HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգության» հարցապնդումը վարչապետին ու Կառավարությանը

«Ժառանգություն» խմբակցությունն այսօր վարչապետին ու Կառավարությանը հարցապնդում է ուղարկել 1988թ. երկրաշարժի աղետի գոտում Կառավարության բնակարանշինության ծրագրի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից դրա իրականացման վերաբերյալ: Հարցապնդման ներածական մասում «Ժառանգությունը» մասնավորապես նշում է. «Ժառանգություն» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը մտահոգված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացած եւ մինչ օրս տնակներում բնակվող (միայն Գյումրիում ավելի քան 4100) ընտանիքների ճակատագրերով: Խնդրի կապակցությամբ աղաղակող փաստեր էր ներկայացրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իր «Դեկտեմբերի 7-ը ծաղկեպսակներ դնելու օր լինելուց առաջ» վերտառության կոչում (04.12.2009թ.): «Ժառանգություն» խմբակցությունն իր 07.12.2009թ. հայտարարությամբ մտահոգություն հայտնեց աղետի գոտում, մասնավորապես` Գյումրիում, Սպիտակում, Շիրակի եւ Լոռու մարզերի 35 գյուղական համայնքներում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից պետական ծրագրերով իրականացվող բնակարանաշինության 2009 թվականի անբավարար ընթացքի, բնակարանաշինության ու բնակարանների բաշխման գործընթացում չարաշահումների եւ անընդունելի արդյունքների, պատկան մարմինների ան•ործության վերաբերյալ: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի տվյալներով` այս աշխատանքների համար պետությունից եւ Գյումրի համայնքից ստացվել են միջոցներ ու պայմաններ` մինչեւ 2009 թվականի տարեվերջ 1320 նոր բնակարաններ շահագործելու համար: Ակնհայտ է` աղետի գոտու վերականգնման 2009 թվականի ծրագրի թերակատարման, ձախողման ու տապալման փաստը, ինչպես նաեւ` առկա բնակարանաշինության կասկածելի որակը»: Նկարագրվածի կապակցությամբ «Ժառանգությունն» իր հարցապնդման մեջ շարադրել է հետեւյալ հարցադրումները. 1. Որքա՞ն բնակարաններ  են հանձնվել շահագործման 2009 թվականի դեկտեմբերի 31-ի եւ այս պահի դրությամբ: 2. Որքա՞ն բյուջետային միջոցներ են տրամադրվել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին վերոհիշյալ պետական ծրագրերի շրջանակներում 2009 թվականի  դեկտեմբերի 31-ի եւ այս պահի դրությամբ: 3. Վերոհիշյալ պետական ծրագրերի շրջանակներում որքա՞ն է տրամադրվել արտաքին վարկային միջոցներից «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին 2009 թվականի  դեկտեմբերի 31-ի եւ այս պահի դրությամբ: 4. Արդյո՞ք Կառավարությունը որոշում է կայացրել եւ ստեղծել (կազմել) հանձնաժողով բոլոր շահագրգիռ կողմերի (կառավարության լիազոր մարմին, քաղաքական կուսակցություններ, ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպություններ եւ այլն) մասնակցությամբ` նմանօրինակ կարեւոր եւ լայնածավալ ծրագրերի իրականացման վերահսկողության ու գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով: 5. Արդյո՞ք «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն Կառավարությանը կամ լիազոր մարմնին ներկայացրել է 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանքների կատարողական եւ ֆինանսական հաշվետվությունները: Եթե այդպիսիք առկա են, ապա խնդրում ենք տրամադրել կրկնօրինակները կամ պատճենները: 6. Ինչո՞վ է պայմանավորված 2009 թվականի շինարարական ծավալներն ավարտելուց երկու ամիս առաջ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության «համատեղ» որոշումը (ըստ 04.11.2009թ. «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից տարածած հայտարարության), առ այն, որ բնակարանաշինության այս տարվա (2009թ.) ծրագրերում ընդգրկվեն նաեւ երեք սենյականոց բնակարանների կառուցումը: Արդյո՞ք Կառավարությունը ուսումնասիրել է աղետի գոտում 1, 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների պահանջարկը, եւ ինչո՞ւ ի սկզբանե այն հաշվի չի առնվել` բնակարանաշինության ծրագրերը կազմելիս: 7. Մինչեւ օրս ինչպիսի՞ եւ ի՞նչ ծավալով խախտումներ ու թերացումներ են արձանագրվել սույն ծրագրի շրջանակներում: Ովքե՞ր են ենթարկվել պատասխանատվության թերացումների համար: 8. Որքա՞ն բնակարաններ շահագործման կհանձվեն 2010 թվականի գարնանը (ըստ  ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի` ապրիլին): «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 105.1-րդ հոդվածի 3-րդ եւ 8-րդ մասերի համաձայն` հարցապնդումը ստանալուց հետո 20 օրվա ընթացքում Կառավարությունը պետք է գրավոր պատասխան ուղարկի «Ժառանգությանը», որից հետո ԱԺ նիստում կհնչեցվեն հարցապնդումն ու Կառավարության պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter