HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ՀՀ նախագահը հարցրե՞լ է Ղարաբաղի ժողովրդին

«Արդյո՞ք, ՀՀ նախագահը հարցրել է Ղարաբաղի ժողովրդին կամ իշխանություններին` նման տեսակետ ներկայացնելուց առաջ: Արդյո՞ք, սա ներկայացնում է Ղարաբաղի հանրության տեսակետը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տարիներով փորձ է արվում տարբեր խողովակներով, նույնիսկ ազդեցության միջոցներով արմատավորելու այն տեսակետը, որ ներկայացված է մադրիդյան սկզբունքների մեջ: Արդյո՞ք, այս ամենը արմատավորվում է Արցախի հանրության, ինչու չէ նաեւ իշխանությունների մոտ»,-այս հարցադրումներն է ներկայացրել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Հետքին» տված հարցազրույցում ` մեկնաբանելով ՀՀ նախագահի սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում հնչեցված` տարածքների հանձնման հետ կապված տեսակետը:

Նշված հարցերի պատասխանները, Դավիթ Իշխանյանի համոզմամբ, «ոչ» են: Ըստ նրա, Արցախի հանրության մոտ ստեղծված է այն տեսակետը, որ տարածքների հանձնումը կհանգեցնի Ղարաբաղի ամբողջական հայաթափման, ամբողջական Ղարաբաղի կորստի: Ղարաբաղի հարցը, Դ. Իշխանյանի կարծիքով, ոչ միայն Ղարաբաղի ժողովրդի, այլեւ համազգային, համահայկական խնդիր է, որին պետք է ցուցաբերվի համազգային մոտեցում:

Անդրադառնալով իրավաբանական կողմին` ՀՅԴ ներկայացուցիչը շարունակեց իր հարցադրումների շարքը. «Արդյո՞ք սա չի նշանակում ՀՀ կողմից  ոտնձգություն` Արցախի հանրապետության Սահմանադրության նկատմամբ կամ ուղղակի միջամտություն: Հենց այստեղ ի հայտ է գալիս ԼՂՀ եւ ՀՀ միջեւ համապատասխան գրավոր փաստաթուղթ ստորագրելու մասին տեսակետը, որի մասին խոսվում էր նաեւ տարիներ առաջ: Այդ փաստաթղթով ԼՂՀ-ն երաշխավորված կլինի` թե անվտանգության, թե մի խումբ հարցերի շրջանակի առումով, որոնք կապված են ԼՂ հիմնահարցի, բանակցությունների եւ ընդհանուր փաթեթի հետ»:

Խոսելով անվտանգության գոտու վերաբնակեցման հայտարարության մասին` Դավիթ Իշխանյանը շեշտեց, որ եթե Հայաստանի Հանրապետությունը ԼՂՀ տարածքում վերաբնակեցում չի իրականացնում` դա չի նշանակում է, որ Արցախում վերաբնակեցում չի կատարվում: «Եթե սա ՀՀ քաղաքականությունն է, ապա թույլ տվեք ասել, որ այլ է ԼՂՀ տեսակետը:  Այլ հարց է, թե ինչ տեմպերով եւ ինչ մոտեցումներով է իրականացվում այդ քաղաքականությունը»,- նշել է նա:

Ամփոփելով ասածը` ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ այսօրվա դրությամբ Ղարաբաղի իշխանությունների մոտ չկա այն տեսակետը, վարկածը, ինչպես ներկայացնում է ՀՀ-ն եւ մեկ անգամ չէ ԼՂՀ իշխանությունների եւ քաղաքական ուժերի կողմից այդ մասին ասվել` թե' ազատագրված տարածաների, թե' Սահմանադրության նկատմամբ ոտնձգությունների, թե' վերաբնակեցման քաղաքականության, եւ ընդհանրապես հիմնահարցի եւ դրանից բխող մեխանիզմների եւ տարբերակների մասով:

ՀՀ իշխանությունների նման մոտեցումները, ըստ Դավիթ Իշխանյանի, կարող են մեկ անգամ եւս համազգային պոռթկում առաջացնել, ինչպես եղավ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter