Հայաստանում տարածքը ցրտահարությունից պաշտպանող սարք է ստեղծվում
10-15 օրից նախատեսվում է Թալինում փորձարկել ցրտահարությունից պաշտպանող կայան, որը ստեղծվել է Հայաստանում «Վիասֆեր տեխնոպարկ» ընկերության տնօրեն Արամ Վարդանյանի նախաձեռնությամբ: Կայանի որոշ գործիքներ պատրաստելու է «Չինվան» գյուղտեխնիկայի արտադրական ձեռնարկությունը, որը հետագայում կարող է նաև սպասարկել ցրտահարության դեմ նախատեսված սարքը: Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսին ասաց «Չինվան» ձեռնարկության տնօրեն Սամվել Նաջարյանը:
«Կայանը շարժական է: Սայլակի վրա սարք է, 2 կողմից մտավորապես 1.500 աստիճանի տաքություն է փչում: Սարքն աշխատելու է ռեակտիվ շարժիչի հիման վրա: Ու պետք է, որ ինքը աշխատի, որովհետև գիտականորեն սա հիմնավորված է, հիմա փորձարկման խնդիրներն են մնում»,- ասաց Սամվել Նաջարյանը:
Նա նշեց, որ անցյալ տարի «Վիասֆեր տեպնոպարկ» ընկերության տնօրենը ցրտահարության դեմ նախատեսված սարք բերել էր Հոլանդիայից: Սարքն արժեցել էր
բավականին թանկ` մոտ 28-30 հզ. դոլար: Այն գիշերը 5-6 ժամ պտտվում է 5 հա տարածքի վրա, տաքացնում այդ տարածքը` կանխելով ցրտահարությունը:
Ցրտահարության դեմ նախապեսված սարքը, որը պետք է փորձարկվի Թալինում, ստեղծվում է Հոլանդիայից ներկրվածի նմանությամբ: Սամվել Նաջարյանի խոսքերով` այն հոլանդականից մի քանի անգամ էժան պետք է լինի: Բայց քանի որ սարքը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, «Չինվան» գյուղտեխնիկայի արտադրական ձեռնարկության տնօրենը չկարողացավ ասել դրա գինը:
«Մենք աշխատանքներ ենք անում: Այսօր մենք ցրտահարության հետ կապված կարող ենք գյուղացուն օգտակար լինել»,- նշեց Սամվել Նաջարյանը:
Արամ Վարդանյանը նաև նախագծել է հակակարկտային սարք: «Մինչ այդ հակակարկտային կայան Հայաստան բերվում էր Արգենտինայից, շատ թանկ էր: Ինքը արտադրեց տեղականը: 15 հզ դոլարով 100 հա տարածություն ապահովում է»,- ասաց մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Բագրատ Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել