HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղյան պատերազմ. վետերանների խաթարված հոգեկան աշխարհը

Ղարաբաղյան պատերազմը շատերին խեղել է ոչ միայն ֆիզիկապես, այլեւ նպաստել է  հոգեկան խանգարումների սրացմանը կամ առաջացմանը 38 տարեկան Մխիթարը հոգեկան խանգարում ստացավ Ղարաբաղյան պատերազմից հետո: Մխիթարի ախտորոշումը`պսիխօրգանական համախտանիշ, խանդի զառանցանք է: Մինչ այդ նա ալկոհոլը` որպես պատերազմական գործողությունների տեսիլքներից ազատվելու դեղ չէր օգտագործում: Պատերազմի ավարտից ի վեր, ալկոհոլը դարձավ նրա անբաժան ընկերը: Նա տառապում է այսպես կոչված «ղարաբաղյան համախտանիշով», որը, բժիշկների խոսքերով, հազարավոր տեղացիների հոգեկան խանգարումների պատճառ է դարձել, որոնք հիմնականում չեն էլ բուժվում: Մասնագետներն ասում են, որ հետպատերազմական շրջանում պատերազմի միջով անցած մարդիկ իրենց հիշողությունների հետ փորձում են կռիվ տալ ալկոհոլի, թմրանյութերի միջոցով, կամ իրենց շուրջը`հարաբերություններում կամ կենցաղում` փոքր կամ մեծ կոնֆլիկտներ ստեղծելով: Պատերազմին սովոր մարդկանց համար ժամանակ է հարկավոր` խաղաղ ապրելուն ընտելանալու համար: Լեռնային Ղարաբաղում չկա գիտական ուսումնասիրություն, թե պատերազմից հետո քանիսն են հոգեկան շեղումներ ունեցել: Մասնագետներն ասում են, որ այդպիսինները շատ չեն: Երեւանում եւ Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում բուժում անցած Մխիթար Տոնյանը Ղարաբաղյան  պատերազմի ժամանակ մի քանի անգամ կոնտուզիա է ստացել: «Աչքիս առաջ են գալիս մեր զոհված տղաները, վիրավորները: Ամեն անգամ նրանք ինձ կանչում են, խնդրում իրենց փրկել, իրենց հանել մարտի դաշտից», - այսպես է Մխիթարը նկարագրում իրեն հանգիստ չտվող տեսիլքները: Նա պատմում է, որ մի գիշեր հերթական տեսիլքի ժամանակ ընկերներին փրկելու եւ օգնելու համար դուրս է եկել տնից, շրջել  սար ու ձորով, թփերի ու խոտերի միջով: Երբ սթափվել է, տեսել է, որ ձեռքներն ու ոտքերը ամբողջովին քերծվածքներով են պատված: Ալկոհոլը, Մխիթարի խոսքերով, ազատագրում  է իրեն այդ երեւակայական պատկերներից: «Ես չեմ ուզում խմել, բայց այդ ամենը մոռանալու միակ ելքը դա է»,- ասում է Մխիթարը, ով հաճախ այդ նոպաների ժամանակ ուշագնաց է լինում, տնից մենակ դուրս չի գալիս: Դուրս գալիս` նրա ուղեկիցն իր 13-ամյա դուստրն է: Մխիթարը նաեւ մասնագիտական օգնություն է ստանում. նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերի բուժումն օգնում է իրեն: «Դեղեր եմ խմում ու արդեն հանգիստ քնում: Ոչինչ ինձ չի անհանգստացնում», - ասում է նա: Դիսպանսերի գլխավոր բժիշկ, գործադիր տնօրեն, Ղարաբաղի առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Հակոբ Հակոբյանի խոսքերով` պատերազմական գործողությունները չեն ստեղծում հոգեկան հիվանդություններ, բայց դրանց համար հող են նախապատրաստում: «Պատերազմի սթրեսային ազդեցությունը կարող է տարածվել նաեւ պատերազմական գործողություններից հետո ծնված երեխաների վրա»,- կարծում է դիսպանսերի գլխավոր բժիշկը: Հակոբ Հակոբյանի խոսքերով` պատերազմն ազդում է ոչ միայն ռազմական գործողությունների անմիջական մասնակիցների, այլեւ պատերազմական գոտու խաղաղ բնակիչների հոգեկան վիճակի վրա: «Ռազմագործողությունների մեջ գտնվող մարդը հայտնվում է մի այնպիսի վիճակում, որը լրիվությամբ տարբերվում է խաղաղ պայմաններից: Առաջին կրակոց, առաջին սպանություն, կյանքում առաջին անգամ զոհվելու վտանգ եւ այլն: Այս ամենից մարդն իրենից անկախ կարող է հետտրավմատիկ սթրեսային խանգարում ստանալ: Ասել է թե` մարդու պսիխիկան գտնվում է զոհվելու վտանգի տակ»,- ասում է Հակոբ Հակոբյանը: Նա բացատրում է նաեւ, որ «պսիխիկան» կարծես թե ինչ-որ չափով «պահում են» հայրենասիրությունը, մարտական ընկերների ոգին, հերոսի զգացումը եւ այլն, որոնք պատերազմն ավարտվելուց հետո վերանում են, ինչը նույնպես ազդեցությունն է ունենում մարդու հոգեկան վիճակի վրա: Պսիխիկայի գերլարվածությունը չի կարող մի օրում վերանալ եւ արդյունքում մարդու առողջությունն ավելի խոցելի է դառնում: Ըստ մասնագետի`աշխարհում կատարված որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ պատերազմի ավարտից հետո 70 տոկոսը դուրս է գալիս սուր սթրեսային վիճակից, իսկ 30 տոկոսը ստանում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Նշված 70 տոկոսի մոտ 5-10 տարի հետո պսիխոսոմատիկ երեւույթներ են ձեւավորվում, ինչի արդյունքում 50 տոկոսից ավելիի մոտ սրտանոթային հիվանդություններ են առաջանում, 30-40 տոկոսի` աղեստամոքսային: Այս ամենին գումարվում է նյարդայնություն, դյուրագրգռություն եւ այլն: Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերը գտնվում է քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում: Մեկ հարկանի ոչ այնքան մեծ շենքի ներսում դոմինանտ է սպիտակ գույնը: Մեր այցելության ժամանակ նկատելի էր տարածքի մաքրությունը թե' հիվանդասենյակներում, թե'  խոհանոցում եւ թե` հիվանդների ժամանցային եւ այլ սենյակներում: Ժամանցային սենյակում հիվանդները հնարավորություն ունեն նկարելու, երգելու, նվագելու եւ հեռուստացույց դիտելու: Հիվանդանոցի տարածքում նաեւ փոքրիկ հողամաս կա, որտեղ հիվանդներն աշխատում են, զբաղվում հողագործությամբ: Այս կերպ, ինչպես դիսպանսերի գլխավոր բժիշկն է ասում, նրանց առօրյան փորձում են համապատասխանեցնել դիսպանսերից դուրս ապրողների առօրյային: Հիվանդանոցն իր ֆինանսավորումը 100 տոկոսով ստանում է պետական բյուջեից, սակայն գլխավոր բժիշկը նշում է, որ դիսպանսերի տարեկան բյուջեի մասին տվյալներ չի կարող հրապարակել: Պատերազմական գործողություններին մասնակցած մարդկանց շատ քիչ տոկոսն է այցելում Ստեփանակերտի դիսպանսեր: Դիսպանսերի հոգեբան Լիանա Արզումանյանը, ով աշխատում է 1995 թվականից, ասում է, որ պատերազմի մասնակիցներից շատերը կարիք են ունենում հնարավորինս շատ խոսելու եւ իրենց վերապրածը պատմելու: «Մարդիկ կան, որ մոռանում են պատերազմի տարիները, իսկ մարդիկ էլ կան` տարիներով չեն մոռանում: Իհարկե, դժվար է այդ ամենը հիշողությունից հանել, բայց ձգտում ենք հասնել նրան, որ հիվանդները տեղի ունեցածն ընդունեն որպես փաստ եւ շարունակեն ապրել նոր կյանքով»,- ասում է հոգեբանը: Պատերազմի մեկ այլ մասնակից 41-ամյա Ոսկան Ազիզյանի վարքում տարօրինակություններն ի հայտ եկան պատերազմի ավարտից հետո. նա սկսեց խանդի տեսարաններ սարքել, կասկածել կնոջ հավատարմության վրա: Ոսկանը նույնպես ալկոհոլի օգնությանն էր դիմում: Ոսկանը մի քանի անգամ կոնտուզիա է ստացել. մարտական գործողությունների ժամանակ մի քանի անգամ տանկը, որում նա գտնվել է` պայթել է ականի վրա, իսկ մի անգամ էլ իրենց տանկն այրվել է, եւ հազիվ կարողացել են հանգցնել այն ու փրկել անձնակազմի անդամներին: Ստացած սթրեսները նրան դարձրել են հոգեպես անհավասարակշիռ մարդ. նա բուժվել է Երեւանի սթրես-կենտրոնում, այնուհետեւ` Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում: Որսկանի ախտորոշումը` գլխուղեղի օրգանական ախտահարում, տրավմատիկ ծագման օրգանական զառանցանքային համախտանիշ: Թե պատերազմի արդյունքում Ոսկանի, Մխիթարի վիճակում քանիսն են հայտնվել` պարզ չէ: Ղարաբաղում նման վիճակագրություն չկա: Չկա նաեւ հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված շուրջ երկու հազար հոգու հետ կապված հստակ վիճակագրություն, թե ով ինչ հիվանդությամբ է տառապում, ինչն է հիվանդության պատճառը: Այս ուղղությամբ, դիսպանսերի տնօրեն Հակոբ Հակոբյանի հավաստմամբ, արդեն աշխատանքները սկսված են: Նրա խոսքերով` Ղարաբաղի իշխանությունները նույնպես շահագրգռված են նշված հարցերի վերաբերյալ գիտական մոտեցում ցուցաբերելու հնարավորություն ստեղծելու գործում: «Սա ողջ հասարակության խնդիրն է, եւ այստեղ անտարբեր լինել հնարավոր չէ»,- կարծում է Հ.Հակոբյանը: Նա նաեւ նշում է, որ անհրաժեշտ է գիտականորեն ուսումնասիրել «ղարաբաղյան սինդրոմը», որպես տեղային հակամարտության` մարդկանց հոգեկան աշխարհի վրա ունեցած հոգեբանական ներգործության առումով: «Այն իր հետքն է թողել հետպատերազմյան Ղարաբաղի բնակիչների հոգեկան վիճակի վրա»,- կարծում է Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերի գլխավոր բժիշկ Հակոբ Հակոբյանը: Անահիտ Դանիելյան` Ստեփանակերտում «Հետք» թերթի թղթակից Սեդա Մուրադյան` Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հոդվածը պատրաստվել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter