Կապանից ահազանգում են. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատանքը սպառնում է Կապանի ազգաբնակչության կյանքին և առողջությանը
Կապանի Օրհուս կենտրոնում օրեր առաջ տեղի է ունեցել հանրային քննարկում` Կապան համայնքի խմելու ջրի որակի վերաբերյալ: Քննարկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կապանի ազգաբնակչությունը վեց օր մնացել էր առանց խմելու ջրի: Քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, պետական կառույցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Էկոլոգիական Անվտանգության Ապահովման Եվ Ժողովրդավարության Զարգացման» ՀԿ-ն 2009 թ. հունիսից ահազանգում է Կապանում խմելու ջրի աղտոտվածության վերաբերյալ: Մենք գրություններով դիմել ենք «Հայջրմուղկոյուղի» տնօրեն Պատրիկ Լորենին, հարավային տարածքային տնօրեն Ջ. Մարգարյանին և ՀՀ Առողջապահության նախարար Հ.Քուշկյանին` մատնանշելով Կապան համայնքի խմելու ջրի հիմնախնդիրները:
Խմելու ջրի համար նախատեսված կուտակման ավազանը (գլխամասը), սանիտարական գոտին կահավորված չէ ՀՀ օրենսդրությունով նախատեսված պայմաններով: Դրա պատճառով մշտապես վարչական տուգանքի է ենթարկվում վերոհիշյալ ընկերությունը, բայց առ այսօր չի կարգավորվում այդ հարցը:
Խմելու ջրի մաքրման կայանը չի գործում. միայն քլորացվում է ջուրը, և առաջանում է մեկ ուրիշ խնդիր. մինչև մաքրման կայան հասնող խողովակաշարի վրա տեղադրված են մի քանի հիդրոէլեկտրոկայաններ: Խողովակաշարը մաշված է և ոչ պիտանի, դրա համարել սիստեմատիկ առաջանում են վթարներ:
Մենք պահանջում ենք, որպեսզի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ոչ թե ներդրումային գումարներ փնտրի աշխարհով մեկ, այլ ժողովուրդից գանձած վարձավճարներից, ստացած գերշահույթներց իրականացնի վերոհիշյալ խնդիրների լուծումը: Այլապես ընկերությունն ինչո՞ւ է ստանձնել Կապանի խմելու ջրի մատակարարման կառավարումը, եթե մինչ օրս իրեն տրամադրած 41 միլիոն դոլլարից մեկ դոլլար չի տրամադրվել վերոհիշյալ խնդիրների լուծմանը:
Պահանջում ենք փոփոխություններ մտցնել ջրամատակարարման ընկերության և ազգաբնակչության հետ կնքած պայմանագրերում: Ամբողջությամբ խախտվել է սպառողների իրավունքները և ՀՀ Սահմանադրության որոշ կետեր:
Մատնանշված խնդիրները շտապ չլուծելու դեպքում մեր կազմակերպությունը կիրականացնի ստորագրահավաք, որպեսզի Կապան համայնքի ջրամատակարարման կառավարումը վերադարձվի Կապան համայնքին:
Նշենք, որ Քաջարան համայնքի ջրամատակարարումը չունի նման խնդիրներ, և սակագինը շատ ավելի ցածր է, քան Կապանում, որովհետև կառավարումն իրականացնում է հենց ինքը համայնքը:
Մեր կարծիքով` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատանքը Կապան համայնքի ազգաբնակչության կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում: Մենք կոչ ենք անում Կապանի համայնքապետ Արտուր Աթայանին և Կապանի ազգաբնակչությանը մեզ հետ միասին պայքարեն մաքուր խմելու ջուր ունենալու մեր իրավունքի համար:
«Էկոլոգիական Անվտանգության Ապահովման Եվ Ժողովրդավարության Զարգացման» հասարակական կազմակերպություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել