HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Եվաներն ու թռիչքները

«Քեզ պատմե՞լ եմ իմ թռիչքների մասին: Չէ՞: Դրանք երկու տեսակ են. մեկը` երբ ճախրում եմ քաղաքի վրայով... տրոլեյբուսի լարերի մեջ եմ խճճվում ու փորձում եմ խուսանավելով անցնել, հաղթահարել, ասում եմ` այ, այս լարին էլ չկպնեմ...այսպես շրջանցեմ...ու թռչում եմ, շատ լարված եմ այդ թռիչքներում:

Իսկ մյուս իմ թռիչքը լինում է ազատ. ցածում մարգագետիններ են, մե~ծ, խրոխտ լեռներ... հունական կիսաքանդ արձաններ... ես էլ խրոխտ, արքայավայել թռչում եմ: Պահեր են լինում, երբ ես ինքս ինձ ասում եմ` ես հիմա երազի մեջ եմ, բայց թռիչքն ինձ մոտ արդեն այնքան լավ է ստացվում, ձեւը այնքան պարզորոշ եմ զգացել, որ արթնանամ` հարյուր տոկոսով թռչելու եմ...Բայց, ցավոք, երբ արթնանում եմ, կորցրած եմ լինում այդ կարողությունը...ու բախվում եմ երկրին»,- թեյ ըմպելով` իր թռիչքների մասին է պատմում նկարիչ Վիլիկ Զաքարյանը:

Սպիտակ մորուքը, սպիտակ հոնքերն ու սպիտակ մազերը մի տեսակ վեհություն են հաղորդում նրա դեմքին: Ինքն իր հետ հաշտ այս նկարիչը ներդաշնակություն է ստեղծում իր կտավներում: «Մի անգամ մի այնպիսի աղջիկ էի տեսել,որին երբեք չեմ մոռանա. բոյով, գեղեցիկ...սեւ շղարշ էր գցած աչքերին: Կանգնած` շշմած նայում էի ու ինքս ինձ ասում` նայիր, հիշիր, որ նկարես: Ու այդպես նա քայլելով եկավ, կողքովս անցավ, ամբողջ ընթացքում աչքս չկտրեցի նրանից, հենց անցավ, գրպանիցս նոթատետրս ու մատիտս հանեցի, արագ նկարեցի, որ չմոռանամ: Հետո մի քանի նկարներ ծնվեցին այդ աղջկա կերպարով»: Երբ Վ. Զաքարյանին հարցրի, թե ինչ է ընդհանրապես նկարում, պատասխանեց` կյանքը: Ինչպես իր թռիչքներն են` մեկ «տրոլեյբուսի» լարերից դուրս գալու անվերջ պայքարի մեջ, մեկ էլ` հանդարտ ու խրոխտ ճախրանքով ու վայելքով, այնպես էլ կտավներում նրա արտացոլած կյանքն է` մեկ երանելի հանգիստ ու ներդաշնակ, մեկ` հոգնեցնող առօրյայով` խճճված լարերով ու պղտոր միջավայրով: Բայց նույնիսկ այդ նկարներում զգացվում է նկարչի հոգու հանդարտությունը, գծերի կանոնավորությունը, գույների հավասարակշռությունը:

Վերջին շրջանում միայն վառ ներկապնակ օգտագործող Վիլիկ Զաքարյանն ասում է, որ իր գույները զարմանալիորեն փոխվում են` իրենք իրենց, առանց իր իսկ միջամտության. «Կտավս ինքն է թելադրում գույներս, ու դրանք, իրոք, գալիս են իմ տրամադրությունից...Բայց ինքնաբերաբար եմ գույներն առնում ձեռքս»:

Նրա յուրաքանչյուր նկարում կարելի է գտնել կնոջը` նուրբ ու սլացիկ իրանով, թախծոտ աչքերով ու բազմանշանակ ժպիտով: Ինչպես նկարիչն է «իր» կանանց կոչում` եվաները նրա նկարներում տարբեր են` արտահայտիչ դիմագծերով, որոնցում աչքերը միշտ այնքան խոսուն են լինում, որ կռահում ես այդ կնոջ պատմությունն ու ապրումները: Եվաների մի տեսակն էլ դիմագծեր չունի...փոխարենը այստեղ մարմնի շարժումն է գերակշռում, որի շնորհիվ էլ նկարիչը կրկին կարողանում է դիտողին նրա հույզերը: Դիտարկմանս, թե իր գրեթե բոլոր նկարներում առկա է կինը, նկարիչը, հարցական նայելով ինձ, պատասխանեց. «Բա այդպիսի կյանք կա՞, որտեղ կին չլինի: Եթե կա, ասա, առանց կին կնկարեմ»:

Այդ ընթացքում նրա արվեստանոցի պատերին արագ-արագ փնտրում էի մի նկար, որտեղ կին չլինի, կարծես թե գտա մեկը` «Մեխերի պատմությունը» անունը կրող մի կտավ, որտեղ ձվից դուրս եկող ճուտիկ է պատկերված: Ուրախացած` ասացի. «Այ, այս մեկում կին չկա»: Ասացի ու կանգ առա...Վիլիկ Զաքարյանը սերնդի շարունակականության թեման հետաքրքիր լուծումներով պարբերաբար արծարծում է իր բոլոր կտավներում: Այս կտավում, բացի մեծ ճուտիկից, կա կին-մեխ, որը հանդիպում է տղամարդ մեխին, որոնց սիրուց էլ ծնվում է փոքրիկ մեխը: Նման «սյուժե»-ով փոքրիկ «ժապավենային կինոնկարներ» նկարչի կտավներում կարելի է շատ հանդիպել, բայց ամեն անգամ կյանքի այս պարզ խաղը նրան հաջողվում է պատկերել մեկը մյուսից տարբեր եւ ամեն անգամ` ավելի ու ավելի անսպասելի լուծումներով: «Երբ երեք ամիս Գերմանիայում էի ապրում եւ նկարում, պահ էր եկել, որ մեռնելու աստիճան կարոտել էի հայ աղջիկների աչքերը` սեւ, մեծ, արտահայտիչ: Ախր, գերմանացիների մեջ շատ սիրունները կային, ամեն ինչը տեղը, բայց հայ աղջկա աչքերից ոչ մեկը չունի: Ու ասում էի` Աստված իմ, գոնե մի պահ, էն ամենագեշ հայ աղջկան բեր դիմացս, գոնե մի հատ տեսնեմ, մի հատ նայեմ ու էլ բան չեմ ուզում...»,- ասում է Վ. Զաքարյանը: Նա այդպես էլ իր այդքան տենչած հայ աղջկա աչքերը չտեսավ Գերմանիայում, փոխարենը, երբ հիմա քայլում է Երեւանի փողոցներով, նայում է հայ աղջիկներին այնքան, որքան ուզում է, ու իր կերպարները ստեղծում հենց փողոցում հանդիպած գեղեցկուհիների «էսքիզներով»: «Սա է կյանքը, եթե ես նկարում եմ ցուլ, իմ կտավում չի կարող միայն ցուլ լինել, որովհետեւ բացի ցուլից աշխարհում շատ բաներ կան, ու ես սկսում եմ իմ կտավի վրա տեղավորել աշխարհը»,- ասում է Վ. Զաքարյանը: Ու հաճախ կտավի շրջանակները նկարչին չեն բավականացնում, եւ կտավն իր շարունակությունն է գտնում առանձին ստեղծված, բայց նրա մասնիկը հանդիսացող մեկ այլ նյութից, մեկ այլ ձեւի մեջ պատրաստված ծավալում, որը կարող է նույնիսկ քանդակ լինել, ստվարաթղթից պատրաստված ինչ-որ պատկեր: Վիլիկ Զաքարյանը կյանքի խորհրդանիշ է դարձրել նաեւ շախմատային տախտակն ու իմաստուն խաղի ֆիգուրները: Սեւի ու սպիտակի, չարի ու բարու պայքարը, լավի ու վատի հակադրությունը պատկերելով` նկարիչը փորձում է այդ հավերժ պայքարի ելքը գտնել իր կերպարների միջոցով, որոնք, օրինակ, շախմատային տախտակի առջեւ կռվում են, պայքարում:

Հաճախ հերոսների դիմագծերը նույնիսկ պատկերված չեն, բայց Վ. Զաքարյանը կարողացել է փոխանցել նրանց դեմքին արտահայտված լարվածությունը կամ անտարբերությունը: Իսկ սեղանին ժանգոտ մեխերով գամված մրգերը նկարչին կրկին հնարավորություն են տալիս արտահայտելու կյանքի քաղցր պահերը, որոնք միշտ ընդհատվում են սուր ու ծակող փշերով:

«Երբ նկարում էի «Կենտավրի կռիվը ամազոնուհու հետ» նկարս, զգում էի, որ այդպես հանգիստ կանգնած` լուրջ-լուրջ երբեք չեմ կարող կռվի ողջ էմոցիան փոխանցել: Կյանքում առաջին անգամ մենակ մի քանի բաժակ օղի խմեցի, շատ ռիթմիկ, փոքր-ինչ ագրեսիվ երաժշտություն միացրի ու սկսեցի նկարել կռիվը: Խզբզում էի, արդեն պահ եկավ` վրձինս թողեցի ու «ծյուբիկ»-ով սկսեցի ներկը շփել կտավի վրա, լղոզում եմ եւ այլն...ասում էի` ինչ լինի` լինի, կռիվը պետք է սենց նկարել: Այդպես նկարեցի եւ գնացի տուն` ասելով` առավոտը կգամ, կտեսնեմ ինչ է ստացվել: Հաջորդ առավոտյան եկա ու տեսա, որ շատ լավ է ստացվել, նույնիսկ ոչ մի գիծ, ուղղելու ոչ մի բան չկար»:

Վիլիկ Զաքարյանն ասում է, որ սիրում է հատկապես նկարն ավարտելու պահը, երբ բավարարված նայում է իր իսկ ստեղծածին` իրեն համարելով արարիչ: Միեւնույն ժամանակ ասում է, որ երբեք չի կարող մինչեւ վերջ գոհ լինել իր արածից, քանի որ «երբ նկարիչը գոհ է իր վերջնական կտավից, ուրեմն նա մեռած է այլեւս»: Կյանքով լեցուն, եռանդուն նկարիչը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել արտերկրում, նրա նկարները մեծ գնահատանքի են արժանացել բազում երկրներում: Նկարչի ամենամեծ երազանքը շա~տ մեծ, ընդարձակ, լավ լուսավորությամբ, բարձր առաստաղով արվեստանոց ունենալն է, որտեղ կկարողանա կտրվել առօրյայից ու թափանցել էսթետիկայի ներդաշնակ աշխարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter