Տղամարդկանց ելքի կնիք չե՞ն խփում
Երեկ «Հրապարակի» խմբագրություն էր զանգել վանաձորցի մի երիտասարդ, որն օրերս բախվել էր հետաքրքիր իրողության: Նա դիմել էր անձնագրային բաժանմունք` անձնագրում ելքի կնիք խփելու խնդրով: Սակայն անսպասելիորեն անձնագրայինում մերժել էին անել այդ տարրական գործողությունը եւ բացատրել էին, որ իրենց հրահանգված է մինչեւ 40 տարեկաններին ելքի կնիք չխփել:
Երբ երիտասարդը պնդել էր, որ բացատրեն, թե ինչ պատճառով, անձնագրայինի աշխատողը հայտարարել էր. «Երկրում պատրեզամական վիճակ է, զորակոչի տարիքի տղամարդկանց հրահանգված է պահել այստեղ»:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից այս տեղեկությունները հերքեցին: Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Վաչե Միսկարյանն էլ պնդել է, թե որեւէ քաղաքացու իրենց նման պատասխան չեն տվել:
Հերթը հասավ Բուլղարիային
Բուլղարիայի պահպանողական «Կարգուկանոն, օրենք եւ արդարություն» կուսակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:
Կուսակցությունը միաժամանակ պաշտոնական պատասխան է պահանջել Բուլղարիայի վարչապետից Հայոց ցեղասպանության շուրջ կառավարության դիրքորոշման վերաբերյալ: «Մեր նպատակն է փոխհամաձայնության գալ այդ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ Բուլղարիայի գնահատականի շուրջ` պաշտպանելով պատմական ճշմարտությունը, ինչպես որ դա արեցին Միացյալ Նահանգներն ու Շվեդիան»,- հայտարարել է կուսակցության ղեկավարը:
Թուրքիան` աշխարհի դեմ
Թուրքիան պահանջվում է միջազգային դատարանում դատական հայց ներկայացնել Հայոց ցեղասպանությունը օրենսդրորեն ճանաչած աշխարհի 20 պետությունների դեմ: Այդ հարցը բարձրացրել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները ներկայացնող պատգամավորներ Դենիզ Բիոլուքբաշը եւ Շյուքրու Էլեքդաղը:
«Սակայն ցեղասպանությունը ճանաչած երկրների դեմ դատ բացելու վերջնական որոշումը պետք է կառավարությունը կայացնի: Իսկ կառավարությունից առայժմ արձագանք չկա»,- գրում է թուրքական մամուլը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են` Ուրուգվայ (1965 թ.), Կիպրոսի Հանրապետություն (1982 թ.), Արգենտինա (1993 թ.), Ռուսաստանի Դաշնություն (1995 թ.), Կանադա (1996 թ.), Հունաստան (1996 թ.), Լիբանան (1997 թ.), Բելգիա (1998 թ.), Իտալիա (2000 թ.), Վատիկան (2000 թ.), Ֆրանսիա (2001 թ.), Շվեյցարիա (2003 թ.), Սլովակիա (2004 թ.), Հոլանդիա (2004 թ.), Լեհաստան (2005 թ.), Գերմանիա (2005 թ.), Վենեսուելա (2005 թ.), Լիտվա (2005 թ.) Չիլի (2007 թ.), Շվեդիա (2010 թ.):
Բենզինն էլի թանկանալու է
Բենզինի հերթական թանկացումը բենզինի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող ընկերությունները պայմանավորում են դոլար-դրամ փոխարժեքի տատանմամբ եւ համաշխարհային շուկայում նավթի գների աճով:
Tert.am-ի հարցին ի պատասխան` «Մաքսհուր» ընկերությունից տեղեկացրել են, որ օր օրի բենզինի գների թանկացում է սպասվում, քանի որ այսօր էլ իրենք վնասով են աշխատում: Այս ամսվա ընթացքում բենզինը թանկացել է արդեն երրորդ անգամ:
«Սպասվում է թանկացման նաեւ 4-րդ եւ 5-րդ ալիքը»,- ասել են ընկերությունից: Իսկ «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն ասել է, թե մինչեւ հաջորդ շաբաթ ընկերությունը բենզինի գինը չի թանկացնի եւ կսպասի իրավիճակի կայունացմանը: «Այս իրավիճակից օգուտ են քաղում փոքր ընկերությունները եւ արագ գին են բարձրացնում»,- ասել է նա:
Ստորագրել են, բայց գաղտնի են պահում
Երեկ «Regnum» եւ «Armenia Today» կայքերում բավականին ուշագրավ տեղեկություն հայտնվեց: Համաձայն այդ տեղեկության` պաշտոնական Բաքուն ողջունում է Երեւանին` Մադրիդյան նորացված սկզբունքներն ընդունելու կապակցությամբ: Այս մասին հայտարարել է անձամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքերով` սա հնարավորություն է տալիս շարունակել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը եւ սկսել աշխծատանքը` կապված հիմնախնդրի կարգավորման մեծ համաձայնագրի հետ:
«Անհրաժեշտ է քննարկել հետագա քայլերը միջնորդների հետ»,- ավելացրել է Մամեդյարովը: Կայքի թղթակիցը մանրամասներ է փորձել ճշտել հայաստանյան կողմից: Վերջինս Մամեդյարովի հայտարարության մասով պաշտոնական պատասխան ստանալու ակնկալիքով դիմել է ՀՀ արտգործնախարարության մամուլի պատասխանատու Տիգրան Բալայանին:
Վերջինս հարցն առանց լսելու փոխանցել է, թե այսուհետ իրեն պետք է դիմեն միայն գրավոր հարցերով: ՀՀ արտգործնախարարության այս մոտեցումը թույլ է տալիս եզրակացնելու, որ Հայաստանն, իսկապես, ստորագրել է Մադրիդյան նորացված սկզբունքների տակ:
Ռուսաստանում սպանվել է 50-ամյա հայուհի
Երեկ հրազենով սպանվել է Ռուսաստանի Սոլիկամսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ Օլգա Կարապետյանը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Տեղական իշխանությունների փոխանցմամբ` Կարապետյանի վրա անհայտ անձը կրակ է բացել, երբ նա դուրս էր գալիս շենքից, որտեղ բնակվում էր: Սպանության շարժառիթները հայտնի չեն, քննիչները կարծում են, որ միջադեպը կարող է կապված լինել Կարապետյանի պրոֆեսիոնալ գործունեության հետ: Օլգա Կարապետյանը Սոլիկամսկի գլխավոր ճարտարապետն է 2007 թվականից:
Ըստ ՀՅԴ-ի` կառավարությունը ձախողվել է
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը թերթին ասել է. «Այս կառավարությունը ընդհարնապես ձախողված է: Սա փաստ է, եւ մենք որքան շուտ խոստովանենք այս փաստը ու փորձենք փոխել` ավելի օգնած կլինենք Հայաստանի տնտեսական ու սոցիալական իրավիճակի բարելավմանը»: Նկատեցինք, թե կառավարությանը հիմա քննադատում են հատկապես այն ուժերը, որոնք ցանկանում են իբրեւ վարչապետ տեսնել Ռոբերտ Քոչարյանին, եւ հետաքրքրվեցինք` ՀՅԴ-ն է՞լ է այդ ուժերից:
«Ոչ,- պատասխանեց Հրանտ Մարգարյանը:- Մենք կառավարության ղեկավարի թեկնածու այս պահին չունենք, բայց այն թիմը, որ այս կառավարության առանցքի շուրջ է ձեւավորված, սխալ ուղղությամբ տարավ ողջ պետական տնտեսական քաղաքականությունը: Եւ այդ առումով է, որ ձախողված է ու պետք է փոխվի: Ես այդպիսի հարց չեմ դնում, թե պետք է փոխնի մեզնով»:
Կագեբեյեշնիկներին բերման են ենթարկել
Թերթի` ոստիկանության աղբյուրները հաղորդում են, որ նախորդ օրը ուշ երեկոյան Հանրապետության Հրապարակից հարբած վիճակում Կենտրոնի ոստիկանությւոն է բերման ենթարկվել ԱԱԾ աշխատակից Գեւորգ Ս.-ն, հենց Հրապարակում, մեղմ ասած, անվայել պահվածքի եւ երկու անգամ օդ կրակելու համար:
Նա ԱԱԾ մի բարձրաստիճան պաշտոնյանի որդի է: Գեւորգ Ս.-ն բաժնում սկսել է գոռգոռալով հայհոյել ներկա գտնվողներին: ԱԱԾ տնօրենի տեղակալ Հրաչյա Հարությունյանի («Կրակեմ Հրաչ») հրահանգով, սակայն, երեկ առավոտյան նա ազատ է արձակվել, իսկ Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանին հրահանգվել է դեպքը չարձանագրել եւ չներառել օպերատիվ ամփոփագրում եւ գործը «թաղել», ինչն էլ Կարապետյանն արել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել