HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Առավոտը տեսանք, որ տան ու գոմի կռիշը չկա, քշել, տարել է»

Մարտի 15-ի երեկոյան բարձրացած ուժեղ քամին ու տեղացած հորդառատ անձրեւը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Ախուրյանի եւ Անիի տարածաշրջանի մի շարք գյուղերի: Ղարիբջանյան, Գետք, Առափի, Ախուրիկ, Արեւիկ, Այգաբաց, Հովտաշեն, Նոր Կյանք, Աղին, Բենիամին գյուղերում քամին քշել տարել է բնակարանների եւ անասնագոմերի տանիքներ, շրջել էլեկտրասյուներ, շարքից դուրս է եկել ցածր ճնշման գազատարը, գազազրկվել են Գուսանագյուղ եւ Շիրակավան համայնքները, մարզի 4 գյուղեր ողողել է ափերից դուրս եկած Ախուրյան գետը: Աղետի հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել էներգամատակարարման համակարգում: Քամին տապալել է բարձրավոլտ սնուցման 8 հենասյուն, որի հետեւանքով մոտ 30 համայնք հոսանքազրկվել են: Այս առումով մեծ վնաս է կրել հատկապես Անիի տարածաշրջանը: Առափիում եւ Գետք գյուղերում հիմնական վնասը գյուղացիները կրել են գյուղի կողքով անցնող Ախուրյան գետի վարարումից: Ջուրը լցվել է գետին առավել մոտ տեղակայված տների նկուղները, ողողել տնամերձերը: Տեղումներին զուգահեռ` վարարած գետը քշել, տարել է Առափի գյուղը սնուցող ջրագիծը, գյուղի կեսը զրկված է խմելու ջրից: Այստեղ ջրի մակարդակը բարձրացել է մոտ երկու մետր՝ քանդելով գյուղի 2 նորակառույց կամուրջները: Գետք գյուղում ջրի տակ է անցել 50 հա ցանքատարածք: Վնաս կրած բոլոր համայնքներում կազմվել են հանձնաժողովներ, որոնք զբաղված են հասցված վնասի չափի ճշտումով: Հավաքված տվյալներն ուղարկվելու են մարզպետարան, այնտեղից էլ՝ կառավարություն: Ախուրյանի տարածաշրջանի Արեւիկ համայնքում պտտահողմը 470 տնտեսությունից վնաս էր պատճառել 95-ին: Գյուղի հարավ-արեւելյան հատվածում գտնվող 3 բնակարան գյուղապետ Դավիթ Թումիկյանի եւ բնակիչների հաշվարկով կրել էին մոտ 1մլն դրամի վնաս: «Ժամը 23:30-ի կողմերն էր, ուժեղ կայծակ խփեց, մեր տան մոտի տրանսֆորմատորը սկսեց վառվել: Մեզի սկզբում թվաց, թե երկրաշարժ է,-պատմում է Արեւիկի բնակիչ Մելանյա Ներսիսյանը,- անգամ էն տպավորությունն ունեինք, թե տունը պիտի ամբողջությամբ շուռ գա: Հետո արդեն առավոտը տեսանք, որ տան ու գոմի կռիշը չկա, քշել, տարել է»: Համագյուղացիների օգնությամբ արդեն մարտի 17-ին Ներսիսյանների տան տանիքի մի մասը նորոգվել էր: Ալեքսան Ավետիսյանի երկհարկանի տան տանիքն ընդհանրապես գոյություն չուներ: Մասնատված թիթեղյա տանիքի կտորները քամին շպրտել էր տնից 100-200 մետր հեռու: Մեկ այլ բնակչի` Մելքոն Մելքոնյանի տանը կտուրի աղյուսե շարվածքն էր փլվել: Հարեւանությամբ գտնվող եւս երկու բնակելիներ ու անասնագոմեր արժանացել էին նույն բախտին: Արեւիկի համայնքապետ Դավիթ Թումիկյանի փոխանցմամբ երեկ մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետներն եղել են գյուղ, արձանագրել ավերածության չափը, հանձնարարել գյուղապետի կատարել մանրակրկիտ հաշվարկ: «Մենք արդեն այդ հաշվարկներն արել ենք, 1000 ազբոշիֆեր է կոտրվել, 5 տան թիթեղյա տանիքներն են ամբողջությամբ վնասվել, 3 բնակելիի կտրվածքով ամենամեծ վնասն է եղել գյուղում,- տեղեկացրեց համայնքապետը,- վնաս կրած թաղամասերում էլէկտրաէներգիան դեռ վերականգնված չէ, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Վնասվել են Արեւիկ-Այգաբաց ճանապարհահատվածի էլէկտասյուները»: Տարեկան 20 մլն բյուջե ունեցող համայնքի համար վնաս կրած տնտեսություններին օգնություն տրամադրելը գրեթե անհնար է: «Մեր սուղ բյուջեի հաշվին դժվար թե մենք կարողանանք աղետի պատճառած բոլոր հետեւանքները վերացնել: Մտածում ենք, որ կառավարությունն ինչ-որ ձեւով կօժանդակի: Մենք մեր ուսումնասիրությունների արդյունքերը ուղարկել ենք մարզպետարան, իրանք էլ կառավարություն են ուղարկելու, տեսնենք, թե պետությունն ինչ կորոշի,- հույս հայտնեց Դավիթ Թումիկյանը»: Շիրակի մարզին աղետի  հետեւանքով վնասներ կրած բոլոր համայնքներում  վթարավերականգնման աշխատանքներ են տարվում, կատարվում են ուսումնասիրություններ, ճշտվում են վնասի չափերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter