HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռումինահայերը մոռանում են հայերենը

Կիրակի էր: Տեղական ժամանակով ուղիղ ժամը 10-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի կենտրոնական փողոցներից մեկում լսվում էր պատարագի ձայնը: Գլխաշորերը կապած տարեց մի քանի կին, իսկ նրանց ետեւից` մի քանի երիտասարդներ, քայլում էին ձայնի ուղղությամբ: Նրանք շտապում էին Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցի: Ներսում Տեր հայրը պատարագ էր մատուցում, որին ներկա էր 10 մարդ: Փորձեցի նրանց հետ զրուցել: Չէի հասկանում, թե իմ արտասանած «Ես Հայաստանից եմ եկել» բառերից հետո կանայք հուզված ինչ էին ասում ռումիներեն: Նրանցից մեկը միայն մեծ դժվարությամբ կարողացավ բացատրել, որ ինքը նույնպես հայ է: Պարզվեց` պատարագի բոլոր մասնակիցները հայեր են, բայց հայերեն չեն խոսում: Կինը, որ մեծ դժվարությամբ ասաց` «ես հայ եմ», իմանալով, որ Հայաստանից եմ եկել, արտասվեց ու անմիջապես դուրս եկավ տաճարից: Եկեղեցու բակում հավաքվել էին մի քանի հայ երիտասարդներ եւ զրուցում էին: Նրանց հիմնական հավաքատեղին եկեղեցին է: Հավաքվում են, քննարկում Հայաստանում կատարվող իրադարձություններն ու իրենց հուզող թեմաները: Ռումինիայում ներկայումս ապրում է մոտ 2000 հայ: Նրանց թիվը գնալով նվազում է, քանի որ հայ երիտասարդները տեղափոխվում են Արեւմտյան Եվրոպա: Բուխարեստի հայկական եկեղեցին ազդեցիկ տեսք ունի: Նրա կառուցման պատմությունն էլ բավականին հետաքրքիր է: 1910 թվականի գարնանը ճարտարապետ Դիմիտրիե Մայմարոլուն եկել է Հայաստան: 3 ամսվա ընթացքում ուսումնասիրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցու ճարտարապետությունն ու քանդակները: Թորոս Թորամանյանի խորհրդով ճարտարապետը պատրաստել է Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց սրբավայրի նախագիծը, որը Էջմիածնի Մայր Աթոռի ճիշտ կրկնօրինակն է` փոքրացված, ու այդպես էլ կառուցվում է եկեղեցին: Հայկական եկեղեցու տարածքը մի փոքրիկ հայկական թաղամաս է հիշեցնում` հագեցած մշակութային օջախներով: Այդ տարածքում են գտնվում Միսաքյան-Քեսիմյան 7-ամյա վարժարանի շենքը, Տուտյան մշակույթի տունը, Շահիմ գերդաստանի հիշատակի աղբյուրը, ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի կիսանդրին, Եղեռնի 90-ամյակին նվիրված խաչքարը եւ այլն: Ռումինիայում տպագրվում է 2 հայկական ամսագիր` ռումիներեն «ARARAT»-ը եւ «Նոր կյանք» երկլեզու` հայերեն-ռումիներեն ամսագիրը: Երկուսն էլ ֆինանսավորվում են Ռումինիայի Կառավարության կողմից: Եկեղեցու բակում է գտնվում Տուտյան մշակույթի տունը, որտեղ տեղավորված են գրադարանն ու արժեքավոր ցուցանմուշներով թանգարանը: Գրադարանը հիմնադրվել է 1927 թ.: Սկզբում այն գործել է հայկական դպրոցի շենքում: 1942 թ. կառուցվել է առանձին շենք, եւ այնտեղ են տեղափոխվել բոլոր գրքերն ու ցուցանմուշները: Ավելի ուշ կառուցվել է մշակույթի տունը: Տուտյան մշակույթի տան պատասխանատու Արշալույս Պարոնյանը «Հետքին» պատմեց, որ Ռումինիայում Կոմունիստական կուսակցության իշխանության տարիներին մի շարք հայկական գրքեր ու ձեռագրեր ոչնչացվել են: 1963 թ. դադարեցվել է մշակույթի տան գործունեությունը: Հայկական գրքերը պահպանելու համար դրանք տեղափոխվել են տարբեր վայրեր: Մշակույթի տունը վերաբացվել է 1987 թվականին: Ա. Պարոնյանը թանգարանի պատասխանատուի պաշտոնը ստանձնել է 2002 թ. մարտից, 1.5 տարի է ստանձնել է նաեւ գրադարանի պատասխանատվությունը: Այժմ բոլոր իրերը գրանցվել են, համարակալվել, քանի որ մինչ այդ ոչ մի ցուցանմուշ գրանցված չի եղել: Տիկին Պարոնյանի ասելով` հնատիպ գրքերի մեծ հավաքածուն երկար տարիներ շենքի ներքնահարկում էր մնացել: Խոնավությունից ու բազմաթիվ տեղափոխություններից հետո դրանց մի մասը վնասվել է: «Կոնկրետ չեմ կարող ասել, թե քանի գիրք է վնասվել, որովհետեւ տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն: Արդեն 1000 հնատիպ գիրք գրանցել ենք: Դրանք հիմնականում 1512-1850 թվականների տպագրության գրքեր են: Գիրք գրանցելը մեզ համար դժվար էր այն առումով, որ գրքերի մեծ մասին վերաբերող հիշատակարաններն ու տիտղոսաթերթերը պահպանված չէին, ու չգիտեինք` երբ եւ որտեղ է գիրքը տպագրվել»,- ասում է Ա. Պարոնյանը: Գրադարանը պայմանագիր է կնքել ռումինական «Մետրոպոլիտան» գրադարանի հետ, որ թվայնացվեն հնատիպ եւ արժեքավոր հայկական գրքերը: Ինչպե՞ս են Ռումինիայում ապրում հայերը Ռումինահայերի համար ծանր են եղել հատկապես կոմունիստական իշխա-նության տարիները: 1948 թ. երկրում մեծ արտագաղթ է սկսվել, ու Ռումինիան լքել են նաեւ հայերը: «Ռումինիայի հայ գաղութը, որը համարվում է հնագույններից մեկն ու հետք թողածը, ցավոք, այսօր շատ քիչ հայեր են մնացել: Ասում եմ` ցավոք, որովհետեւ նրանք Հայաստան չեն վերադարձել, այլ գնացել են ուրիշ երկրներ»,- պատմում է Ա. Պարոնյանը: Նրա ներկայացմամբ` մոտ 2-3 հազար հայ է մնացել, որոնց գերակշիռ մասը տարեցներ են: Դա է պատճառը, որ պատարագի ժամանակ քիչ մարդ է գալիս հայկական եկեղեցի: Հայերը պարտադիր եկեղեցի են գալիս Ծննդյան, Սուրբ Զատկի տոներին, ինչպես նաեւ ապրիլի 24-ին` Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: Երիտասարդները շատ քիչ են, շատերը գնացել են Արեւմուտք: Ռումինիայի շրջաններում հատուկենտ հայեր են մնացել, նրանք հիմնականում կենտրոնացել են Բուխարեստում: Արշալույս Պարոնյանը հավաստիացնում է, որ ռումինացիները հայերին շատ են սիրում, քանի որ հայ համայնքը շատ օրինապաշտ է, եւ երբեւէ որեւէ հայ քրեական պատմությունների մեջ չի հայտնվել: Հատկապես վերջին մի քանի տարիներին ռումինահայերի շրջանում մեծացել է խառնամուսնությունների թիվը: Թեեւ Ռումինիայում հայերին չեն ճնշում ինքնությունը պահպանելու համար, սակայն հայոց լեզուն աստիճանաբար մոռացվում է: Տարեցները քիչ թե շատ խոսում են հայերեն, բայց երիտասարդները գրեթե չգիտեն հայերեն: Լեզուն փրկելու համար մշակույթի տանը մի քանի խմբակներ են բացել ու հայերեն պարապմունքներ են անցկացնում: Ռումինիայում հիմնականում Հայաստանից եկածներն են լեզուն պահպանում: Հայ մշակույթի տան պատասխանատուն իրավիճակը ողբերգական չի համարում, բայցեւ չի թաքցնում, որ Ռումինիայում հայոց լեզուն կորցնելու վտանգ կա: «Մուսուլմանական երկրներում շատ ավելի լավ են պահպանել հայերենը: Որտեղ վտանգ կա, մարդիկ կենտրոնանում են, պաշտպանական բնազդ է առաջանում եւ սկսում են պահպանել: Այստեղ իրենց վտանգից շատ հեռու են զգացել, ոչ մեկը հայերին նեղություն չի տվել, ու քիչ-քիչ լեզուն մոռացվում է»,- ասում է Արշալույս Պարոնյանը: Նշենք, որ հայկական գրադարանը, ըստ Հովսեփ Տուտյանի կտակի, պատկանում է հայկական եկեղեցուն եւ ֆինանսավորվում է Թեմական խորհրդի կողմից: Եկեղեցին էլ ֆինանսավորում է ստանում պետությունից ու դրա մի մասն ուղղում մշակույթի տան կարիքներին: «Հայոց միությունն էլ է պետության կողմից ֆինանսավորվում: Բայց գումարներն էլի չեն հերիքում մեզ: Ուզում եմ թանգարանը եւ գրադարանը վերափոխել, բայց գումարները քիչ են: Չնայած որոշակի ֆինանսական հատկացում տրվում է գրքերի վերանորոգման, որոշակի ծրագրերի համար, բայց գումարները մեր ցանկացածի չափ չեն»,- ասում է Ա. Պարոնյանը: Նրա խոսքով` եթե գումարներ լինեն, կբարեկարգեն գրադարանը, որովհետեւ գրքերի ցուցադրությունը լիարժեք չէ: «Վերանորոգման աշխատանքների համար որոշակի գումար արդեն հայթայթել ենք, բայց պետք է փոխվեն նաեւ պահարանները: 60 տարի առաջ կառուցված պահարանի վրա չես կարող գիրքը երկար պահել: Գիրքը վերանորոգում ենք ու արդեն ետ է գալիս ուրիշ հիվանդությամբ»,- ավելացրեց մշակույթի տան պատասխանատուն: 2000 թ. Բուխարեստում հիմնադրվել է «Արարատ» տպագրատունը, որտեղ հիմնականում տպագրվում է ռումիներեն գրականություն: Տիկին Պարոնյանի ասելով` դա ինչ- որ առումով լավ է, որովհետեւ ռումինացիները շատ են հետաքրքրվում հայերով: «Ռումիներենով տպագրվող գրականությունը օտարներին հնարավորություն է տալիս, որ մեր ժողովրդի քաղաքակրթությանը ծանոթանան: Այստեղի հայերն այդ առումով խնդիր չունեն, որովհետեւ նրանք էլ ռումիներեն են կարդում»,- նշեց Ա. Պարոնյանը: Անդրադառնալով ռումինահայերի սոցիալ-կենցաղային պայմաններին` Ա. Պարոնյանը նշեց, որ Ռումինիայում չկա մի հայ, որ աշխատանք չունենա, վատ ապրի ու ստիպված լինեն նրան օգնել: «Կան ծերեր, որոնց եկեղեցին օգնում է, բայց ոչ թե նրա համար, որ չեն կարողանում ապրել: Այստեղ մարդիկ կարողանում են թոշակով ապրել: Հատկապես, որ մեծ զեղչեր ու արտոնություններ են տրվում թոշակառուներին»,- ներկայացնում է տիկին Պարոնյանը: Թոշակառուների համար անվճար է քաղաքային տրանսպորտը, տարեկան 6 անգամ կարող են 50 տոկոս զեղչով օգտվել նավից, գնացքից ու միջքաղաքային ավտոբուսից: Եթե սահմանված որոշակի գումարից ցածր է մեկ շնչին ընկնող գումարը, ապա տրվում են նաեւ ջեռուցման եւ դեղորայքից օգտվելու զեղչեր: Ռումինիայում լավ է աշխատում բժշկական ապահովագրության համակարգը: Եթե ապահովագրվել է ընտանիքի անդամներից մեկը, իսկ մնացածները գործազուրկ են կամ եկամուտ չունեն, ապա այդ ապահովագրությունը տարածվում է նաեւ ընտանիքի անդամների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter