«Արձանագրությունները հարվածում են իրական հաշտեցման գործընթացին»
Վերջերս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նոր թափ է առել: Արդյո՞ք սա հայկական սփյուռքի լոբբինգի արդյունքն է, թե՞ պայմանավորված է Թուրքիա-ԱՄՆ եւ Թուրքիա-Եվրոպական Միություն հարաբերություններով:
«Հետքի» այս հարցին «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Ազգային Ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.
Բարդ է, տարբեր գործոններ կան, տարբեր երկրներում ապրող հայազգի քաղաքացիների տեւական պայքարն է գործոններից մեկը, երկրորդը տվյալ երկրի ժողովրդավարական գործընթացն է, որը հնարավորություն է տալիս այդ քաղաքացիներին ներազդել իրենց ընտրյալների վրա: Եւ երրորդը, իհարկե, պետական շահն է: Միջազգային հարաբերություններում աշխատում է պետությունների շահի գործոնը, կարծում եմ` ոչ մի գործոնը գերակա չէ մյուսի նկատմամբ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում արձանագրած հաջողությունները որեւէ մեկը չպետք է իրեն վերագրի. «Ոչ հայկական սփյուռքը, ոչ առավել եւս հայոց իշխանությունը, ոչ էլ միջազգային տարատեսակ կենտրոնները, սրանք այդ երկրների օրենսդիր մարմինների որոշումներն են»:
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հենց Թուրքիան է մեղավոր, որ Հայոց ցեղասպանության հարցը քննվում է երրորդ երկրների խորհրդարաններում. «Եթե ցեղասպանությունից գրեթե 95 տարի անց Թուրքիան իրական, իմաստալից եւ երկկողմանի մեխանիզմ առաջարկած լիներ Հայաստանին եւ հայ ժողովրդին` այս հարցերը ըստ էության քննելու եւ բարի կամքով լուծելու համար, դրանք իրենց տեղը չէին գտնի երրորդ երկրների խորհրդարանների օրակարգում»,- «Հետքին» ասաց Րաֆիի Հովհաննիսյանը:
Հայ-թուրքական համարաբերությունների հնարավոր ջերմացման գործընթացի համար ի՞նչ դեր կունենա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:
Վստահ եմ, որ Թուրքիայի ղեկավարները ներկայացնում են իրենց եւ իրենց ընտրողների իրական տեսակետները: Եւ իրենք ի սկզբանե, մտնելով Հայաստանի հետ նախապայմանային արձանագրությունների դաշտ, որեւէ նպատակ չունեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ առավել եւս իրենց կողմից միակողմանիորեն կիրառած շրջափակումները վերացնել` առանց նախապայմանների բավարարման:
Իրենց կողմից շատ բնական, շատ ազնիվ թուրքական շահի հռետոբանանություն է գնում: Եւ ես կարծում եմ, որ այս արձանագրությունների առկախված մնալը պարզապես առիթ է միջազգային հանրությանը ուղղակի այս հարցերով չզբաղվելու համար: Եթե Թուրքիան եւ Հայաստանն արդեն վավերացրած լինեին այս արձանագրությունները, անգամ ԱՄՆ-ի եւ Շվեդիայի վերջին քվեարկությունները տեղի չէին ունենա:
Պետք է նկատի առնել, որ երկու երկրներում էլ ընդամենը մեկ քվելի տարբերությամբ է անցել, սա կարելի է վերագրել նրան, որ արձանագրությունների գոյությունն իսկ փաստորեն շատ ու շատ երկրների օրենսդիրների ու քաղաքագետների բերել է այն համոզման, որ քանի կա երկկողմանի գործընթաց, նման բանաձեւեր պետք չեն: Դա հենց Թուրքիայի ուզածն էր:
Այս արձանագրությունները անգամ վավերացրած չլինելով հարվածում են են եւ իրական երկխոսության եւ հաշտեցման գործընթացին եւ ցեղասպանության եւ մեծ հայրենազրկամն ճանաչման անհրաժեշտությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել