
Հողում հայտնաբերված մկնդեղի պարունակությունը բարձր է թույլատրելի սահմաններից
Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետի տեղակալ Ժաննա Բեդյանն այսօր «Հետք»-ին տեղեկացրեց, որ ալավերդցիներին խիստ մտահոգող Ալավերդու Մադան թաղամաս տանող ճանապարհաեզրին տեղավորված մկնդեղի թափոնների գերեզմանոցի կողմից շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները պարզելու նպատակով, պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի Ալավերդու տեղամասի կողմից վերջերս անց է կացվել մի շարք լաբորատոր հետազոտություններ.
«Մեր կողմից նմուշառվել են օդի, հողի և ջրի նմուշներ, որոնք հետազոտվել են մեր լաբորատորիայում և ուղարկվել են «Երևանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատորիան, որը զինված է ամենավերջին սարքավորումներով: Հետազոտությունների արդյունքում մթնոլորտային օդում մկնդեղ չի հայտնաբերվել: Մկնդեղ չի հայտնաբերվել նաև հետազոտության ենթարկված խմելու ջրի փորձանմուշում: Մկնդեղ հայտնաբերվել է հողում: Մեր կողմից հողի նմուշներ վերցվել է մկնդեղի գերեզմանոցի շրջակա տարածքից և Մադան թաղամաս տանող ճանապարհի համարյա բոլոր հատվածներից, որտեղ էլ մկնդեղի պարունակությունը թույլատրելի կոնցենտրացիայի սահմաններից 5-ից մինչ 26 անգամ բարձր է եղել»,- ասաց Ժաննա Բեդյանը: Ըստ վերջինիս` թույլատրելի սահմաններից մկնդեղի պարունակությունը 26 անգամ բարձր է եղել հատկապես գերեզմանոցի և նրան հարող տարածքում, գերեզմանոցի հարող ճանապարհով իջնելով Ալավերդու պղնձաձուլական գործարանի տարածք` այն աստիճանաբար նվազել է: Ճանապարհի եզրին գտնվող քարի արտադրամասի մոտ` հողում մկնդեղի պարունակությունը թույլատրելի սահմաններից բարձր է եղել 5 անգամ: Այս առումով Ժաննա Բեդյանն իր մտհոգությունը հայտնեց Մադան տանող ճանապարհաեզրերին սփռված մոշի և այլ հատապտուղների թփերի առկա վտանգների մասին, որից օգտվում է բնակչությունը: Ժաննա Բեդյանը նաև հայտնեց. «Քանի որ գերեզմանոցի շրջակա տարածքում և նրան հարող ճանապարհաեզրերի հողում հայտնաբերվել են մկնդեղի սահմանայինից խիստ բարձր քանակ, մենք փորձանմուշներ ենք վերցրել նաև «Լալվար» գետից, որը հոսում է հենց մկնդեղի գերեզմանոցի ստորոտով և թափվում է Դեբեդ գետը: Լաբորատոր ստուգումների արդյունքում Լալվար գետակի և Դեբեդ գետի փորձանմուշներում չեն հայտնաբերվել մկնդեղ»: Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային պետի տեղակալը գտնում էր, որ գերեզմանոցի և նրան հարող տարածքների, ինչպես նաև Մադան տանող ճանապարհաեզրերի հողում հայտնաբերված մկնդեղը բնապահպապանական լուրջ խնդիր է առաջացնում և կարևորում այդ տարածքը մկնդեղից մաքրելու անհրաժեշտությունը: Ժաննա Բեդյանի տեղեկատվությունը նաև փաստում է, որ գերեզմանոցից դեպի ճանապարհ անձրևաջրերի հոսքերի միջոցով մկնդեղը տարածվում է շրջակա միջավայրում, որը թեև առայժմ քաղաքի այլ հատվածներ չի հասնում, սակայն հետագա անհետևողականության դեպքում այն կարող է լուրջ վտանգներ առաջացնել նաև քաղաքի մյուս թաղամասերի համար:
Մեկնաբանել