«Անհրաժեշտ է նոր նախաձեռնությունների իրականացում` ուղղված ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սնեժանա Ստոյկովիչի գլխավորած պատվիրակությանը։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։
Տ. Սարգսյանը հանդիպումը որակել է կատարված աշխատանքներն ամփոփելու ու նոր ծրագրեր նախանշելու լավ հնարավորություն։ Կողմերն անհրաժեշտ են համարել նոր նախաձեռնությունների իրականացումը` ուղղված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարարության եւ տեսչական ոլորտներում բարեփոխումների իրականացման մանրամասներ, որոնք գործարարության մասով նախատեսում է նաեւ ՀՀ կառավարության գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը։ Վարչապետը կարեւորել է միջազգային առաջատար փորձի ներդրումը համապատասխան խորհրդատվության տրամադրման միջոցով։
Որպես փոխգործակցության առաջնային ուղղություն` Տիգրան Սարգսյանն առանձնացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնակցությունը բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորման, ինչպես նաեւ կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման, մասնավորապես, անկախ տնօրենների ինստիտուտի կայացման գործում։
Վարչապետը հեռանկարային է համարել Հայաստանում ձեւավորվող վենչուրային հիմնադրամներում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվումը` ընդգծելով մասնակցության ձեւերի մշակման անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ազատ տնտեսական գոտիների ստեղծման, Համահայկական բանկում մասնավոր կապիտալի լայն ներգրավման ու մի շարք այլ խնդիրների։
Փոխադարձաբար կարեւորվել է համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտների ներուժը բացահայտելու նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել