HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործեր` խարդախությամբ միլիոնավոր դրամներ հափշտակելու դեպքերի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է  քրեական գործ` ապօրինի ձեռնարկատիրության, խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի  առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների  կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության սոցիալական վճարների և եկամուտների բաժնի տեսուչ Հ. Արիստակեսյանը, նրա ընկերը` նույն  հարկային տեսչությունում հաշվառված «Համլետ Նարինե» ՍՊԸ տնօրեն Մ. Բադալյանը, և Հ. Արիստակեսյանի ծանոթ՝ հղի Ս. Մկրտչյանը, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ պետական բյուջեից խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս 2008 թ. մայիսի 1-ին վերոնշյալ ՍՊԸ-ում ձևականորեն ձևակերպել են որպես փոխտնօրեն: 2008 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին Նաիրիի տարածքային հարկային տեսչություն են ներկայացրել հաշվետվություններ, որոնցում փաստացի նրան չվճարված միջին ամսական աշխատավարձի` 297.122 դրամի վերաբերյալ ներառել են կեղծ տվյալներ և այդկերպ հափշտակել խոշոր չափերի հասնող` 1.368.300 դրամ հղիության և ծննդաբերության նպաստ: Բացի դրանից` Հ. Արիստակեսյանը թաքցրել է «Համլետ Նարինե» ՍՊԸ-ի կողմից տարածքային հարկային տեսչություն ներկայացված կեղծ տվյալները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 188-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն՝  նախաքննություն կատարելու: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ պետական բյուջեից այսօրինակ մեխանիզմով գումարներ հափշտակելու առաջին դեպքը բացահայտվել է 2009 թվականին Կոտայքի մարզում: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել են  ուսումնասիրություններ, հարցում է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ պահանջով տեղեկություններ տրամադրել նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների կողմից 2008-2009 թթ. անհատ ձեռնարկատերերին տրված 1 մլն դրամից ավելի՝ հղիության ու ծննդաբերության նպաստների վերաբերյալ` նշելով սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը և ապահովագրական նպասի գումարը: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում նշված մեխանիզմով գումարներ հափշտակելու դեպքեր են բացահայտվել ոչ միայն մարզերում, այլև Երևան քաղաքում: Հափշտակված գումարների չափերը տարբեր են՝ 1.368.300 դրամից սկսած, ինչպես վերը հիշատակված դեպքում, մինչև 23 մլն դրամ: 2010 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն արդեն իսկ հարուցել է երեք քրեական գործ՝ նշված մեխանիզմով պետությունից առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու դեպքերի առթիվ, որոնք ուղարկվել են համապատասխան քննչական մարմիններ՝ նախաքննություն կատարելու: Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter