HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Ո՞վ է լինելու ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանի` «Օրինաց երկրին» անդամագրվելուց և արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելուց հետո նրա թափուր պաշտոնը լուրջ պայքարի տեղիք է տվել: Շրջանառվում են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի «6-րդ» վարչության պետ Հունան Պողոսյանի, Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի և նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի անունները: Ոստիկանությունում թերթի աղբյուրների փոխանցմամբ` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մտքին դրել է նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանին վերադարձնել համակարգ: Նա նույնիսկ Երևանի քաղաքապետին է խառնել այս գործին. խնդրել է, որ նա բանակցություններ վարի «վերևներում»` Վարյանին փոխոստիկանապես նշանակելու համար: Հիշեցնենք, որ Վարյանն այժմ ղեկավարում է ոստիկանության ակադեմիան: Ըստ թերթի աղբյուրի` եթե 6-րդ վարչության պետը նշանակվի փոխոստիկանապետ, ապա նրա փոխարեն «6»-ի պետի պաշտոնում հավանաբար կնշանակվի Լոռու մարզի ոստիկանության պետ Անուբախ Համբարյանը: Պատմաբանների հանձնաժողովն արդեն ձևավորվո՞ւմ է Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողով է ձևավորում և ծրագրում է ապրիլի 24-ը պատշաճ նշել, երեկ Հիլարի Քլինթոնը ռուսական հեռուստատեսությանը տված հարցազույցում հայտարարել է, որ Ցեղասպանությունը քննող պատմաբանների հանձնաժողովն արդեն ձևավորվում է: Ընդհատակյա դպրոց Թուրքական «Vatan»-ի թղթակիցն այցելել է Ստամբուլում անօրինական ապրող և աշխատող հայաստանցիների երեխաների ընդհատակյա դպրոցը և զրուցել երեխաների ու ուսուցիչների հետ: «Թուրքիայում անօրինական ապրող հայերը, կյանքի ծանր պայմաններից ելնելով, հեռացել են Հայաստանից և մի քանի կոպեկի համար աշխատում են Թուրքիայում, իսկ նրանց երեխաները իրենց ապագան կառուցելու համար մի հայկական եկեղեցու նկուղոմ կրթություն են ստանում: Եկեղեցում կրթություն է ստանում 50 հայ երեխա: Երեխաների մայրերը մաքրարարությամբ կամ երեխա խնամելով են զբաղված, հայերը` ժամանակավոր աշխատանքներով: Քանի որ երեխաները անօրինական կարգավիճակում են Թուրքիայում, նրանց չեն թույլատրում հաճախել Ստամբուլի հայկական դպրոցներ: Այդ պատճառով Գեդիկփաշայի հայկական եկեղեցին 2003-ից դարձել է անօրինական ապրող հայերի երեխաների կրթական հաստատությունը»,- ասված է հրապարակման մեջ: Գերմանացի գործարարը հիշեցնում է այն, ինչ մոռանում է թուրք նախարարը Բեռլինում անցկացվող տուրիզմի միջազգային ամենամյա ցուցահանդեսին, որ 2010-ին կայացավ մարտի 10-14-ը, հյուր երկիրը Թուրքիան էր: Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը», ներկայացնելով Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարար Գյունայի` այդ առիթով Բեռլինում ունեցած ելույթը, ի թիվս այլ դիտարկումների` ուշադրություն է հրավիրում Աղթամարի Ս. խաչ եկեղեցու վերականգնման մասին նախարարի հիշատակմանը: Թուրքական կառավարությունը սա որպես օրինակ է միշտ հրամցնում այն ժամանակ, երբ թուրք-հայկական մերձեցման գործընթացի բարի կամքն է ուզում ցուցադրել, գրում է թերթի մեկնաբանը` իր ընթերցողներին հիշեցնելով այն, ինչ նախարարն այդպես էլ չի հիշատակել` թանգարանի բացման ժամանակ քրիստոնեական ժամերգություն չի մատուցվել, նաև այն, որ վերականգնված եկեղեցին գմբեթին խաչ չունի, որովհետև թուրքերն ասում են, թե երբեք խաչ չի ունեցել: Բայց կան լուսանկարներ, որ հակառակն են փաստում, գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»: Առաջին քայլերը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը երեկ հրապարակած իր «Տեսակետում» չի կիրառել Հայոց ցեղասպանության արտահայտությունը, սակայն անդրադարձել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածին: Նա ասել է, որ պատմական փաստերի խեղաթյուրումը կամ էլ միակողմանի ներկայացնելը երբեմն հանգեցրել է փոքրամասնությունների խտրականության, քսենոֆոբիայի և հին հակամարտության նորացման: Ըստ նրա` անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների լայնածավալ խախտումները շարունակում են մինչ այսօր իրենց ազդեցությունն ունենալ մարդկային հարաբերությունների վրա ամբողջ Եվրոպայում: «Երկարատև անպատժալիությունը, մի քանի սերունդ հանցանքը չընդունելը դառնություն է պատճառում մարդկանց, ովքեր իրենց զոհի հետ են նույնականացնում: Սա, իր հերթին, կարող է թունավորել այն մարդկանց միջև առկա հարաբերությունները, ովքեր ծնվել են վիճահարույց դեպքերի ժամանակ»,- ասել է նա: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` Համերբերգն ասել է, թե չնայած էթնիկ հայերի սպանությունները և մասսայական հարկադիր տեղահանությունը տեղի են ունեցել նախքան նոր թուրքական հանրապետության ստեղծումը, սակայն չի նկատվում ցանկություն` այդ հանցանքը քննարկելու. «Գրողներն ու լրագրողները, ովքեր բարձրաձայնում են այս մասին Թուրքիայում, դատվում են: Երկարատև սպասումից հետո առաջին քայլերն են արվում այդ փաստերը ճանաչելու ուղղությամբ: .... Բայց ավելին պետք է անել»: Ավարտվա՞ծ է Ուրբաթ օրը «Euronews»-ով Սերժ Սարգսյանը Ադրբեջանին կոչ է արել ուժի չկիրառման համաձայնագիր կնքել: Կոչին արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը` ասելով, որ դա կարվի, եթե հայկական զորքերը դուրս բերվեն «գրավյալ տարածքներից»: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանի կոչից հետո` Բաքվում Նովրուզ բայրամի տոնի կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ, հայտարարել է, թե բանակցությունները գրեթե ավարտված են, իսկ Մադրիդյան նորացված սկզբունքները Ադրբեջանի օգտին են, և այժմ փոքր դետալներ են քննարկվում: Բարի Սերժի և չար օլիգարխների մասին Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների` վերջերս Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետը հրավիրել է խոշոր ներկրողներին և զգուշացրել, որ այսուհետ գերշահույթ ստանալու բոլոր փորձերը խստորեն պատժվելու են: Լավ տեղեկություններ են, չէ՞: Մանավանդ եթե դրանք հայտնվում են ոչ իշխանամետ մամուլի էջերում: Քիչ է մնում գնանք ու ազգովի արձան կանգնեցնենք Սերժ Սարգսյանին ու նրա վերահսկողական ծառայությանը: Հանաք բան չի. մարդը հիրավիրել է խոշոր ներկրողներին ու հանձնարարել այլևս գերշահույթներ չստանալ: Իսկ ովքե՞ր են այդ խոշոր ներկրողները (Սամվել Ալեքսանյանից բացի): Պատկերացրեք` «все свои». Ֆլեշ Բարսեղը, Բաղդասարով Միշան, «Հայռուսգազարդի» Կարենը և այլն: Հիմա ի՞նչ եք կարծում` Սերժ Սարգսյանը իսկապե՞ս այդ մարդկանց իր մոտ կկանչեր և նրանց վրա մատ թափ կտար: Իհարկե, նման բան չէր անի: Ի՞նչ կարիք կար հրավիրել խոշոր ներկրողներին ու նրանց ինչ-որ բաներ համոզել: Կարող էր, չէ՞, դրա փոխարեն Սերժ Սարգսյանը Հայաստանի բոլոր մաքսակետերում 2-3 հավատարիմ և ազնիվ մարդ նշանակել, հետո հեռուստատեսությամբ ելույթ ունենալ և հայտարարել, որ վաղվանից սկսված` ով ուզի, կարող է բենզին, շաքարավազ, կարագ, ձեթ կամ մազութ ներմուծել Հայաստան, բոլորն էլ օրենքի առաջ հավասար են, և ով խանգարի այդ մարդկանց, ամենայն խստությամբ պատժվելու է: Ինչո՞ւ են նրա այդ հույժ ազգանպաստ գործունեության մասին տեղեկությունները պատահաբար հայտնվում միայն «անկախ» լրատվամիջոցների էջերում, ինչո՞ւ այդ մասին պաշտոնապես չի հաղորդվում: Հասկանալի է, չէ՞, որ եթե Հայաստանի իշխանությունները կամենան, ներմուծման ոլորտը կկանոնակարգվի բառիս բուն իմաստով 5 րոպեի ընթացքում: Դրա համար առանձնապես շատ բան պետք չէ, պետք է ընդամենը պաշտոնապես հայտարարել, որ «բեսպրեդելի» ժամանակներն ավարտված են, և պետք է մաքսակետերում վերահսկողություն սահմանել: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը դիմել է այդ քայլերին: Ոչ, չի դիմել: Կամ գուցե նա հրապարակային ելույթով դիմել է խոշոր ներկրողների՞ն: Ոչ, չի դիմել: Հետևաբար, մնացածը հեքիաթներ են: Գործարարը պատգամավոր չի՞ կարող դառնալ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ինքն իրեն համարո՞ւմ է գործարար` ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Ես այսօր ուղղակիորեն գործարարությամբ չեմ զբաղվում, ընդ որում` չեմ զբաղվում այն ժամանակից ի վեր, ինչ ընտրվեցի կոոպերատիվների միության նախագահ, որովհետև այս միության պահանջներից մեկն էլ հենց դա էր, որ այդ կառույցը ղեկավարող անձը բոլորի շահերով պիտի հետաքրքրվեր և ոչ թե միայն իր անձնական շահերով: Ես ունեմ որոշակի սեփականություն, որը ես հանձնել եմ կառավարման, ինչպես մեր օրենսդրությունը պահանջում է: Ես կարծում եմ` դա լավ ձև է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter