HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Սպեկտրոգրաֆը թույլ կտա լուծել դիտողական բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչև այսօր մեզ համար դեռ երազանք են»

Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը հույս հայտնեց, որ 1-1,5 տարվա ընթացքում Ֆրանսիայից Բյուրական կտեղափոխվի մի կարևոր ու թանկարժեք սարք` սպեկտրոգրաֆ: Սպեկտրոգրաֆը ձեռք բերելու հավակնություն ունի աշխարհի 5-6 խոշոր գիտական կենտրոն, սակայն, Հայկ Հարությունյանի խոսքերով` սարքի տերերը հակված են, որ այն Բյուրականի աստղադիտարան տեղափոխվի: «Եթե դա տեղափոխվի Բյուրական, ապա Բյուրականի աստղադիտարանը դիտողական տեսակետից իր կարգը նորից կփոխի և շատ բարձր մակարդակի կհասնի: Սպեկտրոգրաֆի միջոցով հայտնաբերում են և հայտնաբերել են մեծ քանակությամբ արտաարեգակնային մոլորակներ: Դա այնպիսի սարք է, որ միայն այս խնդրի համար չէ. դա զգում է շատ շարժումներ, արագություններ, որ սովորական սարքերով մենք ի վիճակի չենք զգալ: Բյուրականի աստղադիտարանում գոյություն ունեցող սարքավորումներով մենք կարողանում ենք, ենթադրենք, 10, 20 կմ/վրկ արագությունը գրանցել: Այս սարքը թույլ է տալիս գրանցել 10 մ/վրկ արագությունը, այսինքն` 1000 անգամ ավելի զգայուն սարք է, և դա թույլ կտա լուծել դիտողական բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչև այսօր մեզ համար դեռ երազանք են»,- ասաց Հայկ Հարությունյանը: Նա հավելեց, որ որպեսզի այդ սպեկտրոգրաֆը բնականոն աշխատի, Բյուրականի աստղադիտարանը պետք է կարողանա իր մեծ դիտակը բերել իր լավագույն վիճակին` նաև ՀՀ կառավարության միջոցների և իտալական դրամաշնորհի հաշվին: Բյուրականի աստղադիտարանի 2,6 մետրանոց դիտակի հետ միասին սպեկտրոգրաֆը կունենա շատ մեծ հնարավորություններ: Սարքը երկար ժամանակ աշխատել է Ֆրանսիայի աստղադիտարանում, և ըստ ծրագրի` պետք է բարելավել դրա բնութագրերը, այնուհետև տեղափոխել Բյուրական: Գործընթացն արդեն սկսված է: Հայկ Հարությունյանի խոսքերով` աստղադիտարանը հաղթահարել է բոլոր ճգնաժամերը` կապված երիտասարդ կադրերի բացակայության հետ, խնդիր, որը ներկայումս ունեն գիտական բազմաթիվ հիմնարկներ: Նա նշեց, որ վերջին 5-6 տարիներին աստղադիտարանը կազմակերպել է միջազգային գիտաժողովներ, հայաստանցի ուսանողների համար դպրոցներ, երիտասարդ աստղաֆիզիկոսների համար միջազգային դպրոցներ: «Սա բերեց այն բանին, որ կարծեք թե, այնուամենայնիվ, մեր համալսարանում երիտասարդների մեջ ցանկություն առաջացավ աստղաֆիզիկայի բնագավառում աշխատելու: Վերջին 2 տարում ամեն տարի մենք աշխատանքի ենք վերցնում 4 երիտասարդի` դեռ սկսած մագիստրատուրայից: Այս տարի վերցրել ենք 4 հոգի մագիստրատուրայից և 3 հոգի նույնիսկ բակալավրիատից, որոնք լուրջ աշխատանք են կատարում աստղադիտարանում` կապված սարքաշինության, դիտակների, սարքերի վերականգնման հետ: Եվ այսօր ինձ մոտեցան ուսանողները (ես դասից եմ գալիս` համալսարանից) և բողոքեցին, որ իրենք ուզում են աստղաֆիզիկայի բնագավառում դիպլոմային աշխատանք գրել, բայց դեկանատում իրենց ասում են, որ «աստղաֆիզիկայում այլևս տեղ չկա, շատ-շատերն են ուզում»: Դա իհարկե, մեզ համար չափազանց ուրախալի է»,- ասաց Հայկ Հարությունյանը: Բանախոսը նշեց, որ աստղադիտարանի հիմնական խնդիրը ֆինանսավորումն է. ինչպես գիտության մյուս բնագավառներում, այնպես էլ աստղաֆիզիկայում պետական ֆինանսավորումը բավարար չէ նորմալ գիտական աշխատանքներ կատարելու համար: Միաժամանակ Հայկ Հարությունյանը նշեց, որ վերջին տարիներին որոշ քայլեր արվում են: «Գիտության պետական կոմիտեն սկսել է գումարներ հատկացնել նախագծերի տեսքով: Անցած տարի հայտարարվեց հայ-ֆրանսիական համատեղ ծրագրերի մրցույթ, զգալի գումար հատկացվեց այդ նպատակի համար, և 10 ծրագիր շահեց Հայաստանը: Ընդ որում, փորձագիտությունը անցկացվում էր Հայաստանում և Ֆրանսիայում առանձին. եթե 2 կողմից էլ բարձր գնահատական են ստանում, ապա այդ ծրագիրը ֆինանսավորվում էր: Դա 10 հզ. եվրոյի կարգի գումար էր: Եվ այդ 10 նախագծից Բյուրականի աստղադիտարանը ստացավ երեքը: Եթե հաշվի առնենք, որ միայն ակադեմիական ինստիտուտների թիվը 30-ից ավելի է, իսկ ընդհանրապես Հայաստանում ինստիտուտների թիվը, կարծում եմ, 60-70-ի է հասնում, ապա այդ ծրագրից 30 % ստանալը բավականին լավ է»,- ասաց Հայկ Հարությունյանը: Նա նշեց, որ Բյուրականի աստղադիտարանը սպասում է Հայաստանի արտգործնախարարության և Իտալիայի արտգործնախարարության միջև ստորագրվեն արձանագրություններ, որոնք հնարավորություն կտան երկրների միջև կնքված պայմանգրերին գործելու: «Մեր և իտալական մի շարք մասնագիտական կենտրոնների միջև ստորագրված է մոտավորապես քառորդ մլն եվրոյի, 2 տարվա պայմանագիր, որը նախատեսում է ինչպես սարքաշինություն, մեր մեծ դիտակի հետ կապված խնդիրների լուծում, այնպես էլ համատեղ աշխատանքներ, փաստորեն իտալական գումարների հաշվին այցելություններ Իտալիա և իտալացիների այցելություններ Երևան, Բյուրական»,- ասաց աստղադիտարանի տնօրենը: Նա ասաց, որ իրենք ցանկանում են աստղաֆիզիկայի բնագավառում Հայաստանում տարածաշրջանային կենտրոն ստեղծել: Հայկ Հարությունյանը հույս հայտնեց, որ Բյուրականի աստղադիտարանի հնարավորությունները, ներուժը, ենթակառուցվածքը, գիտաշխատողները և այն կապերը, որոնք գոյություն ունեն, այնուամենայնիվ, թույլ կտան տեղում ունենալ լուրջ տարածաշրջանային կենտրոն, որը կնպաստի նաև ֆինանսավորման խնդրի լուծմանը: Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնը նաև տարածաշրջանի համար աստղաֆիզիկայի բնագավառում մագիստրոսներ ու գիտությունների դոկտորներ կպատրաստի Սակայն այս ծրագիրը պահանջում է նախնական ֆինանսական ներդրում: Մինչդեռ այժմ թեև գիտական տեսակետից աստղադիտարանն ապահովված է աստղադիտակներով, բայց սոցիալական տեսակետից խնդիրները լուծված չեն նույնիսկ տեղացիների համար: Հայկ Հարությունյանը նշեց, որ այս պահին աստղադիտարանում եվրոպացի մասնագետներ չեն աշխատում, սակայն տարվա ընթացում միշտ արտերկրից մասնագետներ աշխատում են Բյուրականի աստղադիտարանում: Աստղադիտարանի տնօրենը նաև տեղեկացրեց, որ 2010 թ. սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 3-ը նախատեսվում է Բյուրականում անցկացնել Երիտասարդ աստղագետների 3-րդ միջազգային դպրոցը, որը հովանավորելու է Միջազգային աստղագիտական միությունը: Դպրոցին մասնակցելու հայտն է ներկայացրել արդեն 30-40 հոգի, որից մոտ 20-ը` Իրանի քաղաքացիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter