեւիկների կողմից քանդվում էին մեր եկեղեցիները, այսօր մենք նույն կերպ ենք վարվում: «Երեկվա մեր արած բարբարոսության ու այսօրվանի միջեւ տարբերություն չկա: Երբ կինոթատրոնը ամառային եւ ձմեռային համալիր է կազմում, եւ գնահատվել է բարձրակարգ մասնագետների կողմից, հիմա ուզում են քանդել, ընդ որում մի կանգառ վերեւ մեծ եկեղեցի է կառուցվում: Այսօր մենք կատարում ենք հսկայական սխալ քայլ: Նման օջախը եւս մեծ մշակութային-ճարտարապետական  արժեք է ներկայացնում: Չի կարելի պատմական շերտերը ավերել, այնպիսի ջանասիրությամբ, ինչպես մենք ենք անում»: Սարհատ Պետրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ եթե շարժվենք Տեր Մխիթար Ալոյանի տրամաբանությամբ, պետք է այսօր գնդակահարենք բոլոր կոմունիստներին, որովհետեւ նրանք քանդել են մեր եկեղեցիները եւ սպանել հոգեւորականներին: «Բայց ոչ, քանի որ մենք քաղաքակրթվել ենք եւ բարբարոսներ չենք: Մենք դեմ ենք ցանկացած մշակութային արժեքի քանդմանը: Ես ցավում եմ, որ դուք ընտրել եք սխալը կրկնելու ճանապարհը: Ես կրկնում եմ, մեր եկեղեցին չպետք է գնա քանդելու ճանապարհով` նեղ մտածող կոմունիստների նման»: Տեր Մխիթար Ալոյանն էլ կարծում է, որ այս բողոքի ալիքը պարզապես մի պատվեր է անհայտ մեկի կողմից, որի հետեւից սկսել են գնալ մի խումբ մարդիկ. «Ես չեմ կարծում, որ Երեւանում եկեղեցիների առատությունը վատ է: Երբ աղքատ էինք, երբ հաց, հույս չկար, մարդիկ ապավինում էին եկեղեցուն, երբ արցախյան պատերազմի ժամանակ եկեղեցին գումարներ էր հավաքում եւ օգնում ընտանքիիներին, ոչ մեկ շենքերի ու դահլիճների մասին չէր մտածում, բոլորը կառչած էին եկեղեցուց: Հիմա, երբ մի քիչ հարստացել ենք, վիճակներս լավացել է, սկսում են քարկոծել եկեղեցուն,  ինչո՞ւ: Դուք որպես ճարտարապետ եք խոսում, իսկ ես արժեքի մասին եմ խոսում»: Սարհատ Պետրոսյանը եւս մեկ անգամ կրկնեց, որ իրենք եկեղեցու դեմ չեն եւ դեմ չեն եկեղեցիների կառուցմանը, սակայն կարծում է, որ այդ նույն եկեղեցին կարող է կառուցվել այլ տեղում, քանի որ ի սկզբանե Պողոս-Պետրոս եկեղեցին գտնվում էր հենց Մոսկվա կինոթատրոնի շենքի տեղում եւ ոչ թե ամառային դահլիճի: «Դե Ձեր տրամաբանությամբ` եկեք շենքը քանդենք, որպեսզի հենց նույն տեղում լինի եկեղեցին»: «Ոչ, այլ բան է շենք քանդել, այլ բան է ամառային դահլիճ»,- հակադարձեց Տեր Մխիթար Ալոյանը: Մկրտիչ Մինասյանն էլ նկատեց. «Ձեր ամենամեծ սխալը այն է, որ ականջալուր չեք լինում ժողոովրդի ցանկությանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter