Հայաստանում մտավոր սեփականության ոլորտը լիարժեք պաշտպանված չէ
Ոլորտի կարգավորման օրենսդրական ու պետական առավել ճկուն մեխանիզմներ են պետք
2009 թ. ընթացքում Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հեղինակային և հարակից իրավունքների խախտման 46 նյութ է նախապատրաստվել:
Դրանցով 31 դեպք բացահայտվել է, որոնք եղել են ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու, խարդախության, ակցիզային դրոշմանիշեր կեղծելու կամ իրացնելու և հարակից իրավունքներ խախտելու, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու հատկանիշներով: Ապրանքային նշանի ապօրինի օգտագործման վերաբերյալ նախապատրաստված 7 նյութ ուղարկվել է պատկան մարմիններ` թաղապետարաններ, պետեկամուտների կոմիտե, սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության և այլն:
ՀՀ ոստիկանության կայքը նշում է, հեղինակային և հարակից իրավունքներն աշխարհի բոլոր զարգացած երկրներում պաշտպանվում են օրենքով, սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոլորտը լիարժեք պաշտպանված չէ, և հաճախ ոտնահարվում են հեղինակային և հարակից իրավունքները:
Ըստ կայքի` առկա է ոլորտի կարգավորման առանձնահատուկ, առավել ճկուն մեխանիզմների ստեղծման խնդիրը, ինչն արդեն ինչպես օրենսդրական, այնպես էլ պետական կարգավորման դաշտում է:
«ՀՀ ոստիկանության կողմից մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի պրակտիկան ցույց է տալիս, որ ձեռքբերումներն առավել առարկայական, շոշափելի կլինեն ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում»,- նշվում է ոստիկանության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել