HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Պատասխանատվության ճգնաժամ. ինչո՞ւ է հույսն ընկել ՕԵԿ-ի վրա

Հանրապետության նախագահի հրամանագրերով Մանուկ Վարդանյանը ՕԵԿ քվոտայով նշանակվեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի, իսկ  Արմեն Երիցյանը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը այս պաշտոնները զբաղեցնող իր կուսակիցներին ետ կանչելու որոշումը բացատրեց կուսակցության նախաձեռնած լուրջ բարեփոխումներով: Իսկ թե ինչո՞ւ այդ պաշտոններում առաջադրվեցին այն մարդիկ, ովքեր միայն պաշտոնը ստանձնելուց հետո են դարձել կուսակցության անդամ, Ա. Բաղդասարյանը նշել է. «Երիցյանին ճանաչում եմ վաղուց, մենք ընկերներ ենք, համատեղ գիրք ենք հրատարակել, այնպես որ կա բարեկամություն թե իմ, թե մեր կուսակցության առաջին դեմքերի հետ: Նույնը կարող եմ ասել նաեւ Մանուկ Վարդանյանի մասին»: Արթուր Բաղդասարյանի բացատրություններն, իհարկե, որեւէ ռացիոնալ տրամաբանության չեն ենթարկվում: Նախ` ոչինչ չէր խանգարելու, որ նախարարների պաշտոններում Մհեր Շահգելդյանը եւ Գուրգեն Սարգսյանը մասնակցեին կուսակցության քաղաքական-գաղափարական կամ տնտեսական ոլորտների բարեփոխումներին: Երկրորդ` եթե առաջնորդվենք բաղդասարյանական տրամաբանությամբ, ապա շատ հանգիստ վաղը կամ մյուս օրը Բաղդասարյանը կարող է իր հետ միասին գիրք հրատարակած կամ բարեկամ հանդիսացող յուրաքանչյուր մեկին ներկայացնել իր «ենթակայությանը» հանձնված նախարարի պաշտոնում: Սակայն, տվյալ դեպքում խնդիրը Բաղդասարյանի անտրամաբանական հիմնավորումները չեն: Այլ այն, թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը գնում նման անսպասելի քայլի: Հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Բաղդասարյանը նշեց, թե այդ մարդկանց թեկնածությունները համաձայնեցված են եղել ՀՀ նախագահի հետ: Որ նախարարների ռոտացիան տեղի է ունեցել ոչ այնքան ՕԵԿ-ի կամքով, ցույց է տալիս նաեւ այն փաստը, որ նշյալ երկու գործիչներն էլ բացարձակապես որեւէ ընդհանրություն չունեին ՕԵԿ-ի հետ, իսկ այդ կուսակցությանն անդամակցել են, որպեսզի ամեն ինչ տեղի ունենա կոալիցիոն պայմանավորվածությունների շրջանակներում: Եթե ուշադրություն դարձնենք, թե Արմեն Երիցյանը եւ թե Մանուկ Վարդանյանը հանդիսանում են Սերժ Սարգսյանի թիմի անդամները, ովքեր իրենց ներկա ու նախկին պաշտոնավարման ընթացքում աչքի են ընկել հատկապես վարչական լծակների տիրապետման եւ կառավարման ունակություններով: Արմեն Երիցյանը հսկայական ազդեցություն ուներ ոստիկանական համակարգում, թերեւս ավելի շատ, քան գործող ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Իսկ Մանուկ Վարդանյանը մինչեւ 2009 թ. բավականին կազմակերպված կերպով իրականացնում էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` բավականին տարողունակ, ռիսկային մեծ պոտենցիալ ունեցող համակարգի կառավարումը, որից հետո Սերժ Սարգսյանը նրան տարավ նախագահական` իր խորհրդականի պաշտոնում պահելով որպես պահեստային տարբերակ: Կարելի է ասել, որ հանրապետության նախագահը այս նշանակումներով գործադիր իշխանության մեջ մեծացրեց իր ազդեցությունը հատկապես վարչական լծակների «տնօրինման» խնդիրը լուծելու տեսանկյունից: Սակայն հարց է առաջանում` ինչո՞ւ «Օրինաց երկրի» հաշվին: Նախ` Հանրապետականին պատկանող «պորտֆելներում» փոփոխություններ կատարելը ոչինչ չէր տա նախագահին, որովհետեւ դրանք առանց այն էլ միանշանակ իր տրամադրության տակ են: Իսկ «Բարգավաճ Հայաստանը» չափազանց անձեռնմխելի է հանրապետության նախագահի համար: Ավելին, ՕԵԿ-ի տեղերը փաստացի վերցնելով` նախագահը գործադիրում ուժեղացնում է իր դիրքերը հենց ԲՀԿ-ին հակակշռելու համար: Եվ միակ տարբերակը, որն ուներ նախագահը, «Օրինաց երկիրն» էր: Վերջինս կատարելապես գտնվում է նրա ազդեցության տակ: Այն հանգամանքը, որ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ-ը չվերածվեց քաղաքական դիակի, պայմանավորված էր բացառապես Սերժ Սարգսյանի տրամադրվածությամբ: Առանց կոալիցիայի ներկայիս հարաբերակցության պահպանման, ՕԵԿ-ը ներկայում միանշանակ լուսանցքային կուսակցություն էր լինելու: Հետեւաբար, ներկա իրավիճակում այս կուսակցության գերխնդիրը մնում է չսուզվելը, եւ դա ստիպում է համակերպվել նախագահի ցանկացած քմահաճույքի հետ: Չի կարելի բացառել, որ նման զիջման գնալու դիմաց ՕԵԿ-ն ակնկալում է 2012 թ. ընտրություններում որոշակի տեղեր ձեռք բերել խորհրդարանում` շարունակելով մնալ նախագահի «ստվերի» ներքո: Դա անուղղակիորեն հաստատել է հենց Արթուր Բաղդասարյանը` իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարելով, թե չի մասնակցելու 2013 թ. նախագահական ընտրություններին: «ՕԵԿ-ը եւ Հանրապետական կուսակցությունը` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, իրականացնում են ռազմավարական քաղաքական համագործակցություն, ստորագրել ենք փաստաթուղթ եւ հետեւողական ենք լինելու այդ փաստաթղթի դրույթներն իրականություն դարձնելու մեջ: Թե ի՞նչ ձեւաչափով կմասնակցենք ընտրություններին, ցույց կտա ժամանակը»,- հայտարարել է Բաղդասարյանը` ըստ էության հասկացնելով, որ դեմ չի լինի ՀՀԿ-ի հետ հետագայում եւս կոալիցիա կազմելու տարբերակին: Այնպես որ, կարելի է  արդեն իսկ պնդել, որ Կառավարությունում տեղի ունեցող կադրային այս փոխատեղումները հստակ պայմանավորվածությունների արդյունք են. ՕԵԿ-ը նախագահին օրենսդիր մարմնում ուժեղանալու, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրսը իր ձեռքում կենտրոնացնելու հնարավորություն է տալիս, իսկ նախագահը երաշխավորում է, որ ՕԵԿ-ը մարգինալացման վտանգի առաջ չի կանգնի: Սակայն, մյուս կարեւոր հարցն այն է, թե ինչո՞ւ է նախագահին պետք հենց հիմա նման կտրուկ քայլերի դիմել: Վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները հուշում են, որ նախագահի համար ներքին քաղաքական իրավիճակը վերահսկելը դարձել է չափազանց բարդ խնդիր: Ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը պատասխանատվության հիմնական սլաքներն ուղղում է դեպի գործադիրը, իսկ վերջինս, ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, փորձում է պատասխանատվության մի մասը բարդել կոալիցիոն մյուս ուժերի վրա: Դրա ուղղակի վկայությունն էր գյուղատնտեսության նախարարին խիստ նկատողություն հայտարարելը: Ստեղծված այս իրավիճակը լավագույնս փորձում է օգտագործել «Բարգավաճ Հայաստանը»` անուղղակի կերպով քննադատության ենթարկելով վարչապետի իրականացրած տնտեսական քաղաքականությունը: Գագիկ Ծառուկյանի խիստ, կոշտ քննադատությունը` ուղղված ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի դեմ, հենց այս քաղաքական ուղեգծի արտաքին դրսեւորումներից է: Գագիկ Ծառուկյանը նման կոշտ գնահատականներ հնչեցրեց` շատ լավ իմանալով, որ Երիցյանը Հանրապետական կուսակցության եւ կոնկրետ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցիչ է: Ի պատասխան Ծառուկյանի որակումների` օրերս էկոնոմիկայի նախարարը հանդես եկավ հրապարակային պատասխանով, որի շեշտադրումները բավականին խոսուն են. «Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարներին եւ նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի Հանրապետության նախագահն ու վարչապետը»: Տվյալ դեպքում էականը ոչ թե ինքնին պատասխանն է, այլ այն փաստը, որ շեշտադրվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախարարներին գնահատելու «խորհուրդը»: Փոխադարձ պատասխանում ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին մատնացույց է անում իրականացվող տնտեսական քաղաքականությունը. «Գագիկ Ծառուկյանը կոնկրետ Ներսես Երիցյանի աշխատանքի մասին փոխանցել է հանրության կարծիքը, այն հանրության, որն ամեն օր իր մաշկի վրա է զգում նաեւ Ներսես Երիցյանի տնտեսական քաղաքականության հետեւանքները»,- ասել է Զոհրաբյանը: Տեղին է նշել նաեւ, որ ԲՀԿ-ն սկսել է արդեն դեմ արտահայտվել նաեւ իշխանության իրականացրած արտաքին քաղաքականությանը: Մասնավորապես, ի տարբերություն հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար Թուրքիայի առջեւ «ողջամիտ ժամկետներ» դնելու հետ կապված նախագահի կեցվածքի` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն օրերս խորհրդարանում հայտարարեց, որ դրա համար Թուրքիան ընդամենը մինչեւ ապրիլի 24-ը ժամանակ ունի: Իրավիճակն ավելի է բարդանում, եթե նկատի ենք առնում, որ վարչապետից եւ նրա գործունեությունից դժգոհ են նաեւ հենց Հանրապետական կուսակցության ներսում: Օրեր առաջ ԱԺ ամբիոնից Հովիկ Աբրահամյանի` վարչապետին ուղղված քննադատությունը դրա ուղղակի արտահայտությունն է: Այսինքն` ակնհայտ է, որ կառավարման եւ քաղաքական որոշումների կայացման հարցում պատասխանատվության ճգնաժամ է հասունանում: Քաղաքական ուժերը փորձում են հնարավորինս ձերբազատվել ստեղծված այն իրավիճակի համար պատասխանատվությունից, որն առկա է երկրի ներքին, արտաքին հասարակական-քաղաքական կյանքում: Նախագահը լուրջ քաղաքական լծակներ չունի այս պահին` կանխելու ներկայիս զարգացումը, որովհետեւ հիմնական ուշադրությունը սեւեռված է արտաքին մարտահրավերներին: Սա լուրջ իրավիճակ է եւ դժվար է ասել` նախագահի ձեռնարկած այս կադրային տեղափոխությունները կարո՞ղ են որեւէ էական արդյունք տալ, թե՞ ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter