HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

20 տարի չեն փոխհատուցել բնակարանի համար

1990 թ. Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի եւ Մարինե ու Արթուր Մանուկյանների միջեւ կնքվել է պայմանագիր, համաձայն որի Մանուկյանները պետք է ազատեին Կոնդ 11 թաղամասի 142-րդ հասցեում գտնվող բնակարանը, իսկ Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմը պարտավորվել է դրա դիմաց տրամադրել նույն հասցեում կառուցվող շենքում երկու սենյականոց բնակարան` բոլոր կոմունալ հարմարություններով: Սակայն երկու տարի անց` 1992 թ., Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմը թիվ 38/46 որոշմամբ չեղյալ է համարել բնակարաններ հատկացնելու վերաբերյալ շրջխորհրդի գործկոմի որոշումները, այդ թվում եւ Մանուկյանների հետ կնքված պայմանագիրը: 2003 թ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը անվավեր է ճանաչել Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի թիվ 38/46 որոշումը եւ Երեւանի քաղաքապետին պարտավորեցրել է Մանուկյանների հետ կնքել նոր պայմանագիր դրամական փոխհատուցում տրամադրելու կամ նոր բնակարան հատկացնելու վերաբերյալ: Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը Մարինե Մանուկյանի հետ մեկ սենյականոց բնակարանի փոխհատուցում տալու վերաբերյալ պայմանագիր է կնքել: Սակայն իրականում Մանուկյաններին պետք է տրամադրվեր 2 սենյականոց բնակարան, քանի որ դատարանը Երեւանի քաղաքապետարանին պարտավորեցրել էր պայմանագիր կնքել Կառավարության թիվ 683 որոշմամբ սահմանված կարգով, այն է` «դրամական փոխհատուցման չափը կամ գնվող բնակարանի առավելագույն արժեքը որոշվում է` ելնելով քաղաքացուն նախկին գործադիր կոմիտեների կողմից կնքված պայմանագրով կամ ընդունված որոշմամբ ամրագրված հասանելիք բնակարանի սենյակների թվից»: Մարինե Մանուկյանը դիմել է դատարան` կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու հայցով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է Մարինեի պահանջը եւ Երեւանի քաղաքապետարանին պարտավորեցրել Մարինե Մանուկյանի հետ կնքել պայմանագիր երկու սենյականոց բնակարանի վերաբերյալ: Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, սակայն քաղաքապետարանը չի կատարել այն, եւ Մարինե Մանուկյանը դիմել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` դատարանի վճիռն ի կատար ածելու համար ներկայացնելով կատարողական թերթիկ: Բայց ԴԱՀԿ ծառայությունը չի կատարել կատարողական թերթիկի պահանջներն այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ գլխավոր դատախազությունը 11 ամիս անց վճռաբեկ բողոք է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ: Գլխավոր դատախազությունն իր վճռաբեկ բողոքում որպես նոր երեւան եկած հանգամանք նշել է այն, որ «գործը քննելիս դատարանին հայտնի չի եղել այն հանգամանքը, որ Արթուր Մանուկյանը Կոնդ 11 թաղամասից իրեն եւ քրոջը հասանելիք երկու սենյականոց բնակարանի փոխարեն միայնակ ստացել է Երեւանի քաղաքի Նորքի 5-րդ միկրոշրջանի 56-րդ շենքի թիվ 5 երկու սենյականոց բնակարանը` որպես փոխհատուցում»: «Տղաս ազատամարտիկ է, եւ այդ բնակարանը նրան տվել են որպես ազատամարտիկի, դա մեր պայմանագրի հետ որեւէ կապ չունի»,- ասում է Արթուրի մայրը` Ռիմա Մանուկյանը: Նոր Նորքի թաղապետարանից Մանուկյանների փաստաբան Արամազդ Կիվիրյանին գրավոր պատասխանել են, որ Արթուր Մանուկյանին հատկացված բնակարանը չի տրվել որպես 1990 թվականին կնքված պայմանագրի փոխհատուցում. «26.05.1990 թ. կնքած պայմանագիրը բնակարանի հատկացման պահին չի գործել, հետեւաբար եւ գոյություն չունեցող պայմանագրի հիման վրա Արթուր Մանուկյանին որպես փոխհատուցում բնակարան չէր կարող հատկացվել»,- նշված է Բնակելի ֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Ս. Սարգսյանի գրության մեջ: Փաստաբան Արամազդ Կիվիրյանը «Հետքին» ասաց, որ վերոնշյալը չէր կարող դիտվել որպես նոր երեւան եկած հանգամանք, քանի որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանը նախքան վճիռ կայացնելը տեղյակ է եղել, որ Արթուր Մանուկյանը բնակարան է ստացել: Վճիռը կայացնելիս դատարանը նույնիսկ անդրադարձել է Արթուր Մանուկյանին հատկացված բնակարանի հանգամանքին` նշելով. «Երեւանի քաղաքապետի 12.12.1998 թ. թիվ 1075 որոշմամբ որպես ազատամարտիկ Արթուր Մանուկյանի ընտանիքին ժամանակավոր բնակության նպատակով 1995 թ. հատկացված երկու սենյականոց բնակարանը թողնվել է նրա ընտանիքի մշտական օգտագործմանը»: Փաստորեն, դատարանը տեղյակ լինելով, որ Արթուր Մանուկյանը բնակարան ունի, քաղաքապետարանին պարտավորեցրել է կնքել պայմանագիր ոչ թե մեկ, այլ երկու սենյականոց բնակարանի վերաբերյալ: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատն ընդունել է գլխավոր դատախազության բողոքը եւ բավարարել այն, որի արդյունքում բեկանվել է հօգուտ քաղաքացու կայացված` Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, ստանալով Վճռաբեկ դատարանի կողմից բեկանված գործը, 2006 թ. հունիսին մերժել է Մարինե Մանուկյանի` նոր պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու մասին հայցը: Քաղաքացին ցանկացել է բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանը բողոքները չի ընդունել: 2008 թ. Մարինե Մանուկյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան դիմում է ներկայացրել` նոր երեւան եկած հանգամանքների ուժով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը վերանայելու համար: Օրենսդրական փոփոխությունների պատճառով Մարինեի դիմումը փոխանցվել է Վճռաբեկ դատարան, որն էլ մերժել է նրա պահանջը: Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` վիճարկելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի 6-1-րդ հոդվածով (արդար դատաքննության իրավունք) եւ Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով (սեփականության իրավունք, սեփականության իրավունքի պաշտպանություն) երաշխավորված իրավունքների խախտումը: Դիմումատուն բարոյական եւ նյութական վնասի (այդ թվում` իրավաբանական ծախսերի) հիմնավորումը Կոնվենցիայի 41-րդ հոդվածին համապատասխան կներկայացնի հետագայում, երբ Եվրադատարանը կճանաչի Մարինե Մանուկյանի իրավունքի խախտումը: Եվրադատարանից գրավոր պատասխան է ստացվել, որ Մարինե Մանուկյանի հայցն ընդունված է, եւ դատարանը կքննի այն առաջին հնարավորության դեպքում: Փաստաբան Արամազդ Կիվիրյանին հարցրինք, թե Եվրադատարանում հաջողության հասնելու դեպքում պետական բյուջեից որքա՞ն գումար պետք է փոխհատուցեն Մանուկյանին: «Չեմ կարող ասել, որովհետեւ Եվրոպական դատարանի մոտեցումը միանշանակ չէ, որովհետեւ առաջ են գալիս բարոյական վնասի փոխհատուցման հանգամանքներ, հնարավոր տարբերակ է նաեւ, որ կպարտավորեցնի պետությանը փոխհատուցում տրամադրել»,- ասաց փաստաբանը եւ ավելացրեց, որ պետությունը տարիներ շարունակ չի կատարել իր պարտավորությունը: Նշենք, որ Մարինե Մանուկյանը հիվանդ է, նրա շահերը դատարանում ներկայացնում է մայրը` Ռիմա Մանուկյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակը Եվրոպական դատարանից «Ընդդեմ Հայաստանի Հանրապետության» եւս մեկ վճիռ ստանալը չէ. «Մեզ մեր հասանելիք տունն է պետք, որը մեզնից վերցրել են 20 տարի առաջ, թող փոխհատուցեն, մենք էլ պահանջներ չենք ներկայացնի»,- ասում է Ռիմա Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter