HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Այնպիսի~ խառնաշփոթ է ստեղծվելու»

Արդյոք 2012 թ.-ից կկիրառվի՞ նոր օրացույց ՄԱԿ-ը և Օրացույցների համաշխարհային ասոցիացիան առաջարկում են փոխել գործող Գրիգորյան օրացույցը, և 2012 թ.-ից կիրառել նոր օրացույց, որը նախատեսում է 35 և 28 օր ունեցող ամիսներ: Այսօր կազմակերպված ասուլիսին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն ասաց, որ ՄԱԿ-ի առաջարկած օրացույցը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու: «Դա դրված է ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովի քննարկմանը, բայց երբ գա իսկապես դա կիրառելու ժամանակը, այնպիսի~ խառնաշփոթ է ստեղծվելու»,- ասաց Հայկ Հարությունյանը: Նոր օրացույցի կողմնակիցները նշում են. «Ինչո՞ւ պետք է մի տարին սկսվի երկուշաբթիով, մյուսը` կիրակիով, մյուսը` շաբաթով: Եկեք այնպես անենք, որ բոլոր տարիները ճիշտ նույնը լինեն, ինչպես օրվա ժամերն են. օրը սկսվում է գիշերվա ժամը 12-ին, վերջանում 12-ին, և տարբերություն չկա` դա կիրակի՞ է, թե՞ շաբաթ, սեպտեմբերի երկո՞ւսն է, թե՞ հունվարի 11-ը»: Դրա համար 2 տարբերակ է առաջարկվում: Ըստ մեկ առաջարկի` բոլոր եռամսյակները պետք է ունենան 91 օր: 91-ը բաժանվում է 7-ի, հետևաբար եռամսյակի մեջ բոլոր շաբաթները «իրենց տեղում են մնում»: Սակայն այդ դեպքում ստացվում է 364 օր: Տարվա վերջին մի օրվա` դեկտեմբերի վերջին օրվա անունը ուզում են դնել համաշխարհային օր, որը շաբաթվա օր չի համարվի և օրացույցի մեջ, այսպես ասած, գոյություն չի ունենա: Այսպիսով, ստացվում են 91-օրանոց եռամսակներ` բաղկացած 30, 30, 31 օրից: Այս դեպքում եռամսյակը ստանդարտացված է: Ըստ մյուս առաջարկի` եռամսյակի ամսիները պետք է բաղկացած լինեն 28, 28, 35 օրից: Այս դեպքում ամսիներն են ստանդարտացված, այսինքն` բոլոր ամիսները նույն օրվանից են սկսվում: Փոփոխությունը հիմնավորվում է բնապահպանական խնդիրներով. փոփոխության կողմնակիցներն ասում են, թե այս դեպքում մեկ անգամ օրացույց կտպեն և տարիներ շարունակ այլևս չեն տպի` խնայելով թուղթ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ծառեր չեն հատվի: Հայկ Հարությունյանը նշեց, որ այս փոփոխությունների` կիրառության մեջ մտնելու դեպքում ամսվա որոշակի օրերին ծնված մարդիկ «կզրկվեն» իրենց ծննդյան օրերից. հայտնի չի լինի, թե որն է նրա ծննդդյան օրը: Եվ սա միակ խնդիրը չէ: «Ցանկացած քաղաքացիական օրացույցից բացի` գոյություն ունեն նաև կրոնական օրացույցներ, կրոնական տոներ, որոնք այսպես թե այնպես կապված են լուսնի շարժումների, լուսնի փուլերի հետ: Այսինքն` այսպես թե այնպես այդ օրացույցները շարունակելու են տպագրվել»,- ասաց Հայկ Հարությունյանը: Նա հավելեց, որ ժամանակի ընթացքում օրացույցը անընդհատ ճշգրտվել է: Օրացույցը հիմնված է բնական պարբերական երևույթների (օրվա, տարվա, լուսնային ամսվա տևողություն) վրա, ըստ որոնց մարդը փորձել է չափել իր ժամանակը: Հայկ Հարությունյանը նշեց, որ ժամանակին եղել են արեգակնային ու լուսնային օրացույցներ, որոնք ի վերջո Հուլիոս Կեսարի ժամանակ փոխարինվեցին մեկ արեգակնային օրացույցով: Այս օրացույցը հաշվի էր առնում այն, որ տարվա տևողությունը ոչ թե 365 օր է, այլ մոտ 365,24, այսինքն` այն, որ տարվա մեջ ոչ թե ամբողջ օրեր են, այլ կոտորակվող: Աստղադիտարանի տնօրենի խոսքերով` խնդիրը շատ հեշտ կլուծվեր, եթե տարվա մեջ ամբողջ օրեր լինեին` բոլոր տարիները նույնքան օր ունենային, սակայն այդպես չէ: Դեռ ավելին` ժամանակի ընթացքում շատ դանդաղ փոխվում են օրվա տևողությունը, տարվա տևողությունը և այլն: Հենց այս պատճառով էլ Հուլիոս Կեսարը 4 տարին մեկ մտցրեց նահանջ տարին, որպեսզի «առաջ գնացած» տարին «հետ գա» իր տեղը: Հետագայում ևս այսպիսի ճշգրտման բարեփոխում եղել է: «Այսինքն` բոլոր ռեֆորմները ճշգրտման նպատակ ունեին: Այն, ինչի մասին հիմա խոսում են, ճշգրտման որևէ նպատակ չունի, այլ ունի հարմարեցման նպատակ: Սա պարզապես, ես կասեի, ժամանակակից գլոբալիզացիայի արտահայտություններից մեկն է, որը, ըստ էության, որևէ ճշգրտում, որևէ լուրջ հիմք չունի»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter