HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորն ընդդեմ Երևանի ոստիկանապետի

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Նիստի սկզբում Զարուհի Փոստանջյանի փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ դատարանի նիստերի դահլիճում տեղադրված չեն ՀՀ դրոշն ու զինանշանը, ինչը օրենքի խախտում է: Դատավոր Էդիկ Ավետիսյանն ընդունել է, որ նիստն անցկացվում է օրենքի խախտմամբ, որոշակի դժգոհությամբ ընդհատել է այն և հայտարարել, որ այդ դեպքում դատավարության մասնակիցները պետք է սպասեն այնքան, մինչև հնարավորություն կլինի նիստն անցկացնել այլ դահլիճում: Դատաքննության ընթացքում փաստաբանը դատարանին հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ն. Նազարյանի որոշումը` հասցեագրված պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և թվագրված փետրվարի 26-ով, պատգամավորը ստացել է մարտի 9-ին: Ապա փաստաբանը դատարանին հայտնել է, որ Ն.Նազարյանի որոշման մեջ նշված` պատգամավորի հաղորդումները հանցագործությունների մասին ըստ ենթակայության ուղարկելու մասին որոշումը կայացվել է ոչ միայն չորս ամիս ուշացումով, այլև չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներից, քանի որ որոշման մեջ մատնանշված օրենքի համապատասխան դրույթը նախատեսում է միայն հանցագործության վայրում տեղազննման կամ այլ գործողության կատարում: Այդ կապակցությամբ փաստաբանը դատարանին ներկայացրել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի լրացուցիչ բողոքի պահանջը, համաձայն որի` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ն. Նազարյանի 26.02.2010թ. որոշումը` նյութերն ըստ ենթակայության ուղարկելու մասին պետք է վերացնել և պարտավորեցնել Ն.Նազարյանին կատարել ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 181 հոդվածի 1-ին կետի պահանջը, մասնավորապես կայացնել որոշումներ քրեական գործեր հարուցելու մասին: Դատավարությանը մասնակցող Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր հերթին դատարանին հայտնել է, որ Երևան քաղաքի ոստիկանության պետ Ն. Նազարյանը պարտավոր է հանցագործությունների մասին իր կողմից տրված հաղորդումների վերաբերյալ հարուցել քրեական գործեր և հետո միայն, եթե նման անհրաժեշտություն ծագի, այն ուղարկել ըստ ենթակայության: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի պետ Ն. Նազարյանի ներկայացուցիչը դատարանից ժամանակ է խնդրեց` լրացուցիչ բողոքի պահանջին ծանոթանալու համար: Դատարանը բավարարել է խնդրանքը, և նիստը հետաձգվել է` առանց նշելու հաջորդ նիստի օրն ու ժամը: Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter