Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցը մոտ ապագայում էլ չի վերանորոգվի
Լոռու մարզում կա ընդհանուր թվով 13 երաժշտական դպրոց, միայն հինգը՝ Վանաձորում։ Դրանք մեծ մասամբ տեղակայված են շենքային հաստատություններում, մի քանիսը՝ նույնիսկ նորակառույց շենքերում, սակայն այդ երաժշտանոցներում առկա է ջեռուցման հիմնախնդիր: Վանաձորում տնակային պայմաններում է միայն Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցը։ «Մյուս երաժշտական դպրոցները բարվոք վիճակում են։ Մեր խնդիրն այս դպրոցի հետ է կապված։ Երկրաշարժից ավերվել է։ Դպրոցը շինություն չունի։ Մեծ միջոցներ են պետք նոր շենք կառուցելու համար։ Համայնքը չունի, չի տիրապետում նման միջոցների»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը։
Շենքային, բայց ավելի վատթար պայմաններում գտնվող Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի ճակատագիրը Գ. Աղաբաբյանին չի մտահոգում:
Հավանաբար այն պատճառով, որ նա, վկայակոչելով Լոռու մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության՝ 2009-ի հոկտեմբերի 1-ի N 41 որոշումը եւ այդ որոշման 3.1. կետում գեղարվեստական կրթության զարգացմանը վերաբերող, մասնավորապես՝ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի շենքի հիմնանորոգման նպատակով նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման համար 2011 թ. պետական բյուջեի նախագծում համապատասխան հայտի ներկայացման մասին հատվածը, դպրոցի հիմնանորոգման հարցը համարում է լուծելի։ Նշենք, որ նման հայտ դեռեւս չի ներկայացվել։ «Այս տարի այն պետք է ներկայացնենք Կառավարությանը, որ հաջորդ տարի ներառեն բյուջեի մեջ: 2010-11 թթ. պետական բյուջեից համապատասխան ֆինանսական միջոցներ կհատկացվեն, եւ շինարարությունը կիրականանա»,- ասում է Գ. Աղաբաբյանը։
Լոռու մարզպետարանի ֆինանսական բաժնում գտնվեց մեկ այլ փաստաթուղթ՝ մարզի՝ Կառավարության կողմից հաստատված 2010-13 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։ Ծրագրում մարզի քաղաքաշինության ոլորտի իրավիճակի վերլուծության մեջ Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի շենքի ամրացման խնդիրը նշված է առաջնահերթ լուծման ենթակա խնդիրների շարքում։ Սակայն 2010-13 թթ. մշակույթի ոլորտի ռազմավարության ֆինանսավորման մեջ մշակույթի օբյեկտների շինարարության համար պետական բյուջեի հաշվին նախատեսվող ծախսերի եւ կապիտալ ներդրումների բաժնում դպրոցը տեղ չի գտել։
Դպրոցի շենքի վթարայնության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնում նաեւ Լոռու մարզպետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Մհեր Մելիքյանը. «1996-ից այս կողմ խնդիրն ամեն տարի հետեւողականորեն ներկայացվում է։ Բացի ֆինանսական միջոցների սղությունը՝ խնդրի վերաբերյալ տարակարծություններ կան։ Մի մասը գտնում է, որ պետք է վերակառուցվի, մյուս մասը՝ որ շենքը ենթակա չէ վերակառուցման, պետք է քանդվի»։ Ապա ավելացնում է. «Ահավոր վտանգավոր է, զարմանալի է, թե ինչպես են ծնողներն իրենց երեխաներին վստահում այդ շենքում ուսանելու։ Չի կարելի երեխաներին ուղարկել այդ դպրոցը։ Իսկ ժամանակին քաղաքի լավագույն դպրոցն էր, բոլոր միջոցառումներն այդտեղ էին կազմակերպվում»։
Դեռ մինչեւ նախորդ տարի Վանաձորում երաժշտական դպրոցների թիվը վեցն էր։ Երկրաշարժից հետո Կզարթմյանի (նախկին թիվ 1) եւ նախկին թիվ 5 երաժշտական դպրոցները տնակներում էին անցկացնում իրենց պարապմունքները։ 1992 թ. թիվ 1 երաժշտականը տեղափոխվեց երկրաշարժից հետո կանգուն մնացած իր նախկին շենքը, որն ավերակ գտավ։ «1992 թ. եկանք տեսանք, որ շենքը շարքից դուրս է եկել»,- պատմում է դպրոցի տնօրեն Ներսես Եթիմյանը։ Թիվ 5 երաժշտական դպրոցը շարունակեց իր տնակային գոյությունը մինչեւ այդ տնակների տեղում լողավազանի կառուցումը, որից հետո վարձակալությամբ տեղափոխվեց թիվ 2 հանրակրթական դպրոց։ Իսկ 2009 թ. ապրիլի 1-ին միացվեց Կզարթմյանի անվան (նախկին՝ թիվ 1) երաժշտական դպրոցին։ Տարածքի վարձը քաղաքապետարանն տալիս։ Իսկ այդ դպրոցից ոչ հեռու Կզարթմյանի անվան դպրոցն էր. «Էդքան հարուստ չենք, որ 50 մետրի վրա երկու երաժշտական պահենք»,- բացատրում է Գ. Աղաբաբյանը։
Թիվ 5 երաժշտական դպրոցը 74 աշակերտով միացվեց Կզարթմյանի անվան երաշտական դպրոցին, որն այդ ժամանակ 120 աշակերտ ուներ։ «էն հույսով էին եկել, որ այստեղ վերանորոգում պիտի սկսվեր, մենք էլ տեղափոխվեինք ուսումնարան։ Բայց չեղավ այդպես էլ։ Նրանցից շատերը փախան, մերոնք ինչ-որ տեղ սովորել էին այս պայմաններին»,- ասում է տնօրենը։ Այս տարի 34 աշակերտի՝ առաջին դասարան ընդունվելուց հետո դպրոցում աշակերտների թիվը դարձավ 160։ Առհասարակ մարզի երաժշտական դպրոցներում աշակերտների թվի նվազման միտում է նկատվում. 2006-ին մարզում կար 2810 աշակերտ, 2007-ին՝ 2792, 2008-ին՝ 2633։
Ժամանակին միայն Կզարթմյանի դպրոցը 1200 աշակերտ ուներ, հիմա ամբողջ քաղաքում դրա կեսն էլ չկա։ Շենքային վատթար պայմաններն են աշակերտների թվի նվազման պատճառը եւ ոչ վարձավճարները։ Դրանք այժմ այնքան էլ բարձր չեն։ Դաշնամուրային բաժնում ամսական վարձը 2000 դրամ է, փողային գործիքների բաժնում՝ 1500 դրամ։ Այսինքն՝ տարեկան 18 հազար եւ 13 հազար 500 դրամ։ Իսկ ժողգործիքների բաժնում ուսումն անվճար է։ 2007 թ.-ից Կառավարության որոշմամբ երաժշտական եւ արվեստի դպրոցներում դասավանդվող լարային եւ փողային նվագարանների բաժիններում անվճար ուսուցում է իրականացվում։ Մարզի 11 դպրոցներում ընդհանուր հաշվով 144 երեխա անվճար կրթություն է ստանում։ Հետաքրքիր է, որ բացի Էդ. Կզարթմյանի երաժշտական դպրոցից՝ Վանաձորի մյուս չորս երաժշտական դպրոցներն ունեն ժողգործիքային բաժիններ։
Կզարթմյանի անվան դպրոցում ոչ միայն երեխաներն են պակասում, այլեւ
ուսուցիչների թիվն է կրճատվում։ 2000 թ. քաղաքապետի որոշմամբ դպրոցում մեծ կրճատումներ են արվել։ Կրճատվել են 45 աշխատակիցներ։ Այժմ 27 ուսուցիչ կա, 12 վարչական աշխատող։ Իսկ մինչեւ 1992 թ. դպրոցում 180 աշխատող կար։ Պատճառը միայն աշակերտների պակասը չէ, այլ, ինչպես տնօրենն է պատճառաբանում. «Կենսաթոշակայինն էն ժամանակ անձի համար ամսական 5000 դրամ էր, հիմնական պատճառը դա էր։ Կային ուսուցիչներ, որոնք 3-5 ժամով էին աշխատում, 5000 չէին ստանում, բայց նրանց համար 5000 փոխանցում էինք»։
Պարզվում է՝ հեռուստաեթերով եւ մամուլով դպրոցի խնդրի բարձրաձայնումը հակառակ ներգործություն է ունենում։ «Շենքի պայմանները որ վատ են, ծնողներն էլ են խուսափում երեխաներին դպրոց բերել, եւ տարեցտարի աշակերտների թիվը պակասում է»,- ասում է տնօրենը։ Նախ պատմում է. «Երկրաշարժից հետո եկել են նայել հիմնադրամներից։ 90-ական թթ. եկան Համահայկական հիմնադրամից, մոտավոր հաշվարկ արեցին, գնահատեցին 300 հազար դրամ։ Առաջարկում էին՝ 150 հազար դրամն իրենք վճարեն, 150 հազարը՝ քաղաքապետարանը։ Վերջինս ի վիճակի չէր, այդ ձեւով մնաց մինչ օրս»։
Դպրոցի տնօրենը հիշում է դպրոցի վերանորոգման մի բացթողնված հնարավորության մասին էլ. 2003-2004 թթ. Սան Ֆրանցիսկոյի «Արշակ Երկրորդ» կազմակերպության հանգանակությամբ Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի վերանորոգման ժամանակ դրված էր նաեւ Կզարթմյանի դպրոցի հիմնանորոգման հարցը։ «Մեր դպրոցն էին ուզում, ճիշտն ասած, վերանորոգել, մարզպետարանն ընտրեց այդ դպրոցը, որն ավելի փոքր էր։ Այն մինչ օրս հովանավորվում է այդ կազմակերպության կողմից»։
Ի դեպ, երկրաշարժից հետո մարզում մեծ շինարարություն չի իրականացվել։ Կառուցվել են Վանաձորի գեղարվեստի դպրոցը, Շառլ Ազնավուրի մշակույթի պալատը, 3-րդ երաժշտական դպրոցը, թիվ 6 երաժշտական դպրոցը, Տիկնիկային թատրոնի տանիքը, Ստեփանավանի մշակույթի տունը, Սպիտակի արվեստի դպրոցը, Տաշիրի մշակույթի տունը հիմնադրամների եւ պետբյուջեի կամ համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել