HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 1-ին սպանվածների հարազատները՝ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովին

Մարտի 1-ին սպանվածների հարազատները նամակ են գրել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Դիկ Մարտիին, Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ Ջ. Պրեսկոտին եւ Ա. Ֆիշերին, ԵԽ Մարդու իրավունքների Հանձնակատար Թոմաս Համերբերգին: Նամակում մասնավորապես ասվում է. 

Հարգելի տիկնայք եւ պարոնայք,
Հարգելի համազեկուցողներ,
Զարմանք եւ հիասթափություն է առաջացնում Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների հեղինակած նոր բանաձեւի նախագիծը: Մեզ համար, վստահ ենք նաեւ Ձեզ համար, այլեւս գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները, ցանկանալով ամեն գնով լռեցնել ժողովրդի բողոքի ձայնը եւ պահպանել կեղծված ընտրությունների միջոցով զավթած իշխանությունը,   հրահանգեցին ոստիկանությանը եւ ՀՀ զինված ուժերի ծառայողներին կրակ բացել ցուցարարների վրա, որի արդյունքում զոհվեցին մեր որդիները` 10 հոգի:

Հենց այդ հանգամանքի պատճառով է, որ չեն բացահայտվում սպանությունները` անաչառ քննության ընթացքում ակնհայտ կդառնան իշխանությունների հանցագործությունները: Իշխանությունների վախը ճշմարտության առջեւ ցուցաբերվեց նաեւ փաստահավաք խմբի ցրումով այն պահին, երբ խումբը սկսեց գրանցել հաջողություններ` սպանությունների բացահայտման գործում:

Ձեր կողմից հեղինակած նոր բանաձեւի նախագիծը հակասում է ձեր իսկ կողմից ապրիլին հեղինակած հետեւյալ մտքին. «Մարտի մեկի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած 10 մահվան դեպքերի պատշաճ քննության բացակայությունը շարունակում են թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը և կարող են բացասական ազդեցություն ունենալ հաջորդ տարվա ընտրությունների վրա»: Այն կտրուկ հակասության մեջ է նաեւ ԵԽ Մարդու իրավունքների Հանձնակատար Թ. Համերբերգի այն պնդման հետ, որ «2008թ.  մարտի 1-ին ուժի կիրառումը եղել է անհամաչափ, իսկ 10 մահվան դեպքերի հետաքննությունը` անարդյունավետ»:

Այդ ի՞նչ է տեղի ունեցել, որ դուք նման կտրուկ շրջադարձ եք կատարել ձեր իսկ սկզբունքային դիրքորոշումից եւ հանդուրժելով մարդասպանների ազատության մեջ մնալը, խոսում եք «Մարտի 1-ի էջը փակելու» մասին: Դա չի կարող լինել Սերժ Սարգսյանի` հինգ ամիս առաջ իրավապահ մարմիններին տրված հանձնարարությունը, քանի որ արդյունքն առ այսօր զրոյական է, իսկ ձեր վերջին առաջակությունից հետո արդեն հաստատ ոչինչ չի ել արվելու: Այս պարագայում ձեր նախաձեռնությունը փակելու Մարտի մեկի էջն անբացատրելի է եւ խորացնում է մեր կասկածը` Հայաստանի ավտորիտար եւ անազնիվ իշխանությունների հետ մութ գործարքներում ներգրավվելու վերաբերյալ: 

Ի՞նչ է տալու մեր ժողովրդին Մարտի մեկի էջի փակման` ձեր առաջարկությունը: Իշխանությունները օգտվելու են ձեր խորհուրդներից եւ առաջիկայում ՀՔԾ-ն կտարածի լղոզված մի հաշվետվություն` չբացահայտման պատասխանատվությունը դնելով ժողովրդի վրա: Իսկ հասարակությունն էլ հիասթափվելու է ԵԽ-ից, որը թեեւ համարվում է մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկը, բայց մեր պարագայում դարձել է մարդասպանների` Ոստիկանական համակարգում անխափան պաշտոնավարման եւ Հայաստանում անպատժելիության մթնոլորտի երաշխավորը:

Այս տարվա մայիսին ԵԽ ՄԻ Հանձնակատարը, նշելով, որ 10 մահվան դեպքերի քննությունը եղել է անարդյունավետ, ընդգծել էր. «Պատասխանատուներից և ոչ մեկն առ այսօր չի բացահայտվել: Ոստիկանական և անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների հրամանների համար պատասխանատվությունը թվում է, որ երբեք չի դիտարկվել լրջորեն:

Հայկական իշխանությունները պետք է վճռականորեն  շարունակեն այդ հետաքննությունները և պատասխանատվության ենթարկեն բոլոր մեղավորներին: Տաս զոհերի ընտանիքները պետք է ստանան համապատասխան փոխհատուցում իրենց հարազատների կորստյան համար և պետք է լիարժեք կերպով ներգրավվեն և տեղեկացվեն հետաքննության ընթացքին»: Այս հանձնարարականները հավասարապես անտեսել են եւ’ Հայաստանի իշխանությունները, եւ’ ԵԽԽՎ համազեկուցողները:

Մենք, զոհվածների ծնողներս գտնում ենք, որ Մարտի մեկի էջը կարելի է փակել միայն այն ժամանակ, երբ պատասխանատվության ենթարկվեն սպանության բոլոր մասնակիցները եւ պահանջում ենք, որ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովը` հավատարիմ մնալով իրեն վստահված լիազորությունների սկզբունքներին, վերանայի իր մոտեցումները եւ վերջապես ստիպի ՀՀ ներկայիս հանցագործ իշխանություններին պատասխան տալ մեր որդիների սպանության համար:    

Ալլա Հովհաննիսյան՝ 2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայր
Ջեմմա Վարդումյան՝ 2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Դավիթ Պետրոսյանի մայր
Էդիկ Հարությունյան՝ 2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Սամվել Հարությունյանի հայր
Վաչագան Ֆարմանյան՝ 2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Արմեն Ֆարմանյանի հայր
Լիլիա Մինասյան՝ 2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Հովհաննես Հովհաննիսյանի կին
Ռուզաննա Հարությունյան՝ 2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի մայր
Սարգիս Քլոյան՝ 2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter