HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձր գնահատական Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեությանը Հայաստանում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրոուի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը` նպաստելով դրա արդյունավետության բարձրացմանը։ Կառավարության ղեկավարը շեշտել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ՎԶԵԲ-ի տեսլականը օգտակար կարող է լինել Հայաստանի համար։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թոմաս Միրոուն ներկայացրել է ՎԶԵԲ-ի գնահատականը հետճգնաժամային իրավիճակի վերաբերյալ։ Անդրադառնալով ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությանը` ՎԶԵԲ-ի նախագահը նշել է, որ անցած տարի կառույցը զգալիորեն մեծացրել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը եւ այսուհետ եւս կշարունակի պահպանել դրա բարձր մակարդակը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տնտեսության մեջ ՎԶԵԲ-ի ներգրավվածության մեծացմամբ եւ առաջարկել ՎԶԵԲ-ի ապագա տարեկան ժողովներից մեկն անցկացնել Երեւանում։ Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության ուղղությունները եւ իրականացված ծրագրերը` ենթակառուցվածքների զարգացման, փոքր եւ միջին ձեռնարկատերերի օժանդակության ուղղությամբ, ինչպես նաեւ օպերատիվ շտաբի գործունեությունը։ Թոմաս Միրոուն բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացված մակրոտնտեսական քաղաքականությունը։ Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները։ Կարեւորելով տարածքների համաչափ զարգացումը` կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է գյուղատնտեսության արդիականացումը եւ գյուղատնտեսության զարգացման մոդելի մշակումը։ Ի թիվս առաջնային ծրագրերի կարեւորվել են Զվարթնոց օդանավակայանում լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու գյուղմթերքների արտահանման մեծածախ շուկայի ձեւավորումը։ Վարչապետն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ի մասնակցությունն այդ ծրագրերին կբարձրացնի դրանց հեղինակությունը եւ կխթանի ազատ տնտեսական գոտում խոշոր ընկերությունների ներգրավումը։ Բանկի նախագահը պատրաստակամություն է հայտնել փորձագիտական օժանդակություն տրամադրել ծրագրի իրականացման առաջին փուլերում։ Անդրադառնալով միջնաժամկետ առաջնահերթություններին` զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի մասնակցությամբ էներգետիկ եւ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի համար էական է նաեւ տրանսպորտային հաղորդակցության զարգացման տարածաշրջանային մոդելի մշակումը։ ՎԶԵԲ-ի նախագահը գոհունակությամբ ողջունել է հնչեցրած մոտեցումը։ Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ բիզնես եւ ներդրումային միջավայրի բարելավման անհրաժեշտությունից։ Մասնավորապես կարեւորվել է ՓՄՁ աջակցության մեխանիզմների ձեւավորումը եւ ընդլայնումը։ Հանդիպման ավարտին կողմերը կարեւորել են սերտ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter