
««Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը միանշանակ եղել է հստակ` ցանկացած փոխզիջում մենք պատրաստ ենք քննարկել այն դեպքում, երբ հստակ կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կունենա իր ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորություն»,- «Հետքի» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա երկու անգամ նշեց, որ ԲՀԿ-ի այս դիրքորոշումը չի հակասում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում արտահայտած դիրքորոշմանը:
«Այդ հարցազրույցում Հանրապետության նախագահը հստակ ասում է, որ առաջին հերթին պետք է լուծվի հակամարտության դրդապատճառը, իսկ դրդապատճառը ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, այսինքն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման խնդիրն է, որից հետո, այո, հնարավոր կլինի քննարկել ցանկացած փոխզիջում: Հասկանալի է, որ լուծումը ենթադրում է փոխզիջում, միակողմանի զիջում չի լինելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` այժմ վաղ է որեւէ փոխզիջում քննարկելը, մինչեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը ամբողջական լուծում չի ստացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել