HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ո՞վ կարող էր տուգանքի չափը 20 անգամ պակասեցնել

Բնապահպանական պետական տեսչության պետի արդեն նախկին տեղակալ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ անցյալ տարվա հոկտեմբերին «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում անցկացվել են ստուգումներ, որի արդյունքում արձանագրված խախտումներով բյուջե վճարման ենթակա վնասը հաշվարկվել է 202 մլն դրամի չափով: Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Գլադչենկոն և նրա տեղակալ Լեւոն Վարդանյանը հրավիրվել են նախարար Արամ Հարությունյանի մոտ քննարկման, ինչից հետո հաշվարկված վնասը կազմել է ընդամենը 10 մլն 141.6 հազար դրամ: «Ո՞վ կարող էր գումարը մոտ 20 անգամ պակասեցնել, ո՞ւմ մակարդակի խնդիր էր սա»,- հարցրեց դատավոր Ժորա Վարդանյանը ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լեւոն Վարդանյանին: Վերջինս ասաց, թե ինքը չգիտի: Լեւոն Վարդանյանին այսօր դատարանում հարցաքննվում էր որպես վկա` կաշառակերության համար մեղադրվող Բնապահպանական պետական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանի և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանի գործով: Վկան տեղեկացրեց, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն պետք է 6-ամսյա ժամկետում` մինչև անցյալ տարվա հոկտեմբեր, կառուցեր շրջանառու ջրամատակարարման համակարգ: Սակայն ընկերությունն այն չի կառուցել` խնդրելով վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2011 թ. հունվար: Լեւոն Վարդանյանը պարզաբանեց, թե որոշվել է համակարգը կառուցելու համար նախատեսված գումարն ուղղել սոցիալական ծրագրերին, որպեսզի հնարավոր լինի ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում աշխատատեղերը չկրճատել: Վարդանյանը նշեց, որ երևի քննարկման ժամանակ իրենց ներկայացրած առարկություններն են հաշվի առնվել ու դրա շնորհիվ էլ ակտը կազմվել է ընդամենը 10 մլն դրամի չափով: Նախարարությունը պետք է ՓԲԸ-ի` համակարգի կառուցման ժամկետը երկարաձգելու խնդրանքին պատասխաներ նամակով: Լ. Խաչատրյանի խոսքերով` Արսեն Պետրոսյանն իրեն հեռախոսով ասել է, թե պատասխանը կարող է լինել և´ դրական, և´ բացասական, ու խնդրել է զրուցելու համար հանդիպել: «Այդպես էլ ես չհանդիպեցի Արսեն Պետրոսյանին: Դեկտեմբերի վերջին նա զանգեց, թե` շտապ պետք է հանդիպենք: Ասացի` չեմ կարող, Ախթալայում եմ»,- պատմում է վկան: Նա Պետրոսյանի հետ պայմանավորվել է, որ ՓԲԸ-ից հանդիպմանը կգնա գործից հասկացող մեկը: Վկան միաժամանակ նշեց, որ մյուս մեղադրյալին` Տիգրան Գրիգորյանին չի ճանաչում, իսկ Պետրոսյանն իր հետ խոսակցություններում երբևէ գումար տալու մասին որևէ ակնարկ չի արել: Այն, որ ՓԲԸ-ի ներկայացուցիչը Արսեն Պետրոսյանին 5 մլն դրամ կաշառք է տվել, Լ. Վարդանյանի խոսքերով, ինքն այդ մասին իմացել է «Հետքի» կայքէջից: Այսօրվա նիստում հարցաքննված երկրորդ վկան հենց կաշառք տվողն էր` ընկերության խորհրդի նախագահի օգնական Հրանտ Ավագյանը: Նա պատմեց, որ 2009 թ. դեկտեմբերի 26-ին, քանի որ աշխատակիցներից ինքն էր Երևանում, ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի հանձնարարությամբ հենց ինքն էլ գնացել է Բնապահպանության նախարարություն ու հանդիպել Արսեն Պետրոսյանի հետ: «Վերջին հաշվով, պետք է ճշտեինք, թե ինչ է պետք, որ նամակի պատասխանը դրական լինի,- ասաց վկա Ավագյանը: Ըստ նրա` Ա. Պետրոսյանը «շատ բարդ ձևով է պրոբլեմը ներկայացրել», ասել է, թե շատ մարդիկ կան հետաքրքրված, շատերին պետք է լավություն անի, բայց թե կոնկրետ ում, անուններ չի նշել: «Սկզբում 15 մլն դրչամ ուզեց: Ասացի, որ դա ֆանտաստիկ գումար է: Վերջը պայմանավորվեցինք 5 մլն դրամի մասին, ասացի, որ պետք է ղեկավարությանը տեղյակ պահեմ ու դուրս եկա»,- շարունակում է Հրանտ Ավագյանը: Նրա պատմելով, իմանալով այս ամենը` ընկերության սեփականատեր Տեր-Պողոսյանը բարկացել է ու հանձնարարել դիմել ոստիկանության 6-րդ վարչություն: Այստեղ ոստիկանները նրան տվել են հատուկ նշագրված թղթադրամներ, ինչն էլ դեկտեմբերի 28-ին ինքը տվել է Արսեն Պետրոսյանին` հենց վերջինիս աշխատասենյակում: «Հարցրի` չե՞ք հաշվում, բա` չէ, վստահում եմ: Հետո զանգեց ընդհանուր բաժին, ասաց, որ Հրանտ Ավագյանը կգա, նամակը տվեք իրեն: Գնացի, բայց ընդհանուր բաժնի տեղը չգտա: Վերադարձա Ա. Պետրոսյանի աշխատասենյակ, ինքը գլուխաը կախ գումարն էր հաշվում»,- հիշում է վկան: Նրա ասելով, երբ նամակը վերցրել ու միջանցքով վերադառնալիս է եղել, տեսչության պետի տեղակալի աշխատասենյակի մոտ արդեն հավաքված են եղել իրավապահները: Վկա Հրատ Ավագյանը նույնպես իր ցուցմուքներում տեսչության պետ Տիգրան Գրիգորյանի անունը որևէ դրվագում չհիշատակեց: Դատավարությունը կշարունակվի հաջորդ շաբաթ: Ըստ մեղադրական եզրակացության` Արսեն Պետրոսյանն իր գործողությունները համաձայնեցրել է անմիջական ղեկավարի` Տ. Գրիգորյանի հետ և հիշյալ 5 միլիոնից 3 մլն 790 հազար դրամը փոխանցել է նրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter