HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղապետի նախընտրական խոստումները

Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանը «Հետքի» հետ զրույցի ժամանակ անդրադարձավ այն նախընտրական խոստումներին, որոնք տվել էր իր ընտրողներին 2008 թ.-ի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Գյուղապետն ասաց. «2008 թ.-ի հոկտեմբերին ընտրվել եմ, նոյեմբերի 21-ից աշխատում եմ Ճոճկանի գյուղապետ: Ես գյուղացիներին շատ բան չեմ խոստացել: Նախկին գյուղապետը աշնանացանի և գարնանացանի եռուն օրերին` տարիներ շարունակ, միայն հողի հարկը նախապես վճարելու պայմանով է գյուղացիներին թույլատրել մտնել իրեն սեփական վարելահողերը` վարուցանք անելու համար: Ես գյուղացիներին ասել եմ` Ձեզ չեմ խանգարելու, աշխատեք, ապրեք: Սա նշանակում է, որ ես գյուղացիներին չեմ ասելու` հողի հարկը բերեք տվեք, թողամ ձեր սեփական հողը վարեք, թողամ ցանեք: Ասել եմ` չեմ խանգարելու: Ասել եմ` բերքը ստանալուց հետո կբերեք համայնքի բյուջեի հարկերը կտաք, Ձեր եկամուտները ապահովելուց հետո»: Գյուղապետն ասաց, որ խոստացել էր, որ գյուղում ոռոգման ջուր կլինի, և այժմ ջուրը որոշ չափով կա: «Մեր բնակչության մեծամասնությունը ամռանը դաշտում է լինում: Մշակեցին հողը: Ով լավ աշխատեց, լավ վաստակեց, օգուտ ստացան, ովքեր էլ թույլ աշխատեցին օգուտներ չստացան: Նույն հողակտորները իրար կողքի մեկը ջրել էր, մյուսը` չէ: Ով ջրել էր, ընտիր բերք է ստացել, շուրջ 1 մլն դրամի եկամուտ է ստացել, ով վարելահողը չէր ջրել, ոչինչ էլ չի ստացել»,- ասաց Սամվել Գիգլոյանը: Նա նաև հայտնեց, որ այսօր գյուղի ներքին թաղամասը, որի մեջ մտնում են դպրոցը և մանկապարտեզը, ապահովել է ջրով, մի բան, որ ներառված չէր իր նախընտրական ծրագրում: Գյուղապետի խոստումների համաձայն` այս տարի վերագործարկվել է նաև գյուղի մանկապարտեզը: Նորաբաց մանկապարտեզի տնօրեն Սուրիկ Խուդինյանն էլ հավելեց, որ գյուղապետը կարգավորել է գյուղի սանիտարական վիճակը: «Ես պարոն Գիգոլյանի մասին ասեմ` շատ քիչ է խոստանում, շատ է անում, իսկ խոստացածը հաստատ է անում: Մենք շատ ուրախ ենք, որ այդպիսի գյուղապետ ունենք: Դա բնակչության մեծամասնության կարծիքը պետք է լինի: Իհարկե, կլինեն նաև դժգոհողներ, դժգոհ խավ միշտ էլ եղել է բնակչության մեջ, էդ խավը երբեք չի վերանալու»,- ասաց մանկապարտեզի վարիչը: Անդրադառնալով իր ղեկավարած համայնքի բնակիչների սոցիալական վիճակին` Սամվել Գիգոլյանն այն գնահատեց «շատ-շատ վատ»: «Իմ աշխատած 1 տարվա ընթացքում գյուղացիների ապրելակերպի մեջ դրական որոշ տեղաշարժ կատարվել է: Գյուղացիները իրոք, հուսակտրված էին` հիմնականում ոռոգման ջրի պատճառով: Այսօր գյուղում կան մարդիկ, ովքեր ձգտում ունեն հողը մշակելու: Գյուղացիների 2009 թ..ի ոռոգման ջրի վարձավճարները կազմել են 2,3 մլն դրամ, նախկինում այն կազմել է 600 հազար դրամ: Ինչպես նկատում եք, գրեթե 4 անգամ ոռոգման ջրի գյուղացիների վճարած վարձավճարները նախորդ տարվա համեմատ աճել են: Սա նշանակում է` նախորդ տարվա համեմատ 2009 թ.-ին գյուղացիները ավելի շատ հող են մշակել, սակայն, այդուհանդերձ, Ճոճկանում գյուղացիները շատ վատ են ապրում»: Սամվել Գիգոլյանը նաև հայտնեց, որ 2010 թ.-ին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով վերանորոգվելու է գյուղի ոռոգման ցանցի 5,3 կմ հատվածը, որի համար ծրագրով նախատեսված է շուրջ 100 մլն դրամ: Ըստ գյուղապետի` դա էականորեն կթեթեևացի գյուղի ոռոգման ջրի հիմնախնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter