HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսիի Երևանցոց Սուրբ Մինաս եկեղեցու տարածքում շինություններ են կառուցվում

Թբիլիսիի Երեւանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին աղետալի վիճակում է: Սուրբ Մինաս անարգել կարող է մտնել  յուրաքանչյուր ոք. դուռը բաց է, պատուհանները ճաղապատ չեն: Այն Վրաստանի տարածքում «վիճելի» համարվող 6 եկեղեցիներից մեկն է և գտնվում է Վրաստանի մշակույթի նախարարության բալանսում:  Երևանցոց Սուրբ Մինասը գտնվում է Հավլաբար թաղամասի Նոր Էջմիածին գործող եկեղեցուց ոչ հեռու: Այն ցանկապատված չէ, և վերջին տարիներին եկեղեցու տարածքի համար վեճեր են ծագում եկեղեցու հարևանությամբ ապրող բնակիչների միջև: Եկեղեցու տարածքում սկսել են շինություններ կառուցել: Այդ ընտանիքներից մեկն, օրինակ, իր տարածքը հարևաններից սահմանազատելու նպատակով աղյուսապատել է այն: Ցանկապատը գրեթե հասել է եկեղեցու պատին, և անցնելու տեղ այլևս չի մնացել (լուսանկարում): Մի քանի անգամ եկեղեցում հրդեհ է բռնկվել, և բնակիչների միջամտությամբ է հանգցվել այն: Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնի նախկին նախագահ Կարեն Էլչյանը «Հետքին» պատմեց, որ կառուցված շինությունների արդյունքում երեք կողմերից արդեն գրեթե անհնար է դարձել եկեղեցուն մոտենալը: «Մենք այդ եկեղեցիով զբաղվեցինք 2004-2005թթ-ին, 4-5 մեքենա աղբ հանեցինք, երկու օրվա ընթացքում մոտ 10 հոգով մաքրեցինք, դռանը կողպեք դրեցինք, դռները փակեցինք, իսկ բանալին մեր եկեղեցուն էինք փոխանցել»,- նշեց Կարեն Էլչյանը: Սուրբ Մինասի շուրջ կառուցապատումների և մաքրման անհրաժեշտության մասին նշվել է նաև օրերս նույն եկեղեցու մոտ «Բազմազգ Վրաստան» շարժման և Թբիլիսիահայերի ասամբլեայի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ժամանակ:  Ներկայացուցիչները որոշել են միջոցներ ձեռնարկել եկեղեցու տարածքում ապօրինի շինարարությունը կանխելու համար, ինչպես նաև պահանջել են մաքրման աշխատանքներ իրականացնել եկեղեցում, կոնսերվացնել այն` մինչև ճշտվի Սուրբ Մինասի հետագա կարգավիճակի հարցը: Փոքրամասնությունների պատմամշակութային հուշակոթողների պաշտպանության հարցով այս հանդիպմանը նշվել է նաև, որ հայ համայնքի պահանջների մասին կտեղեկացվեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև «վիճելի» համարվող մյուս ` Սուրբ Նորաշեն եկեղեցում մաքրման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Նշված հանդիպմանը ներկա են եղել նաև ներկայացուցիչներ հայկական դպրոցներիից, հայկական ոչ կառավարական կազմակերպություններից, այդ թվում նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ: Պահպանված տվյալների համաձայն` Սուրբ Մինասը կառուցվել է 1790 թվականին: Սկզբնական շրջանում եկեղեցին մեծ կառույց չի եղել, և 1870 թվականին անհրաժեշտություն է առաջացել առավել մեծացնել եկեղեցու շինությունը: Եվ 1883թ-ի հունվարի 2-ին հին եկեղեցու տեղը արդեն խոյացել է Երևանցոց Սուրբ Միասնը: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից և օգտագործվել է որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանցոց Սուրբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել, և տեղաբնակներն այնտեղ պահպանել են օգտագործման համար ոչ պետքական իրերը: Լուսանկարը` Նիկ Ակոպովի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter