Սկսվեց Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով մեղադրական եզրակացության հրապարակումը
Սոնա Մաշուրյան
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր սկսվեց Հայաստանի Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով մեղադրական եզրակացության հրապարակումը:
Ընդ որում, հրապարակվում էր ոչ թե մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես սովորաբար արվում է դատարաններում, այլ եզրակացությունն ամբողջությամբ: Մեղադրական եզրակացության հրապարակումը կավարտվի մարտի 26-ի նիստում:
Հիշեցնենք, որ բազմադրվագ այս գործով անցնում են 10 ամբաստանյալներ, որոնցից 4-ը՝ Արա Կարապետյանը, Արշակ Գրիգորյանը, Հովհաննես Նազարյանը եւ Սուրեն Մելքոնյանը «աչքի են ընկել» ԱՄՆ-ում դեռեւս 2004թ. մի շարք ոսկերչական ընկերություններին պատկանող առեւտրային ձեռնարկություններից եւ լոմբարդից մոտ 150 հազար դոլար կազմող արժեքների հափշտակությամբ:
Ըստ մեղադրական եզրակացության, ԱՄՆ ոստիկանության մարմնից փախուստի դիմած եւ Հայաստան վերադարձած Ա.Կարապետյանը Ոստիկանության Երեւանի Խորհրդային բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանի հետ 2007թ. նոյեմբերին կազմակերպել է կազմակերպված խումբ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար:
Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակումը կատարված հանցագործություններից միայն մեկն է:
Խմբի անդամները մեղադրվում են ավազակության, գողության, պաշտոնական անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու, փաստաթղթեր հափշտակելու եւ սպանության նախապատրաստության մեջ:
Մինչ մեղադրական եզրակացության հրապարակումը սկսելը ամբաստանյալ Հայկ Մելքոնյանի պաշտպան Ռուբեն Ռշտունին միջնորդեց գործին կցել իր պաշտպանյալին բնութագրող մի շարք փաստաթղթեր՝ միջնակարգ կրթության ատեստատ, դպրոցական գովասանագրեր, բնութագիր աշխատավայրից, ինչպես նաեւ ներկայացրեց օդամղիչ զենքի հաշվառման քարտը:
Ռ.Ռշտունին նաեւ միջնորդություն ներկայացրեց դատարանին հարցում ուղղել Կենտրոնական բանկին՝ պարզելու թե ում փոխանցած գումարով է ամբաստանյալ Բագրատ Սողոմոնյանը Իսպանիայից վերադարձել Հայաստան:
Վերջինիս պաշտպան Անահիտ Ավետիսյանը գտնում է, որ գործի նյութերում հստակ նշվում է վերոհիշյալ Հայկ Մելքոնյանի անունը, սակայն նաեւ կարծիք հնչեց, որ հարցը ճշգրտման կարիք ունի:
Միջնորդությանը դատարանը կանդրադառնա ապացույցների հետազոտման փուլի ավարտից հետո, երբ կպարզվեն գործի էական հանգամանքները:
Պաշտպան Անահիտ Ավետիսյանը եւս դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալին՝ Բ.Սողոմոնյանին առնչվող փաստաթղթեր՝ նրա խնամքին կա երկու անձ՝ մայրն ու որդին:
Պարզ դարձավ նաեւ, որ Բագրատ Սողոմոնյանը ժամանակին աշխատել է Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում, պարգեւատրվել պատվոգրով, վերապատրաստվել արտասահմանում:
Ամբաստանյալ Արա Կարապետյանի պաշպան Կարեն Քամալյանի հիմնական բողոքը լրագրողներից էր, խումբը նրանց կողմից որակվել է որպես բանդա, առհասարակ խախտվել է անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը:
Այն, որ ամբաստանյալները մեղադրվում են ինչ-ինչ հանցագործությունների մեջ, չի նշանակում, որ նրանք դրանք կատարել են, ասաց փաստաբանը:
Լուս.` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել