HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վահրամ Աթանեսյան. «Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել իրական անվտանգության գոտին`զորքերի շփման գիծը»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցի` «երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը» ընդգծումը, ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով, պետք է դիտարկել ավելի վաղ` «Եվրանյուս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի ուժի չկիրառման մասին համաձայնություն ձեռք բերելու առաջարկի համատեքստում:

«Չպետք է նախագահ Սարգսյանի ասածը ընկալել այնպես, որ բանակցություններում Հայաստանը շահարկում է կամ առեւտրի առարկա է դարձնում ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրված տարածքները: Այսինքն` եթե խնդրին մոտենում ենք կարգավորման հայեցակարգը ընկալելու իմաստով, ապա կարգավորման բոլոր առաջարկությունները եւ ընդհանրապես ներկա իրավիճակը` բանակցային գործընթացը, հենվում են 1994 թվականի մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնության վրա, իսկ այդ համաձայնության հայեցակարգը այն է, որ պետք է հակամարտության զինված փուլի հետեւանքները վերացվեն»,-«Հետքին» ասել է Վահրամ Աթանեսյանը:

Նա միաժամանակ շարունակել է, որ միջազգային հանրությունը, միջնորդները նույնպես այս պահին, եւ առհասարակ բանակցային գործընթացի բոլոր տարիներին կարգավորումը տեսել եւ տեսնում են ղարաբաղյան հակամարտության զինված փուլի հետեւանքների եւ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի ճշգրտման, որոշարկման տեսանկյունից: Սերժ Սարգսյանի ասածը, ըստ նրա, պետք է ընդունել որպես այս հայեցակարգի հանդեպ Հայաստանի իշխանությունների պատրաստակամության դրսեւորում: Սերժ Սարգսյանի այն ընդգծումը, որ ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում եւ ոչ էլ շահագործվում է, ըստ Վահրամ Աթանեսյանի, ընդամենը իրավիճակի արձանագրում է:

«Եթե խոսքը վերաբերում է այն շրջաններին, որոնք արդեն վերաբնակեցված են եւ որոնք ԼՂՀ պետական համակարգի մեջ են, ապա դրանք չի կարելի համարել անվտանգության գոտի: Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանները բոլորովին անվտանգության գոտի չեն: Եւ աշխարհագրական առումով, եւ այս պահի դրությամբ իրենց ռազմական նշանակությամբ չի կարելի այդ շրջանները համարել անվտանգության գոտի: Կարծում եմ, նախագահ Սարգսյանը նկատի է ունեցել իրական անվտանգության գոտին, այսինքն` զորքերի շփման գիծը, որը իրոք չի վերաբնակեցվում եւ չի շահագործվում ԼՂՀ կողմից»,-հավելել է Վ.Աթանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter