
«Ֆուտբոլային դիվանագիտության մեջ հաշիվ չկա, գնդակը չի կարող հաշիվ ունենալ, երբ գնդակին բոլոր կողմերից խփում են, հաշիվ չեն հարցնում»,- Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունն այսպես մեկնաբանեց Արամ Կարապետյանը: Նա կարծում է, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանն ավելի է թշնամանալու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:
«Հայաստանն այս ամենից ոչինչ չշահեց. սահմանը փակ է, ավելի թշնամացած է հարեւանների հետ, կանգնած ենք ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգի առաջ: Մենք սկսեցինք մի անմիտ, շատ դժվար եւ խճճված մի գործընթաց, որի արդյունքում մտնում ենք փակուղի: Իմ կարծիքով` այդ գործընթացը սկսելու միտքը միգուցե Հայաստանում չի մշակվել»,- ասում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նա կարծում է, որ այս իրավիճակում երկու լուծում է հնարավոր. քաղաքական կուրսի փոփոխություն` նոր ընտրություններ անցկացնելու միջոցով կամ պատերազմ: «Կամ իշխանության կգան նոր ուժեր եւ պատերազմ չի լինի կամ կլինի պատերազմ, որի արդյունքում նոր ուժեր կգան իշխանության»,- ասում է ՆԺԿ նախագահը:
Արամ Կարապետյանը ցանկանում է, որ իշխանության գան երիտասարդ ուժեր, իսկ նախկին եւ ներկա պաշտոնյաները լինեն նրանց խորհրդականները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել