HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Մի խումբ մտավորականներ համաձայն չեն Ստեփանակերտի կենտրոնում գտնվող պուրակի նոր նախագծին

Ստեփանակերտի կենտրոնում, հայտնի «Պյատաչոկ» կոչվող օղակաձեւ պուրակում, որտեղ տեղադրված է նաեւ Ստեփան Շահումյանի արձանը, վերջերս վերակառուցման աշխատանքներ են սկսվել:

Նախաձեռնությունը նորաստեղծ  «Ստեփանակերտի զարգացման հիմնադրամ»-ինն է, որն առաջիկա  ամիսների ընթացքում կաշխատի նաեւ մայիսի 9-ի տոնական  ծրագրի վրա: «Պյատաչոկ»-ի վերակառուցման  աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ այս տարվա  սեպտեմբերի 2-ը: Պուրակում, ինչպես ներկայացվել է ավելի վաղ,  սրճարաններ չեն լինի, կլինի մանկական հրապարակ, ինչպես նաեւ կանաչ տարածքները որպես հանգստի գոտի օգտագործելու հնարավորություն:

Պուրակն այժմ ցանկապատվել են Ղարաբաղի եւ Հայաստանի տարբեր տեսարժան վայրերը ներկայացնող պաստառներով, իսկ ներսում արդեն որոշ բաներ քանդվել են, այդ թվում` շատրվանը: Պուրակի վերափոխման նոր նախագծին սակայն համաձայն չեն մի խումբ մտավորականներ, այդ թվում նաեւ քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդի անդամներ: Նրանք երեկ հավաքվել էին իրենց դժգոհությունն արտահայտելու նոր նախագծի հետ կապված:

Քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի խոսքերով, պուրակի վերափոխման ծրագիր կար դեռեւս տարիներ առաջ` 2003-ին: Հենց այդ ժամանակ կառավարարության կողմից պատվիրվեց պուրակի նոր նախագիծ:

«Էսքիզն արվեց, որը հավանության արժանանալուց հետո սկսեցինք 3 եւ 4,5 մետր չափերով պղնձե «Կենաց ծառ» քանդակի` նռենու պատրաստումը: Նռենին պետք է տեղադրվեր պուրակի շատրվանների տեղում` ճարտարապետական համապատասխան լուծումներով: Այն պետք է դառնար մեր քաղաքի գեղարվեստական խորհրդանիշը»,-Հետքի հետ զրույցում նշել է քանդակագործը, ով իր մյուս գործընկերոջ` քանդակագործ Ալբերտ Հարությունյանի հետ միասին քանդակեց այդ նռենու ծառը:

Ռոբերտ Ասկարյանի հավաստմամբ, նշված նախագիծն անցյալ տարի քաղաքաշինության նախարարը ներկայացրել էր նախագահին, ով նույնպես հավանություն էր տվել: Սակայն վերջերս պարզ դարձավ, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող պուրակը կվերակառուցվի եւ բոլորովին այլ տեսք կստանա, ինչի համար նոր նախագիծ է պատրաստվել, որը, հավաքվածների հավաստմամբ, չի քննարկվել քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդի հետ: Հավաքվածներից ոմանք նշում էին, որ բավականին մեծ գումար է նախատեսվում այդ նոր նախագծի իրականացման համար, ինչը շռայլություն կարելի է համար, հատկապես, որ քաղաքում կան ոչ բորվոք վիճակում գտնվող  շատ փողոցներ: «Պուրակի կառուցումը կարող էր մի 5-10 տարի էլ սպասել»,-նշել է հավաքվածներից մեկը: Նկարիչ Առնոլդ Մելիքսեթյանը, ով նույնպես այդ խմբից է, գտնում է, որ «Պյատաչոկ»-ի վերակառուցման հետ կապված հարցերն անպայման պետք է քննարկվեր ստեփանակերտցիների հետ, ում համար այդ վայրը շատ մեծ նշանակություն ունի: Նույն կարծիքին են նաեւ երեկ հավաքված մտավորականները, ովքեր պահանջում են, որ գոյություն ունեցող նախագծերը «պետք է դրվեն ճարտարապետական, գեղարվեստական եւ հասարակական քննարկման` քաղաքի պատմականորեն ձեւավորված կենտրոնի ճակատագրին արդարացի մասնագիտական լուծում տալու համար»: Ի դեպ, մտավորականների խումբն իր պահանջը պատրաստվում է ներկայացնել նաեւ նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter