HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծողը մեղադրյա՞լն է, թե՞ ոստիկանը

Լոռու մարզի Ախթալա քաղաքի Շահումյան 6/5 շենքի բնակիչ Մարիամ Կարապետյանը դիմել է «Հետք»-ին 2009թ.-ին դեկտեմբերի 22-ին ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակից Գեղամ Մաշինյանի կողմից իր որդուն` Արամայիս Կարապետյանին բռնությունների ենթարկելու և Թումանյանի քննչական բաժնի կողմից որդու նկատմամբ «Խուլիգանության» մեղադրանք հարուցելու համար: «Դեկտեմբերի 22-ին հարսիս և տղայիս միջև ընտանեկան վեճ է ծագել: Հարսս երեխային վերցրել և գնացել է իր պապի տուն: Երեկոյան տղաս գնացել է նրա հետևից, որ տուն վերադարձնի: Վեճ ու կռիվ է առաջացել: Հարևանները ոստիկանություն են կանչել: Ես էլ եմ գնացել տղայիս հետևից: Երբ ոստիկան Գեղամ Մաշինյանը տուն մտավ և հարցրեց, թե ինչ է պատահել: Տղաս, որ նստած էր աթոռին, ոտքի կանգնեց և առաջարկեց ոստիկանին նստել: Նա տղայիս ապտակեց: Ես հարցրի, թե ինչի համար խփեց որդուս: Երկրորդ անգամ էլ նա որդուս խփեց. տղայիս բերանից արյուն եկավ: Տղաս չդիմացավ, նա  էլ ոստիկան Գեղամին հրեց: Գեղամը զանգահարեց բաժին, որից հետո 3 ավտոմեքենա ոստիկաններ եկան: Արամայիսը վախենում էր. չէր ուզում ոստիկանության ավտոմեքենա նստել: Ուրիշ ավտոմեքենա ենք վարձել, որով էլ նրան տեղափոխել ենք ոստիկանություն: Ոստիկանության շենքի ներսում Գեղամը նորից խփեց տղայիս: Ես դրսում տղայիս  գոռոցը լսեցի: Ձայնի վրա ոստիկանության պետն էլ իր աշխատասենյակից դուրս եկավ: Ես մի կերպ ներս մտա, տեսա տղաս նարդիվանի վրա չոքել է: Շուրջ 5 րոպե նա  չէր կարողանում կանգնել: Այլևս չկարողացավ գնալ խմածությունը ստուգող բժշկի մոտ: Վերջինիս բերեցին, որն էլ, առանց անալիզ վերցնելու, գրել է` շատ մեծ դոզայով խմածություն: Որդիս  բժշկին խոստովանել էր, որ խմած է: Թումանյանի ոստիկանապետի աշխատասենյակում հարցաքննելուց հետո Թումանյանի քննչական բաժանմունքի պետ Ռուդիկ Ստեփանյանի կողմից Արամայիսի նկատմամբ մեղադրանք է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննչական բաժանմունքի պետ Ռուդիկ Ստեփանյանը  առաջարկել է նույն հոդվածով մեղադրանք հարուցել նաև իմ դեմ, իբր մենք խմբակային խուլիգանություն ենք արել և հանձնարարել է ինձ չբացակայել քաղաքից»,- պատմում է Մարիամ Կարապետյանը: Մարիամ Կարապետյանի որդուն ծեծելու համար ոստիկանի դեմ բողոքը ոստիկանությունում անբարենպաստ միջավայր է ստեղծել նրա կալանավորված տղայի համար: «2010 թ.-ի փետրվարի 8-ին ինձ դիմել է Մարիամ Կարապետյանը` հայտնելով, որ իրեն որպես կասկածյալ հրավիրել են ոստիկանության բաժանմունք: Ես, որպես պաշտպան, նրա հետ ներկայացել եմ ոստիկանություն, քանի որ ինձ ներկայացվել էր իրադրությունը: Մենք միաժամանակ ինքնաբացարկի միջորդություն ենք ներկայացրել քննիչին, այն հիմքով, որ ոստիկանի անօրինական գործողությունների դեմ Մարիամ Կարապետյանի դատախազությանն ուղղված դիմումը, դատախազ Հայկ Մովսեսյանի մակագրությամբ, հանձնվել էր Արամայիս Կարապետյանի գործով զբաղվող ավագ քննիչ Նարեկ Սիրադեղյանին: Միջնորդությունը գրելիս ի նկատի ենք ունեցել, որ ոստիկանության քննիչը նույն բաժանմունքում աշխատող ոստիկանի դեմ բողոքը չի կարող անաչառ քննարկել: Ինքնաբացարկից հետո մեզ ոչ մի անգամ չեն կանչել, ուղղակի ես հանդիպել եմ քննիչին և բանավոր նրանից իմացել, որ այլևս Մարիամ Կարապետյանը կասկածյալ չէ. նրա նկատմամբ խափանման միջոցը վերացված է»,- ասաց Մարիամ Կարապետյանի պաշտպան Ալեքսանդր Ծատինյանը: Դիմումը 2009թ.-ի դեկտեմբերի 23-ից առ այսօր մնացել է անպատասխան: Մարիամ Կարապետյանն իր պատմության ընթացքում չանրադարձավ  հարսի` Նվարդ Մկրտչյանի նկատմամբ որդու կողմից կատարված բռնությունների ու հայհոյանքների պատճառներին: Ընդամենն ասաց. «Հարսս արդեն դիմում է գրել քնիչին, որ չի բողոքում և խնդրում է մեղմ վերաբերվել ամուսնու նկատմամբ»: Նվարդ Մկրտչյանն էլ ներկայացրեց ամուսնու բնութագիրն ու պատմեց կռվի շարժառիթները. «Ես մտածում եմ, որ ամուսինս կալանավայրից կազատվի և մենք նորից միասին կլինենք: Ես դեկտեմբերի 23-ին ամուսնուս դեմ ցուցմունք եմ տվել: Այդ ժամանակ շատ ջղայնացած եմ եղել, սակայն դեկտեմբերի 24-ին ես Արամայիսի փաստաբանի մոտ եմ գնացել և ասել, որ ամուսնուս հետ արդեն հաշտվել եմ և չեմ բողոքում: Նույնը գրել եմ նաև ոստիկանության քննիչին: Փետրվարի 17-ին ես նորից եմ դիմում գրել քննիչին, որ ես իմ ամուսնու հետ հաշտվել եմ և բողոք չունեմ: Մենք ամուսնուս հետ մինչ այս կռիվը լեզվակռիվ ենք ունեցել, սակայն առաջին անգամն է, որ Արամայիսն ինձ խփել է: Պատճառն էլ այն է, որ սկեսուրս Արամայիսին  ասել է, որ մեր երեխան Արամայիսից չէ, նա էլ այդ պատճառով ինձ ապտակել է սկեսուրիս տանը, հետո երեկոյանը կռիվը շարունակել է պապիս տանը»: Նվարդ Մկրտչյանը նաև ասաց, որ սիրում է ամուսնուն և վատ է զգում կատարվածի համար: Արամայիս Կարապետյանի շահերի պաշտպան Ռոման Կոնինյանը գտնում է, որ կռվի պատճառները կենցաղային են. «Արամայիսն ինձ ասում է, որ ինքը ոչ պապին է խփել, ոչ տատին, ոչ էլ նրանց հայհոյել է: Ասում է, որ իր գործողությունն ուղղված են եղել միայն կնոջ դեմ: Այն, որ ոստիկան Գեղամ Մաշինյանն ուժեղ հարվածել է Արամայիս Կարապետյանի դեմքին, դրա հետևանքով առաջացած վնասվածքները ես տեսել եմ Արամայիսի դեմքին: Նրա դեմքը կապտած և ուռած էր: Արամայիսն ինձ ասաց, որ ոստիկանության աշխատակիցն է իրեն հարվածել»: Փաստաբան Ռ. Կոնինյանը գտնում է, որ Արամայիս Կարապետյանի կողմից կատարված արարքի մեջ բացակայում է նախաքննության մարմնի կողմից  առաջադրված մեղադրանքը` խուլիգանությունը: Այդ կապակցությամբ 2010 թ.-ի հունվարի 19-ին առաջադրված մեղադրանքը վերաորակելու պահանջով նա միջնորդություն է ներկայացրել Թումանյանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Նարեկ Սիրադեղյանին: Միջնորդագրում փաստաբանը փաստարկել  է. «Արամայիս Կարապետյանի կողմից կատարված արարքի մեջ բացակայում է ՀՀ Քր.օր.-ի 258 հոդվածով սահմանված հանցակազմը, քանի որ խուլիգանությունը դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն արտահայտվում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»: Փաստաբանը գտնում  է, որ իր պաշտպանյալի «անօրինական գործողությունները ուղղված են եղել ոչ թե հասարակության, այլ կոնկրետ իր կնոջ և նրա պապի` Մեխակ Մկրտչյանի դեմ»: Միջնորդությունը Լոռու մարզի դատախազ Հայկ Մովսեսյանը փետրվարի14-ին մերժել է` հիմնավորված չլինելու պատճառով: Պաշտպանը մեղադրական հոդվածի վերաորակման պահանջով հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը փետրվարի 18-ին դատավոր Մուշեղ Հարություննանի կողմից մերժվել է: Մենք զրուցեցինք նաև գործի նախաքննությունը վարող Թումանյանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Նարեկ Սիրադեղյանի հետ: Նա ասաց, որ նախաքննությամբ ձեռք բերած ապացույցներով հիմնավորել է, որ Արամայիս Կարապետյանը 2009թ.-ի դեկտեմբերի 22-ին կենցաղային հողի վրա վիճաբանել է կնոջ հետ, ապա վիրավորել ու ծեծի ենթարկել վերջինիս ու նրա պապին, սակայն մի պահ դուրս գալով բնակարանից, բազմաբնակարան շենքի շքամուտքում երեկոյան ժամին բարձրաձայն հայհոյանքներ է տվել Մկրտչյանների ընտանիքի հասցեին: Նա  իր մոր հետ կոտրել է հիշյալ բնակարանի դուռը, և նրանք շարունակել են իրենց սանձարձակ գործողությունները: Քննիչը հայտնեց, որ բացի այդ, Արամայիս Կարապետյանը վիրավորել է դեպքի վայր ժամանած հասարակական կարգի խախտումը խափանող ոստիկաններին: Դատարանում նախաքննության նյութերով նախապատրաստվող մեղադրանքում Արամայիս Կարապետյանին լուրջ մեղադրանքներ են սպասվում ոստիկաններին վիրավորելու համար, իսկ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու համար, բնականաբար, ոչինչ չի սպասվում: Ստեղծված իրավիճակում պաշտպան Ռ. Կոնինյանը հույս է փայփայում, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրական հոդվածի վերավորակման պահանջը կպաշտպանի դատաքննության ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter