
Իսահակյան 38 շենքի բնակիչներից մեկը «Հետքին» ահազանգել էր, որ շենքի երեխաների խաղահրապարակը, որը քաղաքապետարանը վերանորոգել էր նախորդ ամռանը, ծառայում է որպես ավտոմեքենաների կայանատեղի: Օրվա տարբեր ժամերին մեր այցելությունների ժամանակ ֆիքսեցինք խաղահրապարակում կայանած 2-3 մեքենաներ:
Շենքի բնակիչներից շատերը մեզ հետ զրույցում որեւէ դժգոհություն չներկայացրեցին խաղահրապարակը որպես ավտոտնակ օգտագործելու վերաբերյալ, իսկ այն քաղաքացին, որն ահազանգել էր այս մասին, չցանկացավ հրապարակել իր անունը:
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները «Հետքի» ահազանգից հետո այցելել էին շենք եւ զրուցել շենքը սպասարկող համատիրության նախագահի հետ: Ինչպես «Հետքին» տեղեկացրին քաղաքապետարանից, շենքի բնակիչներն իրենց մեքենաները խաղահրապարակում են կայանում համատիրության թույլտվությամբ:
Համատիրության նախագահը քաղաքապետարանի աշխատակիցներին պարզաբանել էր, թե մեքենաները միայն երեկոյան ժամերին են կայանում խաղահրապարակում, երբ երեխաներն այլեւս բակում չեն խաղում: Սակայն խաղահրապարակում կայանած մեքենաների ենք ականատես եղել առավոտյան եւ կեսօրին կատարած մեր այցելությունների ընթացքում:
Բնակիչները չեն ցանկանում հրապարակային բողոքել, որպեսզի հարեւանների հետ հարաբերությունները չփչացնեն, համատիրությունը խաբում է քաղաքապետարանի աշխատակիցներին, եւ արդյունքում երեխաները զրկվում են խաղահրապարակը լիարժեք օգտագործելու հնարավորությունից, որտեղ նրանց համար տեղադրված են ֆուտբոլի դարպասներ եւ բասկետբոլի ցանցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել