Չափդ ճանաչիր
Շաբաթ օրը տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը վարել է Սերժ Սարգսյանը: Քննարկվել են ներկուսակցական և ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Ըստ թերթի աղբյուրների` լուրջ անդրադարձ է եղել ՀՀԿ-ԲՀԿ վերջին վեճերին:
Ըստ ՀՀԿ մամուլի ծառայության` նիստի ընթացքում ներկուսակցական-կարգապահական հարցերի շրջանակներում քննարկվել է ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Այվազյանի կուսակցական պարտականությունների կատարման հարցը, և Այվազյանը խիստ նկատողություն է ստացել:

ՀՀԿ թերթի աղբյուրները փոխանցում են, որ նկատողությունը ՀՀԿ-ական պատգամավորը ստացել է ՀՀԿ-ԲՀԿ վերջին ընդհարման ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու համար: Խոսքը Էկոնոմիկայի նախարարի հասցեին Ծառուկյանի արած հայտարարությունից հետո սկսված ՀՀԿ-ԲՀԿ վեճի մասին է, երբ Այվազյանը հայտարարել էր. «Եթե Ծառուկյանը տվել է իր գնահատականը, ապա դրա համար ունի իր արժեքավոր հիմքերը»,- հետո հավելել էր,- «Ծառուկյանը ծտի լեզվով չի խոսում: Եթե ինքը որևէ խնդիր ունի կոալիցիայից դուրս գալու, ապա այդ մասին կհայտարարի բացահայտ»:
«no comment»
Թերթի տեղեկություններով` Երևանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ քննարկում են ՀԱԿ-ի ներկայացրած տնտեսական-քաղաքական ծրագիրը` «100 քայլը»:
Նախքան դա կներկայացվեր հանրությանը, «100 քայլի» հեղինակ Հրանտ Բագրատյանը «Հրապարակի» թղթակցին ասել էր. «Կներկայացնենք այն, և բոլորը կտեսնեն` ինչ կնշանակի վարել իսկական տնտեսական քաղաքականություն»: Երեկ էլ, ի պատասխան հարցի, թե հաստատո՞ւմ է վերը նշված տեղեկատվությունը, որ դեսպանների ու միջազգային ֆինանսական գրասենյակների հետ քննարկվում է իր տնտեսական ծրագիրը, ասել է «no comment»:
Մեզանում ամեն ինչ կեղծ է: Նույնիսկ` ահազանգերը
Երեկ, ժամը 12:45-ին, անհայտ անձից ահազանգ էր ստացվել, թե պետեկամուտների կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված: Բարեբախտաբար, ահազանգը կեղծ է եղել: Ի դեպ, սա արդեն երկրորդ նման դեպքն է` վերջին շաբաթների ընթացքում:
Հաջորդ անգամ տուղրիկով կհաշվեք
Ըստ պաշտոնական վիճակագրության` այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ 3.1 տոկոս աճ է գրանցել:
«ՉԻ» - Փայլուն ցուցանիշ է, չէ՞: Եթե ագռավների «գարնանային սրացումները» չլինեին, կարելի էր նույնիսկ Տիգրան Սարգսյանի արձանը կանգնեցնել: Բայց մի´ շտապեք հրճվել: «Տնտեսական աճի» գաղտնիքն այն է, որ թվերը հաշվել են հայկական դրամով: Իսկ հենց որ դոլարով ենք հաշվում, անհարմար բան է ստացվում: Եվ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև 2009-ի հունվար-փետրվարին դոլարն արժեր 305 դրամ, իսկ այս տարվա հունվար-փետրվարին` 380: Այսինքն, եթե Հայաստանի համախառն ներքին արդյունքը հաշվում ենք դոլարով, ստացվում է, որ իրականում այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանի տնտեսությունն ահավոր անկում է ապրել` մոտ 17 տոկոս: Հետաքրքիր է` կառավարությունում չե՞ն հասկանում սա: Իհարկե հասկանում են, պարզապես հերթական անգամ որոշել են խաբել մարդկանց:
Ի դեպ, կառավարությանը խորհուրդ կտանք եռամսյակային հաշվարկները մոնղոլական տուղրիկով իրականացնել: Մեկ էլ տեսար` ավելի փայլուն աճ արձանագրվեց:
Իշխանությունների ուղղորդման հետևա՞նք
«Սա խայտառակություն է: Ուրեմն` նրանք ծանոթ չեն մեր զեկույցներին ու գնահատակա՞ն են տալիս»,- «Առավոտի» հետ զրույցի ընթացքում այսպես արձագանքեց Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի և «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի հայտարարության մեջ Փաստահավաք խմբի գործունեության մասին բնորոշմանը:
Անդրանիկ Քոչարյանն այդ գնահատականն այսպես բացատրեց. «Այդ իրավապաշտպան կառույցներն, ըստ էության, ուղղորդվում են Հայաստանի իշխանությունների և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի կողմից, որոնց ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ էլ ամեն ինչ արվեց` փաստահավաք խմբի լուծարման համար»:
Իսպանիայում նույնպես գնահատվում է թուրք-իսպանական բարեկամությունը
«Ազգը» տեղեկացրել էր, որ իսպանական խորհրդարանը նույնպես քննարկելու է Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձև: Հիշեցնենք, որ այդ երկրի մաս կազմող Կատալոնիան արդեն ճանաչել է ցեղասպանությունը: Սակայն իսպանական ABC թերթը տեղեկացնում է, որ երկրի կառավարությունը շահագրգռված է, որ բանաձևը խորհրդարանում չանցնի. «Կառավարությունը շատ լավ գիտակցում է, որ բանաձևի ընդունումը կառաջացնի Թուրքիայի վրդովմունքը, որը ՆԱՏՕ-ում մեր կարևոր դաշնակիցներից է: Պատահական չէ, որ արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը արդեն խորհրդակցել է Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Խոսե Բոնոյի հետ` «հայկական նախաձեռնությունը» կասեցնելու համար»,- գրում է իսպանական թերթը:
Պարբերականը նաև մտահոգություն է հայտնել, որ թուրք-իսպանական հարաբերությունները, եթե ընդունվի բանաձևը, կհայտնվեն շվեդ-թուրքական և ամերիկա-թուրքական հարաբերությունների իրավիճակում: Ի դեպ, այս վիճակում էին նաև ֆրանս-թուրքական հարաբերությունները, սակայն Ֆրանսիան չվախեցավ այդ հեռանկարից` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, հիմա էլ ֆրանս-թուրքական հարաբերությունները բավական նորմալ են, ի դեպ, նույն ՆԱՏՕ-ի շրջանակներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել