HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորների էթիկայի հանձնաժողովի համար կասկածելի չի՞ եղել դատավորի հայտարարագրած 59 մլն դրամը

«Հետքի» հարցերին պատասխանում է Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ, Դատավորների էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Ավետիսյանը Ե՞րբ է ստեղծվել դատավորների էթիկայի հանձնաժողովը եւ ի՞նչ գործառույթներ է իրականացնում: 2007 թ. փետրվարի 21-ից, երբ դատական օրենսգիրքը մտավ ուժի մեջ, ստեղծվեց Դատավորների էթիկայի հանձնաժողովը: Այն քննարկում է դատավորների էթիկայի հետ կապված հարցեր եւ կայացնում է որոշումներ: Եթե դատավորի կողմից կատարված խախտումը լինի կոպիտ եւ պարբերական բնույթ կրի, Էթիկայի հանձնաժողովը կարող է որոշում կայացնել եւ այդ նյութերը հանձնել Կարգապահական հանձնաժողովին, որտեղ էլ կդրվի դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը: Էթիկայի հանձնաժողովին իրավունք ունեն դիմել բոլոր քաղաքացիները, ովքեր կարծում են, որ դատավորի գործունեության ընթացքում եւ դրսեւորած վարքագծի արդյունքում իրենց իրավունքները, օրինական շահերը խախտվել են: Առանձին դեպքերում քննարկման առարկա են դառնում նաեւ մամուլի հրապարակումները: Եթե միջինացված թվերով ասեմ, ամեն տարի հանձնաժողովում քննվում է դատավորի էթիկային վերաբերող 6-7 նյութ: Էթիկայի հանձնաժողովի վրա է դրված նաեւ դատավորների ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերը քննության առարկա դարձնելու հարցը: Երբեւէ դատավորի հայտարարագիրը քննարկման առարկա դարձե՞լ է հանձնաժողովում: Օրենսդիրը չի կարգավորում, թե նյութերը ստանալուց հետո դրանց հետ ինչ աշխատանք պիտի տարվի: Այս հարցում օրենսդրական որեւէ կարգավորում չունենք: Մեր պրակտիկան այն է, որ եթե ահազանգ ստանանք դատավորի ունեցվածքի վերաբերյալ, որ նա ճիշտ չի հայտարարագրել եւ այլն, մենք կարող ենք կոնկրետ դատավորի հարցը քննարկման առարկա դարձնել: Եթե հարցադրում չկա, ապա պրակտիկա չունենք, որ բոլորի ներկայացրած հաշվետվությունները քննարկման առարկա դարձնենք, կարծում եմ այդպես ճիշտ էլ չէ: Դատավորները, բացի մեզանից, հաշվետվություններ ներկայացնում են նաեւ հարկային մարմիններին, եւ հենց նրանք են պարտավոր ուսումնասիրություններ կատարել ներկայացված հաշվետվությունների ճշտության վերաբերյալ: Այ, եթե նրանք ուսումնասիրություններ կատարեն եւ դրանց վերաբերյալ մեզ ներկայացնեն նյութեր, որ ասենք կոնկրետ դատավորը խախտում է թույլ տվել, բնական է, որ այդ ժամանակ հանձնաժողովում քննարկման առարկա կդառնա կոնկրետ դատավորի հարցը: Եվ եթե հիմքերը լուրջ լինեն, ապա հարցը կարող է տեղափոխվել նաեւ արդարադատության խորհուրդ: Առ այսօր հարկային մարմինների կողմից դատավորի հետ կապված նման ահազանգ չենք ստացել: Մինչ օրս հաշվետվությունների հետ կապված դատավորներին պատասխանատվության ենթարկելու դեպք էլ չենք ունեցել: Բայց հայտարարագրեր ընդունող մարմինը` Պետեկամուտների կոմիտեն, նույնպես ստուգման մեխանիզմներ չունի եւ չեն կարող արձանագրել, թե դատավորը հայտարարագիրը ճի՞շտ է լրացրել, թե՞ ոչ: Դե ուրեմն, օրենսդրական կարգավորման խնդիր կա: Ուղղակի հիմա բոլորը բերում, իրենց հաշվետվությունները բարեխիղճ ներկայացնում են: Անցած տարի դատավորների աշխատավարձը գրեթե կրկնակի բարձրացվեց այն պատճառաբանությամբ, թե այդպիսով կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը: Բայց ինչքանո՞վ են կոռուպցիոն ռիսկերը նվազում, եթե ոչ մեկը չի ստուգում դատավորի ներկայացրած հայտարարագրի արժանահավատությունը: Մանավանդ, որ մի քանի դատավորներ զարմանալիորեն մեծ գումարներ են հայտարարագրել: Արդյո՞ք դա կոռուպցիոն վտանգ չի պարունակում: Եթե դատավորը հայտարարագրում գումար է նշել, միանշանակ հնարավոր չէ ասել, որ դա կոռուպցիոն ռիսկի հետեւանք է: Օրինակ` կարող է մեկը հող ունեցած լինի, այդ տարի նա հողը վաճառի, իր ավտոմեքենան վաճառի ու այդ գումարները հայտարարագրի, կամ էլ կարող է մինչեւ հայտարարագրելը իրենց տանը միջոցներ ունենա: Եթե շատերին հարցնեք, կասեն` մեր տատերից ու պապերից եկած գումարներ ունենք, կամ էլ երկար տարիներ աշխատել են ու տնտեսած գումարներ ունեն: Հիմա դա բերենք կապենք կոռուպցիոն ռիսկերի հետ, կարծում եմ ճիշտ չի լինի: Այնպես որ, յուրաքանչյուր հարց կոնկրետ ենթատեքստում պետք է քննարկվի: Եթե կոնկրետ փաստ կա, բերենք կապենք այդ հաշվետվության հետ` կարող ենք նման դատողություն անել, բայց ընդհանուր վերցրած` չենք կարող: Եթե յուրաքանչյուր դատավորի հարցնենք, կասի, թե հայտարարագրած գումարն իրեն որտեղից: Բայց կան դատավորներ, որ տարվա ընթացքում վաճառքի հետ կապված գործարքներ չեն կատարել, բայց շենք-շինություններ են գնել, հետն էլ մեծ գումարային եկամուտ են հայտարարագրել, նույնիսկ արտարժույթով, որը չէր կարող տատիկ-պապիկներից մնացած լինել: Բացի դա, հայտարարագրվում է միայն տարվա ընթացքում ձեռք բերված եկամուտը: Դրա համար եմ ասում, որ պետք է կոնկրետ վերցնենք, նայենք: Այ, եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ դատավորի հաշվետվությունը, մենք կարող ենք հայտարարագիրը նայել, դատավորին էլ հրավիրել, թող նա ասի, մենք էլ կորոշենք` ողջամտության սահմաններու՞մ է այդ բացատրությունը, թե՞ ոչ: Եթե նրա ասածը չբավարարի, արդեն կնշանակի, որ այստեղ ուրիշ խնդիրներ կան: Ես էլ եմ իմ աշխատավարձի մի մասը փոխում արտարժույթով: Ամեն ամիս որոշակի գումար փոխում եմ, որ գնամ հանգստանալու գումար ունենամ: Վճռաբեկ դատարանում հիմա դատավոր ունեք, որ հայտարարագրել է 53 000 դոլարից ավելի գումար, ինչպես նաեւ` մոտ 10 մլն դրամ: Մեկն էլ մոտ 59 մլն դրամ է հայտարարագրել: Կարծում եք, որ այդ գումարը դատավորի աշխատավա՞րձն է եղել, ու նա բիզնեսով չի զբաղվե՞լ: Դատավորը չի կարող բիզնես ունենալ, բայց կարող է տարածք ունենալ, այն վարձով տալ ու եկամուտներ ստանալ: Դա բիզնես չի, վարձով է տվել: Կարող է գիտական, մանկավարժական աշխատանքով զբաղվել ու վարձատրություն ստանալ: Օրինակ` ես մի քանի գրքերի հեղինակ եմ եւ դրանց համար վարձատրություն եմ ստացել: Դուք երբեւէ 53.000 դոլար վարձատրություն ստացե՞լ եք գիտական աշխատանքի ու հեղինակած գրքերի համար: Այդքան չէ, բայց ստացել եմ: Փաստորեն, ձեր ղեկավարած Էթիկայի հանձնաժողովը լուրջ ուշադրություն չի դարձնում դատավորների հայտարարագրերին: Եթե լուրջ մոտեցում լիներ, ապա գոնե մոտավոր պատկեր կունենայիք, թե որ դատավորների հայտարարագրում ներառված եկամուտներն են ողջամիտ եւ որինը` ոչ: Չէ՞ որ այդ գործառույթը հենց Էթիկայի հանձնաժողովին է վերապահված: Ձեզ սկզբունքն ասացի: Որպես կանոն, մենք դրանք չենք սկսում մանրամասել, ինչպես հարկային մարմինները, բայց եթե կոնկրետ դատավորի հետ կապված ահազանգ լինի, կարող ենք մանրամասնել: Հիմա դուք որպես լրագրող եթե խնդիր առաջադրեք կոնկրետ դատավորի հետ կապված, դա կհամարենք ահազանգ եւ կսկսենք ուսումնասիրել: Մյուս կողմից էլ, որպես Վճռաբեկ դատարան, բռնենք դատավորներին այդ ճնշմանը ենթարկենք, կարծում եմ ճիշտ չէ, որովհետեւ դատավորները ոչ միայն արտաքին, այլեւ ներքին անկախություն պիտի ունենան: Հենց այդ ներքին անկախության վրա կարող ենք մենք ազդել: Երեւի ճիշտն այն է, որ ահազանգերի դեպքում ստուգում անենք, կամ էլ մի արտառոց դեպք հայտնաբերենք, որ առաջին հայացքից արդեն կասկածելի լինի: Բայց սա լավ առիթ էր հայտարարագրերը ուսումնասիրելու համար: Լրատվամիջոցներն էլ այս առումով գործ ունեն անելու: Դուք մի քանի դատավորների վերաբերյալ ահազանգ ներկայացրիք, դա արդեն հիմք է ինձ համար, որ դատավորին հրավիրեմ եւ բացատրություն պահանջեմ: Եթե իմ նախաձեռնությամբ կանչեմ, այդքան էլ հասկանալի չի լինի, թե ինչու եմ հատկապես իրեն կանչել: Եթե լուրջ վերահսկողություն չպետք է լինի, այդ դեպքում ի՞նչ նպատակով են Էթիկայի հանձնաժողովին հայտարարագրերը քննարկելու լիազորություն տվել: Իմաստն այն է, որ դատավորը պատասխանատվություն է կրում դատական ատյանին ներկայացրած փաստաթղթի համար, եւ ամեն րոպե դա կարող է ուսումնասիրվել: Այ, եթե դուք հիմա խնդիր բարձրացնեք կոնկրետ դատավորի հետ կապված, դա արդեն կուսումնասիրվի: Դուք ասում եք, որ միայն ահազանգի դեպքում կարող է ստուգվել հայտարարագիրը: Արդյոք դա չի՞ բերի կամայական մոտեցումների եւ դիտվի որպես հաշվեհարդար կոնկրետ դատավորի նկատմամբ: Իհարկե, այստեղ լուրջ խնդիր կա: Հիմա փորձեր են արվում` ստեղծելու հատուկ մարմին, որին եւ կներկայացվեն հայտարարագրերը, նրանք կուսումնասիրեն եւ այլն: Այ, դա կարող է ճնշման միջոց դառնալ դատավորների անկախության հետ կապված: Դատավորներին այդ դաշտ տեղափոխելն անընդունելի ենք համարում: Դատավորների անկախության առումով ճիշտ կլինի, որ այդ գործառույթն իրականացնի հենց դատական մարմինը: Պետք է նաեւ կանոնակարգվի, թե ներկայացված հայտարարագիրը ինչ ընթացք պետք է ստանա, ինչպես պետք է ուսումնասիրվի եւ այլն: Մենք պետք է այս ճանապարհով գնանք, մեխանիզմներ ստեղծենք, որ դատարաններն իրենք այս գործառույթն իրականացնեն: Նույնիսկ այդ գործընթացին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլն: Բայց ոչ թե Կառավարությունը դատավորի գործունեությունը ստուգի, Կառավարությունն ամեն օր լիքը խնդիրներ ունի դատարանների հետ, որ օրը այդ խնդիրը չիրականացվեց, ուրեմն հաջորդ օրը այդ դատավորի ֆինանսական գործունեության ստուգում կնշանակվի: Այսպես մենք անկախ դատական համակարգ չենք ունենա, ինչպես նաեւ` իշխանությունների տարանջատման սկզբունք չենք ունենա: Հ.Գ. Հարցազրույցից հետո Դավիթ Ավետիսյանին ենք ներկայացրել մոտ մեկ տասնյակ դատավորների հայտարարագրեր, որոնցում հայտարարագրված դրամային եւ գյույքային եկամուտները բավականին մեծ են եւ կասկածի տեղիք են տալիս: Թեեւ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ պետք է այդ ուսումնասիրությունները կատարեր, այնուամենայնիվ, պարոն Ավետիսյանը խոստացավ, որ կքննարկվեն մեր թվարկած դատավորների հայտարարագրերը եւ այդ մասին «Հետքին» լրացուցիչ պարզաբանում կտրվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter