«Արվեստանոցից գույքահարկ գանձելը նույնն է, ինչ գրողից հարկ ուզես գրասեղանի համար»
Նկարիչների միության շենքում հայտարարությունների տախտակին վերջերս կարդացի, որ նախատեսվում է նկարիչների արվեստանոցների համար կոորպորատիվ հիմունքներով շենք կառուցել, եթե բավարար քանակով ցանկացողները մինչեւ մարտի 20-ը դիմում ներկայացնեին միություն: Սակայն Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ քիչ հավանական է այդպիսի շենքի կառուցման հնարավորությունը: Մինչև հիմա միությունը դիմում ստացել է միայն երեք նկարչից:
«Մտածում էինք, որ դիմումների հոսք կլինի, քանի որ մեր նկարիչներից շատերը չունեն արվեստանոց: Բայց այդ բանը տեղի չունեցավ: Ես դա բացատրում եմ այն հանգամանքով, որ հայ արվեստագետն այսօր գտնվում է ոչ բավարար նյութական վիճակում»,- ասում է Աղամյանը: Նրա գնահատմամբ` աշխարհի ոչ մի երկրում արվեստանոցների հարցը չի գտնվում այնպիսի անմխիթար վիճակում, ինչպիսին Հայաստանում է:
Հայաստանի նկարիչների միության նախագահը բերում է Ուկրաինայի օրինակը, որտեղ պետությունը արվեստանոցներից առհասարակ գույքահարկ չի վերցնում, իսկ մեր երկրում «արվեստանոցից գույքահարկը գանձվում է նույն սկզբունքով, ինչ ռեստորանից ու խաղատնից, արդյունքում` պետությունը փոխանակ նպաստի ստեղծագործողին, հակառակը` ճնշում է»: Եվ Ուկրաինան միակ երկիրը չէ, որտեղ տիրող նպաստավոր պայմանների մասին հաճախ են հիշում արվեստանոց, ներկ ու կտավ չունեցող հայ նկարիչները:
Օրինակ` Հոլանդիան: Նկարիչ Սամվել Հարությունյանը անտեղի ու անիմաստ է համարում մեր օրերում նկարիչների միության գործունեությունը, քանի որ «այդ կազմակերպությունը ոչնչով չի կարողանում օգնել նկարչին» : Նրա կարծիքով` ճիշտ կլիներ ստեղծել մի այնպիսի կազմակերպություն, ինչպիսին Հոլանդիայում է գործում:
«Հոլանդիայում եթե երեխան նկարում է, ծնողները դիմում են այդ կազմակերպությանը: Եվ նրանք գումար են տրամադրում երեխայի ներկերի, թուղթ ու վրձնի համար: Այդ երկրում այսպես են մտածում. արվեստը բարձրացնելու համար պետք է նախ փող ծախսել, իսկ հետո միայն պահանջել: Չէ՞ որ չես իմանա` որ հարյուրի միջից դուրս կգա իսկական նկարիչը», - համոզված է նկարիչը, ով ափսոսում է, որ իր նկարների մեծ մասը արտասահմանցիներ են գնում եւ դրսի ցուցահանդեսներում վաճառում բարձր գներով:
Իսկ արվեստանոց ունենալու հույսը Հարությունյանը վաղուց է մի կողմ թողել, քանի որ «սովետի փլվելուց հետո» անգամ համեստ ցուցահանդես կազմակերպելու հնարավորություն չի ունեցել: Միության նախագահը եւս արվեստանոցների խնդրի սրացումը կապում է հետխորհրդային ժամանակների հետ` սխալ համարելով այն քայլը, երբ պետությունը 90-ականների սկզբին Քոչար 13 հասցեում գտնվող նկարիչների շենքի արվեստանոցների սեփականատեր ճանաչեց նկարիչներին:
Կարեն Աղամյանը կարծում է, որ այդ շենքը պիտի հանձնվեր նկարիչների միության տնօրինմանը, և իրենք դրանք կտրամադրեին նկարիչների նոր սերնդին: Իսկ երբ արվեստանոցները դարձան այն տարիների նկարիչների սեփականությունը, ժամանակի ընթացքում դրանք սկսեցին օգտագործվել այլ նպատակներով, քանի որ միշտ չէ, որ նկարչի ժառանգը նկարիչ է դառնում:
Այսօր երբեմնի 108 արվեստանոցների մեծ մասը տարատեսակ գրասենյակներ և այլ նպատակների ծառայող տարածքներ են դարձել: Այս ամենի հետեւանքն այն է, որ նկարչի մասնագիտությունն ընտրած երիտասարդները պետությունից չեն ստանում ստեղծագործելու համար անհրաժեշտ տարածք և պարագաներ: Հայաստանի նկարիչների միության անդամները, ինչպես նշում է Աղամյանը, վերջին յոթ-ութ տարիների ընթացքում բազմաթիվ նամակներ են ուղարկել Ազգային Ժողով և գործադիր մարմիններ` արվեստանոցների հարցին լուծում տալու խնդրանքով:
«Եթե պետությունը նկարիչներին չի ապահովում արվեստանոցներով, գոնե պիտի վերացվի կամ կրճատվի գույքահարկը: Նույն կերպ կարող ենք գույքահարկ պահանջել գրողից, ով, նստած իր տանը, ստեղծագործում է: Սա աբսուրդ իրավիճակ է»,- նշում է Աղամյանը: Ազգային ժողով ներկայացրած բողոք-նամակներից հետո նկարիչներին հավատացրել են, որ արվեստանոցների գույքահարկի հարցն արդեն քննարկման փուլում է:
Ելնելով դրանից` նկարիչների միության նախագահը չի բացառում, որ մոտ ժամանակներս որևէ դրական քայլ կարվի նկարիչների` տարիների պատմություն ունեցող դժգոհությունը մեղմելու ուղղությամբ:
Տաթեւ Մադաթյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել