«Արևորդի» էկո-ակումբները կտոնեն Ջրի համաշխարհային օրը
Գյումրիի էկո-ակումբը կհրապարակի ջրի սպառմանն առնչվող հետազոտության արդյունքները
Մարտի 22-ին` ժամը 13:00, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ Գյումրիի թիվ 30 միջնակարգ դպրոցում կնշվի Ջրի համաշխարհային օրը:
Կցուցադրվի Գեղարքունիքի մարզի Նորատուսի էկո-ակումբի սաների նկարահանած «Ջրի ճամփան» 20 րոպե տեւողությամբ ֆիլմը, որին կհաջորդեն բնապահպանական` մասնավորապես ջրի հիմնախնդիրներին առնչվող քննարկումներ:
Միջոցառման ընթացքում Գյումրիի էկո-ակումբի երեխաները կամփոփեն իրենց անհատական հետազոտության արդյունքները. երեխաներրը 1 շաբաթ շարունակ օրական կտրվածքով գրառել են ջրի այն ծավալը, որն օգտագործում են իրենց ընտանիքները` լվացվելու, լոգանքի, լվացքի, սպասքի լվացման և ճաշ պատրաստելու համար: Ըստ այդ հետազոտության` ակումբի սաներն ընդհանրացրել են տվյալները` հանգելով միջին պատկերի: Փոքրիկ հետազոտողները համեմատության համար փորձել են հաջորդող շաբաթն էլ խնայողաբար օգտագործել ջուրը, ինչի արդյունքում պատկերը զգալիորեն փոխվել է:
Միջոցառման ավարտին կանցկացվի մրցույթ, թե ով ջրի խնայողության ամենաօպտիմալ տարբերակը կներկայացնի. Հաղթողները կպարգևատրվեն:
Երևանի էկո-ակումբը կծանոթանա Երևանի ջրարտադրման և ջրամատակարարման գաղտնիքներին
Մարտի 22-ին` ժամը 10:00-17:00, Երևանի Թեքեյան կենտրոնում (Խանջյան 50) տեղի կունենա Ջրի համաշխարհային օրվան նվիրված կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի էկո-ակումբների սաները: Կցուցադրվի Նորատուսի էկո-ակումբի նկարահանած «Ջրի ճամփան» 20 րոպե տևողությամբ ֆիլմը: Միաժամանակ կցուցադրվեն դպրոցականների` «Ջուրը երեխաների աչքերով» խորագրով գունանկարները և «Արևորդի» փառատոնի շրջանակում կազմակերպված «Մեր առաջին տարրը`կովկասյան ջուր» լուսանկարչական ցուցահանդես-մրցույթից ընտրված լուսանկարները:
Կլոր սեղանը կազմակերպում են «Ազգային ջրային համագործակցություն», «Կայուն ջրային միջավայր», «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հկ-ները, «ՋԻՆՋ» ինժեներախորհրդատվական ընկերությունը և ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը:
Երևանի էկո-ակումբի սաներն այդ օրը կմասնակցեն նաև «Երևան Ջուր» ընկերության նախաձեռնած այցելությանը Կաթնաղբյուր` ծանոթանալու ջրարտադրման և ջրամատակարարման գաղտնիքներին: Երեխաները կտեսնեն, թե ինչպես է կատարվում Երևան քաղաքի ջրի մատակարարումը` ակունքից մինչև բուն հասցեատեր:
Դիլիջանի էկո ակումբը կկազմակերպի բաց դաս` ջրի թեմայով
Մարտի 22-ին` ժամը 15:00, Դիլիջանի էկո-ակումբում (Շահամբերյանի անվան գեղարվեստի դպրոց) կկայանա բաց դաս, որի ընթացքում ակումբի սաները թեմատիկ տեսաշարով կներկայացնեն ջրի խնդիրը: Կցուցադրվի նաև ջրի խնդիրն արծարծող վավերագրական ֆիլմ:
Ջրի օրը` աշխարհում
1992թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի «Շրջակա միջավայր և զարգացում» կոնֆերանսի ժամանակ որոշում ընդունվեց մարտի 22-ը սահմանել որպես Ջրի համաշխարհային օր: Եվ արդեն հաջորդ տարի` 1993թ-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի միջազգային օր:
Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է որևէ հրատապ խնդրի: 2007թ.-ը կրում էր «Պայքար ընդդեմ ջրի սակավության» խորագիրը, 2008թ.-ը հռչակվեց «Սանիտարիայի տարի», իսկ 2009թ.-ը հայտարարվեց անդրսահմանային ջրային ռեսուրսների տարի` կրելով «Ընդհանուր ջրեր` ընդհանուր հնարավորություններ» խորագիրը:
Այս տարի Ջրի համաշխարհային օրվա թեման է ջրի որակը` «Մաքուր ջուր` առողջ աշխարհի համար» կարգախոսով:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել