
«Այսօր համահայկական աշխարհում չկան արդի դարաշրջանի շնչին և զարգացումներին համապատասխան կրթօջախներ: Մեր դպրոցներից դուրս են գալիս ոչ մրցունակ և համաշխարհային կրթական չափանիշներին չհամապատասխանող երիտասարդներ: Հայ ժողովուրդը չունի մեկ միասնական պատկեր և գիտակցություն, թե ինչպիսի կրթական համակարգ է ուզում նա ունենալ: Թե’ Հայաստանի, թե’ սփյուռքի դպրոցները ետ են մնացել համաշխարհային զարգացումներից»,- այսօր «Հայելի»-ում ասաց «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի, «Վէմ» ռադիոկայանի ղեկավար, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը:
Ըստ նրա` հայ ժողովրդի շարունակությունը ապահովելու համար անհրաժեշտ են հզոր գաղափարներ և այդ գաղափարների իրագործման համար անհրաժեշտ միջավայր. «Դարեր շարունակ մեր ազգային գոյությունը խարսխվել է կրթության և հոգևոր արժեքների վրա»,- ասաց նա:
Ըստ բանախոսի` այսօր մարդիկ եկել են համոզման, որ սեփական տաղանդին համապատասխան կրթական համակարգ և աշխարհի ցանկացած կետում հայ երեխաներին ու երիտասարդներին հայեցի կրթություն ստանալու հնարավորություն տալը մեր ժողովրդի գերխնդիրն է դարձել ստեղծել:
Հենց այստեղից էլ ծնունդ է առել 21-րդ դարի համահայկական դպրոցի ծրագիրը, որի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ սովորելը դառնա ամեն հայի երազանքը և որից դուրս գալով` հայ երիտասարդները կարողանան նվաճել համաշխարհային ամենաբարձր գագաթները:
«Մելգոնյան դպրոցն իր կրթական ավանդներով, բազմամյա պատմությամբ և բարենպաստ աշխարհագրական տեղեկայվածությամբ այս ծրագրի իրականացման հնարավորություն է տալիս»,- նշեց Մեսրոպ քահանա Արամյանը:
2005թ Կիպրոսում փակվել է 1926թ հիմնադրված Մելգոնյան կրթական Հաստատությունը, չնայած 2004թ այն ուներ 250 աշակերտ: 2009թ նոյեմբերին Ժնևում հավաքվեց Մելգոնյան կրթական հաստատության հիմքի վրա 21-րդ դարի համահայկական դպրոցի հիմնման նախաձեռնող խումբը:
Այժմ Մելգոնյան դպրոցի տեղում հունական դպրոց է, և ինչպես նշեցին նախաձեռնող խմբի անդամները` հույն երեխաները հայոց մեծերի կիսանդրիների վրա նկարում են: Տարածքը, որը այժմ վաճառքի է դրված, ի սկզբանե եղել է Պոլսո պատրիարքության ենթակայության ներքո, որը հետո հանձնել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը.
«Ֆինանսական և զանազան այլ խնդիրների պատճառով որոշում է կայացվել վարժարանը փակել և այդ տարածքները վաճառել»,- նշեց Մեսրոպ քահանա Արամյանը:
Նախաձեռնող խմբի անդամները առաջարկում են Մելգոնյանի հիմքի վրա ստեղծել բարձորակ, նյութապես ամուր և առողջ կառավարման համակարգ ունեցող համահայկական օրինակելի դպրոց:
«Վերաբացման համար բավականին լուրջ դրամական հիմք է այժմ հավաքված: Պետք է ստեղծվի համապատսխան մեխանիզմ, որպեսզի տաղանդավոր երեխաների կրթաթոշակավորման ինստիտուտը Հայաստանում աշխատի, ինչն աշխարհում լայնորեն տարածված է»,- Մեսրոպ քահանա Արամյանը:
Նախաձեռնող խումբը միավորում է զանազան գործարարների Կիպրոսից, Ռուսաստանից, Հայաստանից, որոնք պատրասատակամ են ներդրում կատարելու Մելգոնյան կրթական հաստատության վերաբացման պարագայում:
Եթե ֆինանսական առումով խնդիրները լուծված են, ապա նույնը չի կարելի ասել իրավական խնդիրների մասին. «Իրավաբանական կարգավիճակը դեռևս լուծված չէ, կադաստրում տարածքի տերը Կիպրոսի պետությունն և ՀԲԸՄ-ն է, այնտեղ կա ևս երկու դպրոց: Թող դա լինի Բարեգործականի սեփականությունը, և նրանք դա տան նրան, ում վստահում են»,- նշեցին բանախոսները:
«Հանրապետական դպրոցի ստեղծման գաղափարն այդ դպրոցի կենտրոնական գաղափարն է: Մելգոնյանը հույս մեր երիտասարդների համար: Մելգոնյանի կյանքը ուղղակի կապված է մեր կրթական կյանքի մտածողության հետ: Այն մեր գոյության համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է»,- նշեց նախաձեռնող խմբի անդամներից Կարապետ Տաթէսեանը:
Բանախոսները հավաստիացրին, որ Մելգոնյանի տված կրթությունը ունեցել է շատ բարձր մակարդակ, այնտեղի ուսանողները ընդունվել են Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարվարդի համալսարաններ: Այն հիմնականում եղել է ավագ դպրոց:
Մելգոնյանի հիմքի վրա համահայկական դպրոց իրագործման ծրագրի սկզբունքներից են այն, որ դպրոցը կառավարվում է կրթության կառավարման փորձառություն ունեցող կազմակերպության կողմից:
Կրթությունը կազմակերպվում է ըստ մշակված ուսումնական ծրագրի` հիմնված համաշխարհային բարձրագույն չափանիշների և կրթական նորագույն տեխնոլոգիաների խթանման վրա, ուսուցչական կազմը ընտրվելու է ըստ միջազգային որակավորման, իսկ երեխաների ընտրությունը` հիմնված նրանց տաղանդի, գիտելիքների վրա: Անվճարունակ երեխաների համար սահմանվում են անհատական և կազմակերպական կրթաթոշակներ:
Հայերը Կիպրոսում եղել են 7-րդ դարից և այնտեղ համարվում են ազգային փոքրամասնություն, որոնց իրավունքները պահպանված են այդ երկրի սահմանդրությամբ: Այսօր Կիպրոսում տարբեր ազգություններ կան, իսկ հայերը` 2000-ից-3000 են:
«Արևմատահայկական լեզուն պետք է պահպանվի ու զարգանա: Եվ Կիպրոսն է լիազորված այդ գործը կատարելու»,- ասաց նախաձեռնողներից Մարտիրոս Մինասեանը: «Մենք պետք է պահպանենք սփյուռքյան իրականությունը, որպեսզի ուժեղացնենք հայրենիքը»,- նշեց նախաձեռնող խմբից Արդէն Շելեֆեանը:
Եթե բանակցային գործընթացն ավարտվի և դրական ելք ունենա, ապա նախևառաջ արդիականցվելու են պայմանները և կրթության որակը: Բանախոսները հույս հայտնեցին, որ սեպտեմբերին կրթօջախի աշխատանքները կսկսվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել