HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կայք գյուղի կանանց հիմնական զբաղմունքը դույլերով ջուր տանելն է

Արագածոտնի մարզի գրեթե բոլոր գյուղերն իրար նման են` քանդված ճանապարհներ, հին տներ, վատ կենցաղով ապրող գյուղացիներ եւ այլն: Մարզի Կայք գյուղի (Մուլքի) ճանապարհով անցնելիս  նկատեցինք, որ մի պապիկ պլաստմասե շշերով ջուր էր տանում: Անզեն աչքով էլ նկատելի էր,  որ այդ ջուրը խմելու համար պիտանի չէ` գույնը դեղին է: Մարդիկ ստիպված են այդ ջուրը խմել, քանի որ գյուղի ջրամատակարարումը պատշաճ չի իրականացվում: Մի քանի մետր հեռավորության վրա էլ աղբյուրի մոտ կռացած մի կին դույլերն էր լցնում:

Նա ջուրը տանում էր եւ կենցաղային հոգսերը հոգալու, եւ անասուններին ջրելու համար: Արմինե Սերոբյանը  «Հետքին» պատմեց, որ իրենց բակերում օրը մեկ անգամ է ծորակից  ջուր գալիս, այն էլ մեկ ժամով` 3-4-ը: Գյուղի կանայք էլ ստիպված մի քանի հարյուր մետր ոտքով անցնում են, որպեսզի գյուղի աղբյուրից ջուր տանեն: «Մեր թաղամասում ընդհանրապես ջուր չկա: Ամեն օր 8-10 դույլ  ջուր եմ տանում, որ տանն օգտագործենք  ու անասուններին ջրենք: Արդեն թեւերս չեն աշխատում դույլերի ծանրությունից»,- ասում է Արմինեն: Այդ պահին ջուր տանելու  եկավ նաեւ գյուղի կանանցից մեկը` Գոհար Սարգսյանը: Նա հույսը չէր կտրել, որ օրերից մի օր պետական մարմիններն իրենց գյուղի մասին էլ կհիշեն: «Մեզ ասում են` համբերեք, լավ կլինի: Մենք էլ համբերում ենք: Ասում են` արդեն ջրի խողովակներ են բերել, ու պիտի ջրի հարցը կարգավորվի: Ճարներս ի՞նչ է` մինչեւ գարուն էլի կսպասենք»,- ավելացրեց նա: Ես ու գործընկերս մոտ մեկ ժամ քայլում էինք գյուղի փողոցներով, որպեսզի հանդիպեինք գյուղացիներին  ու զրուցեինք նրանց հետ: Գյուղի փողոցները  դատարկ էին, մարդ չկար: Այնպիսի տպավորություն էր, որ մոտ 600 բնակիչ ունեցող գյուղում ընդամենը մի քանի մարդ է ապրում:

Գյուղի տների  մոտ «հերթապահելիս» տնից դուրս եկավ Նորիկ Հակոբյանը, ու մեր գործը  հաջողված համարելով` սկսեցինք գյուղի խնդիրների  մասին զրուցել նրա հետ: Ն. Հակոբյանի ասելով` գյուղում ոչ մի աշխատատեղ չկա, ինքն էլ  Երեւանում շինարարության վրա է աշխատում:

«Աշխատատեղեր բացարձակ չկան, մարդիկ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Գյուղի երիտասարդությունը  պարապ է: Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում ու դրանով էլ ապրում են»,- ավելացրեց Նորիկը: Կայքեցի Լուսիկ տատին  էլ հուզում էր, որ աշխատատեղ չլինելու պատճառով իր 2 հարսները, 2 երիտասարդ  տղաները պարապությունից «փեջի կողքը  նստած են»: Լուսիկ տատի որդիներից  յուրաքանչյուրը 2 երեխա ունի ու մեծ  դժվարությամբ են գյուղում ապրում: «Գյուղացիները նպաստ, թոշակով են ապրում, մեր նմաններն էլ հող մշակելով մենակ ձմռան պաշար  են հավաքում: Հող մշակելը օգուտ  չի, էն ա, որ շուկայից չենք առնում»,- ավելացրեց  Լուսիկ տատը: Գյուղի շատ ընտանիքներ շուկա տանելու համար բերք չեն ցանում, քանի որ ոռոգման ջուր չունեն: Բավարարվում են միայն իրենց ընտանիքին անհրաժեշտ գյուղմթերքներ մշակելով: «Մի 2 մեշոկ կարտոշկա ենք ցանում, կաղամբ, դրանով էլ ապրում ենք: Մեր գյուղի ժողովուրդն աշխատող  ժողովուրդ է, եթե ջուր լինի, բոլորն էլ կաշխատեն»,- ասում է Լուսիկ տատը:

Գյուղի մյուս  ծայրի աղբյուրում էլ հանդիպեցինք  ջրի դույլերով մի խումբ կանանց:  Ջրի եկած Անահիտ տատը պատմեց, որ գյուղում ապրող երիտասարդներին այլեւս գյուղը չի ձգում եւ չեն ցանկանում հող  մշակել: «Այս ու այն կողմ են էթում, իրանք էլ են ուզում քաղաքում ապրեն: Որ էթան քաղաք` շինարարություն կանեն, մի գործ էլի կգտնեն, ստեղ ոչ մի աշխատանք չկա: Գյուղում պիտի հողով ու անասունով զբաղվեն, բայց դա էլ չի արդարացնում, էնքան որ գոյություն ենք պահում: Բա էս ապրե՞լ ա, որ մենք ենք ապրում: էս տարիքին վեդրոներով ջուր տանելը բա ինձ սազակա՞ն ա»,- դժգոհեց Անահիտ տատը` ցույց տալով ձեռքի ծանր դույլերը: Իրավիճակն ավելի մեղմ ներկայացրեց Կայքի համայնքապետ Նաիրի Գրիգորյանը:

«Իմ անձնական եւ ընկերական կապերի շնորհիվ 34 մլն դրամի  ծրագիր եմ բերել գյուղ, խողովակները փոխվում են: Շուտով Ազգային ժողովն էլ կհաստատի Համաշխարհային բանկի ֆինանսական հատկացումը: Այդ միջոցներից գյուղի ջրի ներքին ցանցի վերանորոգում կանենք»,- ասաց համայնքապետը: Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, ապա Ն. Գրիգորյանի ասելով` ցանցի վերանորոգումը ընդգրկված  է եղել «Հազարամյակի մարտահրավերներ»-ի ծրագրում, սակայն հետագայում ֆինանսական հատկացումները սառեցվել է: Խնդիրն այն է, որ գյուղի պոմպակայանը հեղեղներից վնասվել է, եւ առանց լուրջ ներդրումների հնարավոր չէ ցանցը շահագործել: «Այս տարվա պետական  բյուջեում միջոցներ չեն եղել ոռոգման  ցանցը վերանորոգելու համար, բայց խնդիրն ուշադրության կենտրոնում է»,- ասաց համայնքապետը:

Ինչպես Արագածոտնի մարզպետարանից տեղեկացրին, «Հետք» շաբաթաթերթի երեկվա համարում (N 10 (24) ) տպագրված այս հոդվածի կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը քննարկել է Կայք գյուղի ջրի հարցը համայնքապետ Նաիրի Գրիգորյանի հետ: Վերջինը պարզաբանել է, որ գյուղում ջրամատակարարումը իրականացնում է համայնքապետարանը: Բոլոր տնտեսությունները ապահովված են ջրի ծորակներով, բացառությամբ 11 տնտեսության: 2009 թ. գյուղում կատարվել է 34 մլն դրամի բարելավման ծրագիր, որը շարունակական է եւ 2010 թ. այն կկազմի 40 մլն. դրամ: Արդյունքում` կբարելավվի ջրամատակարարման ներքին ցանցը:

Հ.Գ. Հոդվածում հստակ նշված է, որ բնակիչները չեն վիճարկում ծորակ ունենալ-չունենալը, այլ նշում են, որ ծորակից օրվա ընթացքում ընդամենը մեկ ժամ են ջուր ունենում: Իսկ գյուղի մի հատվածում ընդհանրապես ջուր չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter