HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչը Էրդողանի լեզվին է, նույնը թուրքական հասարակության սրտում է

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարում է, որ իրեն սխալ են հասկացել: Ինքը խոսել է Թուրքիայից ոչ թե ընդհանրապես հայերին, այլ երկրում ապօրինի գտնվող հայերին արտաքսելու մասին: Մենք իրեն ճիշտ էլ հասկացել ենք: Թուրքիայի վարչապետը խոսում է օրենքի խտրական կիրառման մասին` պայմանավորված մարդկանց էթնիկ ծագումով: Եթե Թուրքիայի իշխանությունները հայտարարեին, որ որոշել են երկրից վտարել բոլոր ապօրինի գտնվողներին, հասկանալի կլիներ: Թեև ընդունելի չէր լինի, այնուամենայնիվ հասկանալի կլիներ: Սակայն Թուրքիայի վարչապետը խոսում է միայն հայերին վտարելու մասին: Այսինքն` Թուրքիայում ապօրինի գտնվող վրացին, կովկասցի թաթարը (որոնց այսօր ադրբեջանցի են կոչում), արաբն ու ռուսն իրավունք պիտի ունենան շարունակել օրենքը խախտել, իսկ հայերը` ոչ: Իսկ ինչպե՞ս պիտի վարվեն թուրքերը Վրաստանի կամ Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայերի հետ: Վրաստանի քաղաքացի հայերին պիտի վտարեն, իսկ Վրաստանի քաղաքացի կովկասյան թաթարներին ու վրացիներին` ո՞չ: Հետաքրքիր կլիներ տեսնել Վրաստանի արձագանքը: 21-րդ դարում Եվրամիություն ձգտող պետության գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնյայի բերանից հնչում են խոսքեր, որոնք կոչ են անում մարդկանց նկատմամբ օրենքը կիրառել ոչ թե ըստ նրանց արածի, այլ ըստ էթնիկ ծագման: Սա արդեն լուրջ բան է: Սա Մարդու իրավունքների համընդանուր հռչակագրի (1948) 1-ին, 7-րդ և 16 (1)-ին հոդվածների կոպիտ ոտնահարում է: Գրեթե վստահ եմ, որ ներկայումս Թուրքիան պետականորեն չի սկսի հայերի նկատմամբ խտրական նոր հալածանքները: Դա հիմա չի բխում Թուրքիայի շահերից: Առանց այդ էլ Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնությունները էական զրկանքների և չարդարացված սահմանափակումների մեջ են: Այսուհանդերձ, սա խիստ մտահոգիչ երևույթ է, քանի որ  Էրդողանի ասածը թուրքական հասարակության շատ լուրջ և խորքային հիվանդության դրսևորումն է: Ինչը Էրդողանի լեզվին է, նույնը թուրքական հասարակության սրտում է: Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 19 մարտի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter