Իրենք իրենց են զսպում
«Ես հակառակը կասեմ` մենք մեր ձեռքով հենց մեզ ենք զսպում, իշխանությունը իր ձեռքով ինքն իրեն է զսպում»,- անդրադառնալով մամուլին վերաբերող վերջին օրինագծին` հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
«ՉԻ» - Ինչպես հայտնի է` օրինագծի «մեխն» այն է, որ սրանից հետո «զրպարտելու» և «վիրավորելու» համար ոչ թե լրագրողներին քրեական պատասխանատվության են ենթարկելու, այլ տուգանելու են այդ լրատվամիջոցներին` առանց որևէ մեկին բանտ նստեցնելու:

Հիմա, ըստ Գալուստ Սահակյանի, ստացվում է, որ իշխանություններն անընդհատ ցանկություն են ունենում բանտարկել անցանկալի լրագրողներին և որպեսզի հանկարծ «անկախ իրենցից» նման բան չանեն, իրենք իրենց զսպող օրինագիծ են ընդունել: Բայց ինչպե՞ս են իշխանություններն «իրենց ձեռքով իրենք իրենց զսպում»: Փաստորեն, իշխանությունները սրանից հետո լրատվամիջոցներին չեն զրպարտելու և չե՞ն վիրավորելու: Բայց նրանք առաջ էլ այդ գործով չէին զբաղվում:
Հ.Գ. Հուսով ենք` Գալուստ Սահակյանի բանավոր խոսքի ուղղակի մեջբերումը չի ընկալվի որպես նրա հասցեին հնչած վիրավորանք: Այդպիսին կարող է լինել միայն այդ մեջբերումից բխող եզրակացությունը, բայց դա արդեն մեր խնդիրը չէ:
Մարքսիստի նոր առաքելությունը
«Բարոյական առումով վերջապես այսօրվա կոմունիստներն իրենց մեջ ուժ կգտնե՞ն, կարթնանա՞ կոմունիստական առյուծը լոթարինգյան քնից` իր ողջ համախոհ ճամբարը կմոբիլիզացնի՞ և իր քաղաքական տիրույթից դուրս կշպրտի՞ լիբերալ շահատակություններով զբաղվող ավազակներին: 15 տարի է` նրանց միանվագ քամանչան լալիս է` «Էրեգ լավ էր, քանց վուր էսօր». բա ո՞նց անենք, որ վաղն էլ լավ լինի, ու ազգը փրկենք կենսաբանական կործանումից»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում պատմելով իր նոր գործունեության մասին` ասաց մարքսիստ Դավիթ Հակոբյանը:
Էլի թանկացավ
Երեկ Երևանի բենզալցակայաններում բենզինի բոլոր տեսակների գները բարձրացան ևս 10-ական դրամով: Այսպիսով, «Ռեգուլյար» տեսակի բենզինը երեկվանից վաճառվում է 390 դրամով, «Պրեմիումը»` 410 դրամով, իսկ «Սուպերը»` 440 դրամով:
Նշենք, որ սա միայն այս ամսվա ընթացքում արդեն երրորդ թանկացումն է: Առաջինը տեղի ունեցավ մարտի 3-ին, երկրորդը` մարտի 10-ին: Փաստորեն, մարտ ամսվա ընթացքում բենզինի բոլոր տեսակները թանկացել են արդեն 30-ական դրամով:
Դեռ աշխատանքի չի գնում
Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը, որը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի եթերի վերահսկողական-համակարգողի նոր ստեղծված պաշտոնում, ըստ թերթի տեղեկությունների, դեռ աշխատանքի չի գնում:
Ասում են` այս օրերին գործերի «ընդունում-հանձնում» է ընթանում նրա և նորանշանակ մամլո խոսնակի` Արմեն Արզումանյանի միջև: Իսկ երկու օր առաջ Ֆարմանյանն ու Արմեն Արզումանյանի տեղում հեռուստատեսության գործադիր տնօրեն նշանակված Արմեն Ամիրյանն այցելել են Նորքում գտնվող հեռուստատեսության մասնաշենք, այնտեղ մեծ ժողով անցկացրել, ծանոթացել աշխատակազմի հետ:
Մեր խնդրանքը թուրքերին
«Ընդհանուր առմամբ, մեզ համար անսպասելի չէր, որ թուրք պաշտոնյան կարող է նման արտահայտություններ անել: Մի բան է զարմացնում` մարդը նույն օրը մի լսարանում հայտարարում է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, պետք է աշխատենք այդ ուղղությամբ, քայլեր ձեռնարկենք, գործընթացին դրական ազդակ հաղորդենք, մեկ այլ լսարանում, մտնելով իրական կերպարի մեջ, հոխորտում է, սպառնում արտաքսել հայերին և այլն:
Ուղղակի մի խնդրանք ունեմ թուրքերից, որ արտաքսումը Դեր-Զորով չանեն»,- թերթի հարցին ի պատասխան` երեկ ասաց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետի սկանդալային հայտարարությանը Թուրքիայում անլեգալ աշխատող «100 հազար» մեր համաքաղաքացիներին վտարելու վերաբերյալ:
«Մենք չենք ուզում լինել Թալեաթի, Էնվերի և մյուսների թոռները»
Այս մասին հաստատել են թուրք մի խումբ երիտասարդներ, որոնք Ստամբուլում իրենց դժգոհությունն են հայտնել վարչապետ Էրդողանի հայտնի հայտարարությունների կապակցությամբ: Երիտասարդները ելել են բողոքի ակցիայի պաստառներով, որոնց վրա պատկերված է եղել Թալեաթ փաշան` Էրդողանի գլխով:
Երիտասարդ թուրքերի անունից հայտարարությամբ է հանդես եկել Ջերեն Քենարը. «95 տարի է, ինչ մեզանում գործում է նույն պետական ռեֆլեքսը, այնինչ Թալեաթից մինչև Էրդողան որքա՞ն վարչապետեր են անցել: Վարչապետի լոնդոնյան հայտարարությունները` հայերին երկրից հանելու վերաբերյալ, դեմ են միջազգային իրավունքին և մարդկային խղճին»,- հայտարարել է Քենարը:
Դիմելով թուրքական քաղաքական վերնախավին` Քենարն ասել է. «Թալեաթ, Էնվեր փաշաների դատապաշտպաննե՞րն ենք դարձել: Մենք չենք ուզում լինել նրանց թոռները, մենք ուզում ենք լինել այն թուրքերի թոռները, որոնք պատսպարեցին որոշ հայերի ու պաշտպանեցին նրանց կոտորածներից»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել