Աշխարհի հնագույն զանգերից երկուսը` Մադրասի Ս.Աստվածածին եկեղեցում
Չեննայ (Մադրաս) քաղաքում է գտնվում Հնդկաստանի եւ Հեռավոր Արեւելքի ամենահին քրիստոնեական կառույցներից մեկը` Ս. Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցին: Այն կառուցվել է 1772 թ.` հայկական հինավուրց գերեզմանատան տարածքում, որը հետագայում դարձել է Շահամիրյան ընտանիքի սեփականությունը:
Եկեղեցին փոխարինել է 1712 թ. կառուցված հայկական մատուռին, որը քանդվել է 1746 թ.` անգլո-ֆրանսիական գաղութատիրական պատերազմի ժամանակ: Եկեղեցու մուտքին արված արձանագրության մեջ երկու տարեթվերն էլ նշված են` 1772 եւ 1712: Նոր շինությունը կառուցվել է Շահամիր Շահամիրյանի (Սուլթանումյան) միջոցներով` իր վաղամեռ կնոջ հիշատակին:
Ս. Աստվածածինը ծնունդն ու վկան մադրասահայության փառահեղ պատմության: Նոր ժամանակների ազատագրական մտքի դարբնոց դարձած հայ Մադրասը իր ողջ ժառանգությունը կարծես ամբարել է հոյակերտ եկեղեցու կամարների ներքո:
Սպիտակածեփ եկեղեցին գտնվում է մի փողոցում, որտեղ առեւտրային երկարաձիգ եւ հոգնեցուցիչ ճանապարհներից վերադարձել եւ իրենց հանգիստն են գտել Շահամիր Շահամիրյանը, Սամուել Մուրադը, Գրիգորի եղբայրները, Սեթ Սամը եւ մադրասահայ մյուս նշանավոր վաճառականները:
Այստեղ է ծնունդ առել Մադրասի խմբակը, որի անդամները` ի դեմս Մովսես Բաղրամյանի, ջանք չեն խնայել լուսավոր եւ առաջադիմական գաղափարները հայ երիտասարդությանը հասանելի դարձնելու համար:
Այս կամարների ներքո, ամեն կիրակի` 40 տարի շարունակ, Սուրբ պատարագ է մատուցել հայ տպագրության անդրանիկ պարբերականի` «Ազդարարի» խմբագիր Տեր Հարություն ավագ քահանա Շմավոնյանը:
Այստեղ է հիմնվել մադրասահայերի տպարաններից առնվազն երկուսը, հայկական դպրոցը: Ի վերջո, այստեղ են իրենց վերջին հանգրվանը գտել մադրասահայերի զգալի մասը: Ուստի պատահական չէ, որ այս փողոցը կոչվում է «Armenian Street»:
Ժամանակները փոխվել են, եւ Մադրասն այսօր հայազուրկ է, սակայն նրա չմարող փառքի խորհրդանիշը հպարտությամբ վեր է խոյանում: Բլրագագաթին գտնվող պարսպապատ եկեղեցին առաջին հայացքից աննկատ է:
Հայկական փողոցի երկայնքով ձգվող առեւտրական տաղավարների տերերը շատ քիչ բան գիտեն այս եկեղեցու պատմության մասին, սակայն նրանց հայտնի է, որ այն իրենց նահանգի հնագույն քրիստոնեական տաճարն է:
Քչերը գիտեն նաեւ, որ այս եկեղեցում են հանգրվանել քրիստոնեական առաջին ձուլածո զանգերի բացառիկ եւ արժեքավոր նմուշները, որոնք տեղադրված են եկեղեցուց անջատ վեր խոյացող եռահարկ զանգակատանը:
Զանգակատան 3 զույգ հսկա զանգերը տասնյակ տարիներ պատարագի են կանչել քաղաքի հայ հավատացյալներին: Ցավոք, այսօր ամեն կիրակի չէ, որ հնչում են նրանք, իսկ ամեն անգամ, երբ զանգերի ձայնը տարածվում է հայկական փողոցում, շրջակայքի բնակիչները հասկանում են, որ հայ է ժամանել եկեղեցի: Նրա այցելուները հիմնականում կալկաթահայերն են (մադրասահայերի զգալի մասը 19-րդ դ. երկրորդ կեսին տեղափոխվեց Կալկաթա):
Հայ եկեղեցի ժամանած յուրաքանչյուր ուխտավոր բարձրանում է զանգակատուն` զանգերը տեսնելու եւ պահը հավերժացնելու նպատակով: 3 զույգ զանգերն էլ թվագրված են: Նրանցից յուրաքանչյուրն ունի 21-26 մատնաչափ բարձրություն, 24-28 մատնաչափ լայնություն եւ կշռում են մոտ 150 կգ: Հնագույն զանգը ձուլվել է 1754 թ.:
Այն ունի հայատառ գրառումներ, որն արվել է ավելի ուշ` 1808թ.` նահանգի հայտնի «Արուլապան» ձուլարանում: Հաջորդը ձուլվել է 1778 թ., իսկ մյուս երկուսը` 1790 թ., որոնք նվիրվել են եկեղեցու հիմնադիր Աղա Շահամիր Շահամիրյանի վաղամեռ որդու` 19-ամյա Էլիազար Շահամիրյանի հիշատակին:
Առավել արժեքավոր են վերջին երկու զանգերը` ձուլված 1837 թ.` արձանագրությամբ. «Thomas Mears, Founder, London»: Սա նշանակում է, որ զանգերը ձուլվել են Լոնդոնի աշխարհահռչակ «Whitechapel Bell» ձուլարանում:
Այս ձուլարանը մտել է գինեսի ռեկորդների գիրք, որպես «Մեծ Բրիտանիայի հնագույն մանուֆակտուրային կազմակերպություն»: Այն հիմնականում զբաղվում է եկեղեցական զանգերի արտադրությամբ:
Գործում է 1420 թ.-ից: Ավանդաբար արտադրանքի վրա նշվում է ձուլարանի տվյալ ժամանակաշրջանի գլխավոր վարպետի անունը, իսկ 19-րդ դարից մինչ 1968 թ. ողջ արտադրությունը պիտակավորվել է «Mears & Stainbank» անվամբ, այդ թվում նաեւ Ս. Աստվածածնի զանգերը:
Այս ձուլարանում ձուլված ամենահին զանգը պահպանվում է Լոնդոնում, որը նաեւ հնագույնն է աշխարհում, իսկ թվագրությամբ երկրորդ ձուլածո զանգը Ֆիլադելֆիայում գտնվող Լիբերթիի զանգն է` 1752 թ.:
Այն համարվում է ամերիկյան անկախության պատերազմի խորհրդանիշը: Ըստ ավանդության` 1776 թ. Ֆիլադելֆիայում հենց այս զանգով է ազդարարվել նաեւ ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի ընդունումը: Յուրաքանչյուր տարի հազարավոր այցելուներ են գնում Ֆիլադելֆիա` պատմական եւ արժեքավոր զանգը տեսնելու:
Ձուլարանի արտադրած թերեւս ամենանշանավոր զանգը Լոնդոնի Վեստմինսթեր պալատի հանրահայտ «Big Ben» անունը կրող ժամացույցի զանգն է` 1858 թ., այն երբեւէ ձուլված ամենամեծ զանգն է, ունի 2.2 մ բարձրություն, 2.9 մ լայնություն եւ կշռում է 13 տոննա:
«Whitechapel Bell» ձուլարանի զանգերից նշանավոր են նաեւ Լիվերպուլի Մայր տաճարի, Լոնդոնի Ս. Մարի լե Բոուի եւ Վեստ Մինսթեր Աբբայի զանգերը: Այս հինավուրց զանգերի շարքում նշվում է նաեւ Մադրասի Ս. Աստվածածին հայկական եկեղեցու 6 զանգերից 2-ը:
Այսպիսով, հայտնի չէ, թե թանկարժեք զանգերն ում կողմից են ձեռք բերվել, սակայն եթե համեմատենք արտադրության տարեթիվը եւ այդ ժամանակաշրջանի Մադրասի կարողունակ հավանական գնորդներին, ապա կարող էին լինել կամ Գրիգորի եղբայրները կամ Սեթ Սամը, քիչ հավանական է Մուրադների ընտանիքը, քանի որ նրանք հարում էին հռոմեական դավանանքին:
Անշուշտ, այս զանգերը խորհրդանշում են մադրասահայերի նվիրվածությունը մայր եկեղեցուն, սակայն մյուս կողմից վկան են մադրասահայերի ունեցած ֆինանսական կարողության:
Այսպիսով, 19-րդ դարասկզբին հայ վաճառականները իրենց կապիտալով դեռեւս շարունակում էին մրցել «Արեւելա-հնդկական» անգլիական ընկերության հետ: Հավանական է նաեւ, որ անգլիական արտադրությունը խթանող նման ներդրումներով մադրասահայերը նպատակ են ունեցել պահպանել իրենց ազդեցությունը անգլիական Հնդկաստանում:
Հերմինե Ադամյան Հայոց մարդասիրական ճեմարան, Կալկաթա
Մեկնաբանել
Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել