ԴԱՀԿ-ն կոչ է անում «զերծ մնալ անհիմն մեղադրանքներից»
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը «Միլանո»-ի գործի վերաբերյալ տարածել է մամլո հաղորդագրություն, որով կոչ է արվում «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչներին «զերծ մնալ անհիմն մեղադրանքներից, կամ էլ բավարար ապացույցներ ունենալու դեպքում խնդիրները լուծել դատական կարգով»:
«Միլանո» խանութ-սրահի հետ կապված հարկադիր կատարողական •ործողությունները մամուլում դարձել են շահարկման առարկա: Այդ գործով մի կողմը, հավանաբար, դժգոհ լինելով մյուս կողմից, փորձում է ԴԱՀԿ ապահովող ծառայությանը անտեղի մեղադրել անօրինական գործողությունների մեջ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթերի համաձայն` ԴԱՀԿ ապահովող ծառայությունում հարուցվել է երկու վարույթ, որոնց համաձայն` 03.03.2010թ. կայացվել է որոշում այն մասին, որով պարտապանը պարտադրվել է կատարել որոշակի գործողություններ: Այսպես`
1. Պարտադրել «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհանես Ղուկասյանին մինչև 12.03.2010թ. «Ավո Ֆ.Մ.Հ» ընկերության հետ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված` Երևան քաղաքի Աբովյան 4 հասցեում գտնվող, նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման վերաբերյալ կնքել պայմանագիր: Օտարման դիմաց գումարի փոխհատուցման չափը` 207 միլիոն 282 հազար դրամ:
2. Զբաղեցված տարացքից վտարել և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնել:
Ս\թ մարտի 4-ին պարտապանին փոստով ուղարկվել է հարկադիր կատարողի որոշումները, այդ թվում որոշակի գործողությունների պարտադրման որոշումը (ազատել տարածքը և կնքել պայմանագիր): Այնուհետև, մարտի 9-ին պարտապանին առձեռն հանձնվել է վտարման օրվա ժամի մասին գրությունը, որը նա հրաժարվել է ստանալ: Դրա վերաբերյալ կազմվել է համապատասխան տեղեկանք:
Քանի որ պարտապանը հրաժարվել է ինքնակամ տարածքից հանել իրեն պատկանող գույքը, մարտի 10-ին և 11-ին դա արվել է հարկադրաբար: Ընդ որում` գույքի հաշվառմանը և դուրս բերմանը մասնակից են եղել պարտապանը, իր ներկայացուիցիչներն ու ընթերակաները: Գույքը դուրս է բերվել տարածքից և ի պահ է հանձնվել պարտատեր «Ավո Ֆ.Մ.Հ» ընկերության լիազորված ներկայացուցիչին, վերջինիս պատասխանատվությամբ «ԴԱՀԿ մասին» օրենքի 64 հոդվածի 3 կետի համաձայն` «Հարկադիր կատարողը վտարումը կատարում է գույքի պարտադիր գույքագրմամբ: Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը ապահովում է պարտապանի գույքի պահատվությունը»:
Վերջինիս անհրաժեշտությունը ծագել էր այն պատճառով, որ պարտապանը, իր խոսքերով, գույքը այլ վայրում պահեստավորելու հնարավորություն չուներ: Պարտապանը, ինչպես նաև հաշվառմանը մասնակցող նրա ներկայացուցիչները հրաժարվել են հաշվառման արձանագրությունների տակ ստորագրելուց` պատճառաբանելով, որ գույքի հաշվառման ընթացքում թույլ են տրվել օրենքի խախտումներ: Սակայն գրավոր հրաժարականի մեջ չեն նշել, թե որ օրենքի որ հոդվածն է խախտվել:
Մարտի 12-ին Հ. Ղուկասյանը խնդրել է գույքագրման գործընթացը դադարեցնել, քանի որ մնացած գույքը նա ցանկանում է վտարման ենթակա տարածքից հանել ինքնակամ: Մարտի 16-ին պահանջատերը` «Ավո Ֆ.Մ.Հ» ընկերությունը դիմել է ԴԱՀԿ ապահովող ծառայություն և խնդրել կարճել կատարողական վարույթները:
«Այսպիսով, փաստում ենք, որ կատարողական գործողություններն ամբողջովին իրականացվել են կատարողական թերթերի տրամաբանության եւ էության ներքո, ինչպես նաև օրենքների պահանջներին համապատասխան, իսկ ընկերության կողմից տևական ժամանակ դատարան չդիմելու փաստը վկայում է այն մասին, որ հնչեցված մեղադրանքները լոկ խոսքեր են»,- նշված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել